Վերակառուցվում է Գլխավոր պողոտայի միջև ընկած այգին

Վերակառուցվում է Գլխավոր պողոտայի միջև ընկած այգին

Երևանի քաղաքապետարանի այգիների և պուրակների վերակառուցման ու նորերի կառուցման 2014թ.-ի ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բարեկարգ զբոսայգիների թիվը կավելանա ևս 10-ով՝ շուրջ 25 հեկտարով ավելացնելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ծավալը: Այդ համատեքստում այս տարի  ամբողջովին կբարեկարգվի նաև Երևանի Գլխավոր պողոտայի`  Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած տարածքը:



 



Նախորդ դարի 70-ական թվականներին կառուցված այգին անխնամ և բարձիթողի վիճակում է եղել տասնամյակներ շարունակ: Տեխնիկական անբավարար վիճակով պայմանավորված՝ տարածքում չեն շահագործվել նաև ջրավազանները, ջրամատակարարման, ջրահեռացման  ու ոռոգման համակարգերը: Տվյալ տարածքում ներկայումս մեկնարկել են շինբարեկարգման լայնածավալ աշխատանքները: Զբոսայգու վերակառուցման ծրագրի արդյունքում ամբողջությամբ կվերականգնվի հանգստի գոտու նպատակային նշանակությունը և այն լիովին կծառայի երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին: Գլխավոր պողոտայի այս հատվածի բարեկարգման նախագծային առաջարկը ներառում է նույն հատվածի ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ առաջարկվող կանաչ զանգվածի և գազոնների, մայթերի և սալահատակների բարեկարգումն ու արդիականացումը։



 



Նախատեսվում է նաև արդեն քայքայված և երկար ժամանակ չգործող ջրավազաններն ու շատրվանները փոխարինել ժամանակակից ջրային և լանդշաֆտային տարրերով ու շատրվաններով։ Պողոտայի նշված հատվածում տեղ կգտնեն նաև ճարտարապետական և լանդշաֆտային փոքր ձևեր և ծավալներ։ Տարածքի վերակառուցումը ենթադրում է այգու կանաչ գոտու առկա ծառատեսակների և  թփերի քանակական առավելագույն պահպանություն և ավելացում։ Հանգստի գոտին կապահովվի ոռոգման համապատասխան ցանցով, կհամալրվի նոր ծառատեսակներով և դեկորատիվ թփերով։ Այգու ամբողջ միջավայրը հարմարեցված և մատչելի  է լինելու նաև բնակչության սակավաշարժ խմբերի համար։ 



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության



և հասարակայնության հետ կապերի վարչություն