Հալաբյանում կորած արջի «նյարդերը լարված են»

Հալաբյանում կորած արջի «նյարդերը լարված են»

Հալաբյան փողոցում հայտնաբերված արջը այս պահին գտնվում է Կենդանաբանական այգում։ Ինչպես Կենդանաբանական այգու մամուլի բաժնից Կարինե Մուրադյանը տեղեկացրեց, արջի մոտ ոչ մեկին թույլ չեն տալիս։ «Միայն արջին խնամող անձնավորությունը իրավունք ունի նրա մոտ գտնվելու, քանի որ արջը դեռևս սթրեսային իրավիճակում է գտնվում»,-ասաց Մուրադյանը՝ նշելով, որ տեղի ունեցած դեպքից հետո արջի «նյարդերը լարված են»։ Մուրադյանը տեղեկացրեց, որ լարվածությունը առաջացել է այն բանից, երբ դեպքի օրը քաղաքացիները տեսախցիկներով նկարել են։ «Տեսախցիկների ճառագայթները, մարդկանց ագրեսիվ տրամադրվածությունը, 1.5 տարտեկան արջի մոտ իր հետքը թողել է, միայն կենդանու առողջական վիճակից ելնելով նրա մոտ այցելելը, առավել ևս նկարահանելը արգելված է »,-ասաց Մուրադյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 26-ին՝ ժամը  23.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում՝ «Սպիտակ կենտրոն» լողավազանի մոտակայքում, նկատվել է արջ։



 



Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վնասազերծել են արջին, իսկ դեպքի վայր ժամանած կենդանաբանական այգու աշխատակիցները կենդանուն տեղափոխել են անվտանգ տարածք: Իսկ մենք տեղեկացրել էինք, որ արջի տերը գործարար, բիզնեսմեն, Սպիտակի նախկին քաղաքապետ Նորայր Մուրադյանն է։