ՏԻՄ ընտրությունները՝ հին խոստումներով
Հունիսի 8-ին Արագածոտնի մարզի 6 համայնքում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Ապարանի տարածաշրջանի Արագած համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններն արտահերթ էին, իսկ Նիգավանում, Դավթաշենում, Դպրեվանքում, Անտառուտում եւ Նոր Արթիկում՝ հերթական:
Բոլոր համայնքներում էլ ընտրությունները կայացան, եւ համայնքների ղեկավարներ ընտրվեցին ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուները: Անտառուտում, Նիգավանում եւ Դպրեվանքում գրանցված էին համայնքի ղեկավարի մեկ, Արագածում եւ Դավթաշենում՝ երկու, իսկ Նոր Արթիկում՝ երեք թեկնածու: Հատկանշական է, որ Նոր Արթիկում պայքարն ընթանում էր ԲՀԿ թեկնածու Վարդգես Ներսիսյանի եւ ՀՀԿ թեկնածու Թաթուլ Գրիգորյանի միջեւ: Ընտրությանը նախորդող ուրբաթ օրը՝ հունիսի 6-ին, ԲՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ պատգամավորական 5 հոգանոց խումբ էր գործուղել 410 ընտրող ունեցող Նոր Արթիկ համայնք, որպեսզի սատարեին իրենց թեկնածուին: «Մեր խոսքը գործ է» կարգախոսի լույսի ներքո Նաիրա Զոհրաբյանը հարազատ կուսակցության եւ առաջնորդի անունից նորարթիկցիներին խոստացավ իրենց թեկնածուի եւ ընտրվելու, եւ չընտրվելու դեպքում վերանորոգել գյուղ մտնող 7 կիլոմետր երկարություն ունեցող ասֆալտը, խմելու ջրագիծը եւ համայնքին տրակտոր նվիրաբերել: Ճիշտ է, ԲՀԿ թեկնածուն չընտրվեց, սակայն գյուղացիները մեկ հավատում, մեկ չեն հավատում պատգամավորի խոստումներին:
Հավատում են, որովհետեւ մարդը բարձրացել է ամբիոն եւ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունից խոստումներ տվել: Չեն հավատում, քանզի 2 տարի առաջ դարձյալ համայնքապետերի ընտրության ժամանակ Թալին քաղաքում ԲՀԿ գրասենյակի դեմ հայտնված տրակտորը ԲՀԿ պարտված թեկնածու Վազգեն Խաչատրյանի հետ անհետացավ Թալին քաղաքից: Իսկ Նաիրա Զոհրաբյանը արթիկյան հանդիպման ժամանակ նշել է, որ 2017-2018թթ. համապետական ընտրությունների խաղաղ եւ պայծառ առավոտները պայմանավորված են թալինյան այս հեռավոր եւ փոքր գյուղի խաղաղ առավոտներով:
Դեռեւս առավոտները խաղաղ են, իսկ մարդիկ հույսը չեն կորցրել. սպասում են տված խոստումների կատարմանը:
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարծիքներ