Հիմա ի՞նչ, մենք այլևս ռադիո չե՞նք լսելու

Հիմա ի՞նչ, մենք այլևս ռադիո չե՞նք լսելու

«Հեռուստացույց չունեմ, միայն ռադիոյի միջոցով էի կարողանում ինֆորմացիա ստանալ, այն էլ մեկ շաբաթից ավել է՝ ռադիոն չի խոսում, հավերժ լռել է»,-ասում է Հանրային ռադիոյի լարային ցանցի մշտական լսողներից մեկը՝ պարոն Ռուբիկը։ Խորհրդային տարիներից դեռեւս գործող «պատի ռադիո»-ն այլեւս չի աշխատելու։ Հունիսի 1-ից դադարեցվել է լարային ռադիոցանցի հեռարձակումը, որով հեռարձակվում էին Հանրային ռադիոյի հաղորդումները։ Լարային ռադիոյի հեռարձակումն ապահովում էր «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը։ Ռադիոլսող քաղաքացին մտահոգված է. «Ինֆորմացիան ստանում էի ռադիոյի միջոցով, մշակութային հաղորդումներ էի լսում, հետեւում էի լրահոսին եւ վերջապես՝ Ազգային ժողովի նիստերն ուղիղ հեռարձակումով լսում էի ու պատկերացում կազմում էս երկրի մասին»։



 



Քաղաքացիները լարային ռադիոյի համար վճարում էին ամսական 200 դրամ, իսկ իրավաբանական անձինք՝ 400-600 դրամ: Լարային ռադիոյի հեռարձակումը դադարեցվել է, քանի որ ընկերությունը վնասով է աշխատում եւ ցանցը վերազինելու-վերանորոգելու հնարավորություն չունի:



 



«Հիմա ի՞նչ՝ մենք այլեւս ռադիո չե՞նք լսելու, մեզ ի՞նչ են առաջարկում, գնել հեռախոսներ  ու ինչ-որ նաուշնիկներո՞վ լսել, մենք համաձայն չենք։ Մի բան էր մեզ՝ ծերունիներիս հոգեհարազատ մնացել, դա էլ վերացրին»,-ասաց ջղայնացած քաղաքացին։ 



 



Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ լարային ռադիոցանցի տնօրինությունը բազմիցս հայտարարությունով հանդես է եկել, որ ֆինանսական խնդիրների պատճառով հնարավոր է այլեւս չգործեն։ «Մեր միջեւ եղավ խոսակցություն  (նկատի ունի ՀՀՌՑ ՓԲԸ-ի հետ), որ իրենք ֆինանսապես չեն կարողանում եւ գտնում են, որ Հանրային ռադիոն պետք է պայմանագիր կնքի իրենց հետ եւ վճարի սպասարկման համար՝ 500-600 հազար դրամ, բայց  բյուջետային որեւէ ազատ տող չունի, որպեսզի կարողանա նման հարց լուծել։ Այնուամենայնիվ, փորձեցինք ինչ-որ միջանկյալ լուծումներ գտնել։ Պայմանավորվեցինք, որ 3 միլիոն դրամ կտրամադրենք, ամբողջ տարվա ծախսերը հոգալու համար, մինչեւ հարցը վերին ատյաններում կքննարկենք եւ վերջնական որոշում կկայացնենք։ Այդ պայմանավորվածությունից հետո, արդեն մայիսի վերջին, նամակ ստացանք, որ հունիսի 1-ից անջատելու են, եւ իրենց պայմանավորվածությունները չեղյալ են համարում»,-պատմեց Ամիրյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ Հանրային ռադիոն պայմանագիր չի ունեցել լարային ցանցով հեռարձակվելու համար։ «Եթե հեռարձակողը նման խնդիր է բարձրացնում, պետք է հաշվի առնվեր բյուջետային տարին: Այսինքն` համապատասխան տարվա համար հայտ ներկայացներ, ստանար ֆինանսավորում, եւ հետո միայն փոխվեին իրավահարաբերությունները»,- պարզաբանեց Ամիրյանը:  Ռադիոյի գործադիր տնօրենը ցավով նշում է, որ ռադիոյի բաժանորդների թիվը նվազել է՝ հասնելով 2 հազար 500-ի, իսկ փետրվարին 7 հազար էին. «Բաժանորդների թիվն էլ է նվազել, բայց պետք է հաշվի առնեինք, որ նրանք մեր ամենահավատարիմ ունկնդրողներին էին,  բայց ոչինչ չես կարող ասել այն կազմակերպությանը, որը սպասարկում է։ Իրենք գիտեն իրենց տնտեսական շահը, այնուամենայնիվ, ռադիոցանցը ոչ միայն պետք է պահպանել, այլ նաեւ ներդրումներ անել, որպեսզի այդ ցանցը մեծանա»։



 



Աննա  ՄԱԹԵՎՈՍՅԱՆ