Օրվա հիշատակարան. ցինիզմի առասպելը

Օրվա հիշատակարան. ցինիզմի առասպելը

Միակ բանը, որ մնում է մեզ` դա արժանապատիվ մահանալ սովորելն է:



 



Անդրեյ Տարկովսկի



 



Ցինիզմի մասին գիտական աշխատությունները, տատանումները, կասկածները, միտքը, որ մեռնելիս քեզ չեն հեգնի, որ գրեթե միշտ ուրիշներին առնչվող մահը չի դառնա քո կյանքի հուշը, չի ապրի գոյությունից անկախ, մեկուսացված, բայցեւ  խիստ արդիական, դեռեւս խիստ կարեւոր… Ցինիզմն իշխանության ուղենիշն է, ճանապարհորդակիցը: Այսօր ցինիզմն ապրում է, վայելում Հայաստանի իշխանություններին, վերարժեւորում է, գնահատում նրա ապարդյուն կյանքը… Դրա մեջ մարդկային, հասարակական քաղաքական փոխհարաբերությունները տեղ չունեն: Ձեւափոխության համար գուցե հարկավոր՝ հեղափոխության մեջ մի քանի հեղափոխություն, եւ հեղափոխությունն ինքն իր վրա ձեռք բարձրացնելու կարելիություն՝ առանց ատելության, առանց ներողամտության: «Մաքառել ամեն օր, բայց առանց հույսի» (Ալբեր Քամյու. Նոթատետրեր):



 



Մաքառել ու մեռնել՝ չտեսնելով, չգիտակցելով օրերի արարողակարգը, սպասվող փոփոխությունը: Սերժ Սարգսյանի հայացքն իր ղեկավարած երկրին՝ մահվան անշարժությունն է: Ցինիզմի մեջ նստած մահն այլեւս տարածություն չունի, տեսադաշտ չունի, ինչ էլ կա՝ մարդկային կյանքից անդին է: Նախագահի կյանքը մահացել է: Նա ոչ պատկանում է ժողովրդին, ոչ արեւմուտքին, ոչ արեւելքին, ոչ ինքն իրեն: Նրա ներսի ունակը, որ դեռ կարող է ղեկավարել, քննարկել, վերլուծել, հագնվել, ուտել, զգալ՝ դա քարացած մահն է, հուսահատությունից շատ առաջ, թեւաթափ եղած Սիզիփոսը:



 



«Հենց այս վերադարձի, դադարի պահին է Սիզիփոսը հետաքրքրում ինձ։ Քար հրելուց պրկված դեմքը քարացել է արդեն։ Ես տեսնում եմ, թե ինչպես է այդ մարդը ծանր, հավասար քայլերով վերադառնում դեպի իր տառապանքը, որը վերջ չունի։ Ահա այդ՝ թեթեւացած շունչ քաշելու պահը, որը կրկնվելու է, ինչպես իր տառապանքը, ինքնագիտակցության պահն է։ Լեռան գագաթից աստվածների բնակատեղին իջնելու յուրաքանչյուր ակնթարթին նա վեր է բարձրանում իր ճակատագրից։ Նա իր ժայռից ավելի կարծր է։ Եթե այս առասպելը ողբերգական է, ապա միայն այն պատճառով, որ հերոսը խելամիտ է։ Իրոք, ինչ իմաստ կունենար նրա պատիժը, եթե հաջողության հույսից ամեն քայլին գոտեպնդվեր։ Մեր օրերի բանվորը ողջ կյանքում աշխատում է նման լարվածությամբ, եւ նրա ճակատագիրը նվազ աբսուրդ չէ։ Բայց ողբերգական է դառնում միայն այն պահերին, երբ ինքը գիտակցում է դա։ Սիզիփոսը՝ անզոր ու ըմբոստ, աստվածների պրոլետարը, գիտի իր ծանր վիճակի անելանելիությունը. այդ մասին է նա մտածում ցած իջնելիս։ Ողջամտությունը, որ նրան պիտի տառապանք պատճառեր, հաղթանակի է վերափոխվում։ Չկա այնպիսի ճակատագիր, որը հնարավոր չլինի հաղթահարել արհամարհանքով» (Ալբեր Քամյու. Սիզիփոսի առասպելը):



 



Եվ ո՞րն է Ս. Սարգսյանի իշխանության ցինիզմի առասպելը, ընդհանրապես որտե՞ղ է նախագահը: Այսօր ո՞վ կարող է մատնանշել նրա տեղը կամ համոզմունք ունենալ, որ խոսողը մահը չէ, որ խոսողը գիտակցում է իր ծանր վիճակի անելանելիությունը, ո՞վ կհավատա, որ իր աշխատասենյակի պատերից այն կողմ նախագահը գոյություն ունի: Բացի ցինիզմից՝ ոչ ոք:



 



Արամ ՊԱՉՅԱՆ