«Արցախֆոն». Արցախում նոր հեռախոսներ կարտադրեն

«Արցախֆոն». Արցախում նոր հեռախոսներ կարտադրեն

Օրերս Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն ընդունել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը՝ նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ Կառավարության մամուլի ծառայությունից: 

Իր խոսքում կառավարության ղեկավարը ողջունել է պատվիրակության այցը Արցախ և երախտագիտություն հայտնել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հետ նրանց սերտ համագործակցության համար: 

Ա. Հարությունյանը կարևորել է պարբերական շփումները երկու հանձնաժողովների միջև՝ աշխատանքների արդյունավետ համակարգման և մասնագիտական վերապատրաստման համատեքստում:

Վարչապետը հետաքրքրվել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի հավանական բարձրացումից և հետագա միտումներից: Նա նշել է, որ կախված սակագներից՝ կարող են համապատասխան փոփոխություններ լինել Արցախի էներգետիկ ներքին ռեսուրսների շահագործման մոտեցումներում:

Ռ. Նազարյանը, ընդգծելով երկու հանձնաժողովների միջև համագործակցության բարձր մակարդակը, շեշտադրել է դրա խորացման ուղղությամբ առկա իրենց պատրաստակամությունը:

Վերջում վարչապետ Արա Հարությունյանը հյուրերին է ներկայացրել «Արցախֆոնի» առաջին նմուշը, որն իրեն է նվիրել «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Շաքարյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ աշխատանքներ են տարվում Արցախում այդ հեռախոսի արտադրությունը սկսելու ուղղությամբ: