Ում կովն էլ բառաչեր, նրանցը պիտի լռեր

Ում կովն էլ բառաչեր, նրանցը պիտի լռեր

Խոսքը Լ.Տեր-Պետրոսյանի և Ռ. Քոչարյանի կովերի մասին է, որոնք համառորեն «բառաչում» են սահմանադրական բարեփոխումների «նոր» հայեցակարգի նախագծի քննարկումների կապակցությամբ:



 



 Գործող Սահմանադրության կնքահայրը Լ.Տեր-Պետրոսյանն է, վերակնքման «քավորը»` Ռ.Քոչարյանը: Ինչ անուն էլ տանք այդ Սահմանադրությանը`հրաշալի կամ խայտառակ, միևնույն է այն մի գրոշի արժեք չի ունեցել ՀՀ ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքում: Երկու հանրաքվեններն էլ «անցել» են կուլիսների ետևում: Պատահական չէ, որ երկուսն էլ հասարակության կողմից կնքվեցին ուրվականների հանրաքվե խայտառակ անվամբ: Յուրաքանչյուրը այն ձևեց իր «անձի վրա»`սահմանադրական բարձրագոչ համակարգով հաստատելով իրենց մենիշխանական լիազորությունները:



 



Հիմա էս մարդն էլ ուզում է վերաձևել իր «անձի վրա» , նկատի առնելով, որ «անձի» քաղաքական գաբարիտները կարող է փոխվեն չորս տարի հետո:



 



 Իրենց կարելի էր, երրորդին չ՞ի կարելի:



 



Ուղղակի խոսում են խոսելու համար`հիշեցնելով իրենց անցանկալի ներկայությունը, հենց իրենց կողմից թշվառության հասցված երկրում:



 



Պե՞տք էր մեզ Սահմանադրություն ունենալ: Բազում երկրներ այն չունեն և մարդավարի ապրում են: Այդ «մարդավարին» ինձ համար շատ վերապահումներ է պարունակում: Բուրժուական կարգերում ի՞նչ խոսք կարող է լինել մարդավարիության մասին: Բայց թե գրեթե ողջ աշխարհը ապրում է այդպիսի կարգերում հույժ «դեմոկրատական»: Ապրում է, թող ապրի, ես ի՞նչ կարող եմ անել:



 



Այո, մեզ Սահմանադրություն պետք էր,բայց ոչ երբեք այդպիսին: Չեմ ուզում խորանալ «անկախության» առաջին 3-4 տարիների մեջ, որոնք վերջնականապես կոտրեցին տնտեսապես հզոր, քաղաքականապես իրոք դեմոկրատական Հայաստանի ողնաշարը: Երկիրը որպես ավար բաժանվել էր մի քանի թայֆաների /կարդա` բանդա/ միջև:



 



Նրանցից մեկին պետք էր Սահմանադրորեն հաստատել իր քաղաքական և տնտեսական գերիշխանությունը մյուսների նկատմամբ և շարունակել` արդեն սահմանադրորեն, ունեզրկված և քաղաքականապես ստրկացված ժողովրդական զանգվածի վրա:



 



Բանդաները միացան, քրեական տարրերի աջակցությամբ միմյանց հետ լեզու գտան և ստեղծեցին միակուսակցական պետություն` բազմակուսակցական պետություն անվան տակ: Դուրս մնացին դժգոհ ու չբավարարվաժ «ջոկատներ», որոնք մոսկայի նման հաչում էին հաղթարշավով առաջ գնացող փղի վրա: Իսկ փղի չորս ոտքերն էլ չհաշված կնճիթը, ծառայում էին նույն նպատակին`իր հետագա անխափան «առաջընթացին»:



 



Եվ փիղը` կուսակցապետությունը, հաջողությամբ հասել է այսօրվա հանգրվանին, հեշտությամբ հաղթահարելով դժգոհների հաչոցներն ու թեթևակի կծոցները/ատամ չունեն/, տրորելով սեփական ժողովրդին: Փղի անունը կարող է փոխվել, բայց դա էական չէ:



 



Հիմա կուսակցապետը կարող է վտանգներ է տեսնում իր անձնական առաջընթացի ճանապարհին և սահմանադրական բարեփոխումների միջոցով ուզում է ապահովագրել իր ծերությունն ու իր սերնդի ապագան: Զուտ անձնական խնդիր է լուծում, համոզված լինելով, որ աղքատության եզրին հասած և օրօրի նոսրացող ժողովրդից ոչ մի վտանգ չկա, բայց կարող է խոչընդոտներ հարուցվեն «վերևներում»:



 



Պարզամիտ, գաղափարազուրկ, անհենակ ուժերն էլ, որոնք,չգիտես ինչու, իրենց քաղաքական են կոչում, խառնվել են իրար`քննարկեն,չքննարկեն,ճգնաժամ կա, թե չկա: «Ջաղացը կորցրած, չախչախ են ման գալիս»:



 



Ճգնաժամ ոչ թե չկա, այլ «աչքդ է հանում», համընդհանուր է և համապարփակ: Կորցված է և պետությունը, և երկիրը, և ազգը, առջևում համազգային կործանման վիհն է: Մնում են «մի բուռ» հարուստներ և գերհարուստներ, որոնք ուզում են շարունակել իրենց թալանը, չտեսնելով, որ այլևս թալանելու բան չի մնացել:



 



Սահմանադրությունը ոչ թե վերափոխել է պետք, այլ պետք է ընդհանրապես դեն նետել այդ թղթի կտորը, որը շուրջ 20 տարի իրավական «սահմանադրական» հիմք ծառայեց Հայաստանի քաղաքացու վերջնական ստրկացման, բարոյական, հոգևոր, գաղափարական, մասամբ էլ ֆիզիկական ոչնչացման ճանապարհին:



 



Նոր սահմանադրություն է պետք, «անջուր» Սահմանադրություն, որը իրական դեմոկրատիա կտա ժողովրդին, իրական «երաշխավորված» իրավունքներ  և ազատություններ և,վերջապես, իրական ժողովրդական պետություն`ժողովրդի ծոցից ելած, ժողովրդի հոգսերն հոգացող, գողի, ավազակի, բռնացողի ճամփան փակող պետություն, այլ ոչ թե մի օկուպացիոն/բառի ամենալայն իմաստով/ ռեժիմի շահերն ապահովող ուժային խունտա`դարձյալ բառի բացարձակ իմաստով:



Չե՞նք տեսնում`աշխարհի մեծ մասում հաստատվել է կուսակցապետական խունտա`հարուստների, հզորների`կուսակցություն կոչվող, քաղաքական-անբարոյական խմբավորումներ, որոնք այլ` թույլ պետությունների ու նրանց ժողովուրդների արյան հաշվին միլիոններ են դիզում, մի կերպ փակում իրենց աշխատավոր-ստրուկների բերմանը, մանկուրտացնելով ամբողջ ժողովրդներ, ապահովելով նրանց համար<>,միջազգային և տեղական մասշտաբների շոուներ, աշխարհը հասցրել են բարոյական, հոգևոր, մշակութային կործանման եզրին: Եվ դրա անունը դրել են դեմոկրատիա,որը`դեռևս անսասան է պահում ազգային և միջազգային իմպերիալիզմի քաղաքական ու տնտեսական հիմքերը, և ինչը որպես համաճարակ արտահանվում է հետսովետական և այլ երկրներ, և որտեղ խոչընդոտներ են առաջանում, արյուն է հեղվում անխնա կերպով: Վկա`Մերձավոր Արևելքը և Ուկրաինան:



Հայաստանը վերից վար հասցվել է մանկուրտային մակարդակի: Ով` ինչ ուզում  է փորձարկում է Հայաստանի վրա, իսկ մեր իշխանությունները գլուխները կախ, ստրկամտորեն ի կատար են ածում օտարի թելադրանքները, գրոշի տեղ չդնելով սեփական ժողովրդի ձայնը:



 



Հիմա, մեկի թելադրանքով սահմանադրական բարեփոխումների «նոր հայեցակարգի» նախագիծ է դրվել քննարկման, ինչը նշանակում է, որ այդ «մեկին», լինի ներսից, թե դրսից, դա շտապ պետք է:



 



Իսկ դա առաջին հերթին նշանակում է «շունը տանել»/Հ.Թ./, այսինքն շեղել երկրի /հոտի/ տիրոջ ուշադրությունը:



 



 Ժամանակն է, որ երկրի պահապանը «ժողովուրդը» և «շուն տանող» գելի գլուխը ջարդի, և մնացած ոհմակի, որը սպասում է պահպանության թուլացմանը:



 



  Ի՞նչ Սահմանադրություն, ի՞նչ բարեփոխում,ի՞նչ պառլամենտական կառավարում, ի՞նչ համամասնական զահրումար:



Դրանց բոլորի համը տեսել ենք, բերաններս վառվել են մինչև ըմպանը: Էլ տեղ չկա: Պետք է թոթափել պետություն կոչվածծ այս բուտաֆորիան, իսկ իրականում այս թալանչիական, խմբապետական ռեժիմը, որը նստած է Նժդեհի խմբապետական հենքի վրա:



Այս վերջին միտքը մանրազննին պատմական վերլուծություն է պահանջում, որը, առայժմ, իմ նպատակներից դուրս է:



Անցնեմ նախկին նախագահների «բառաչների» վերլուծությանը: իրենց ստեղծած և «կատարելագործած» համակարգը պիտի անսասան մնա, որը հետագայում /ո՞վ իմանա/ կարող է պետք գալ իրենց ժառանգական և քաղաքական «ճտերին»: Իբր այս հանձնաժողովը սասանեց, իրենք էլ «թիթիզավարի» խառնվել են իրար:



Սույն հանձնաժողովը`իր ամբողջ կազմով սահմանադրական մի ընկույզի կճեպ չարժե:



Դրանք սահմանադրագիտությունից այնքան են հասկանում, որքան այծը`աֆիշից: Համակարգի հարազատ զավակներն են, իսկ ժողովրդի անառակ զավակները, և հանձնարարություն են ստացել`«շունը տանել», և կատարում են հանձնարարողի «վերին» կամքը: եվ այնքան տկար են գաղափարապես, քաղաքականապես և իրավապես, որ չեն հասկանում, թե ինչ կարող է դուրս գալ. շունը տանելու իրենց գայլային մանևրով արթնացնում ու զգաստացնում են երկրի պահապաններին`ժողովրդին:



Ինչ վերաբերվում է Լ.Տեր-Պետրոսյանի կոչին, թե հանրաքվեն պետք է վերածել համաժողովրդական համազգային ընդվզումի, ապա նշեմ, որ ինքը լավ գիտե այդ «ընդվզումների» արժեքը, ինչը իր և նման քաղաքական գործիչների համար հավասար է ջրնետ մեքենաների, հեղձուցիչ գազի, ծանրագույն դեպքում տասնյակ մարդկանց արյան:



Նման ընդվզումներ 96-ին չե՞նք տեսել, 2003-ին,2004-ին,թե՞ 2008-ին ու 2012-ին: Ի՞նչ ստացավ ժողովուրդը բացի հուսախափությունից, հուսալքումից ու վաթանալքումից: Քա՞նի անգամ կարելի է կրկնել այդպիսի անգաղափար խեղկատակությունները, օգտագործելով ժողովրդի ոգին ու արյանը` հանուն անձնական իշխանատենչ նպատակների:



Սխալվել կարելի է, բայց ոչ անընդհատ:



Ընտրական խայտառակ, հակաժողովրդական համակարգի մասին`հաջորդիվ:



 



 



Պետրոս Ոսկանյան հատուկ« Հրապարակի » համար