Ընկերություն, քաղաքականություն, աջաբսանդալ. հարցում

Ընկերություն, քաղաքականություն, աջաբսանդալ. հարցում

Երեկ Ընկերության միջազգային օրն էր։ Փորձեցինք պատահական անցորդներից պարզել՝ ընկերներ շա՞տ ունեն եւ արդյո՞ք վստահում են նրանց։ «Շատ ընկերներ ունեմ, բայց չեմ վստահում նրանց»,- այսպիսի պատասխան տվեց 50 հարցվածներից 35-ը։ 7 հոգի պատասխանեցին, որ ոչ ընկերներ ունեն, ոչ էլ վստահում են որեւէ մեկին, իսկ 8 պատահական անցորդներ եւ շատ ընկերներ ունեն, եւ անխտիր վստահում են բոլորին։ Հետաքրքիր մի փաստ. հարցիս առավել անվստահությամբ էին վերաբերվում տղամարդիկ, որոնք սովորաբար գլուխ են գովում, թե «տղամարդկային ընկերությունն ուրիշ է»: «Ինչի՞ եք հարցնում»,- տարակուսում էին նրանք։ Իսկ կանայք ավելի ազատ էին խոսում։ Ի դեպ, ամենաշատ ընկերներ ունեցողներն ու անխտիր բոլորին վստահողները միայն կանայք էին։ Երեւի տղամարդիկ վստահելու հետ սեր չունեն։



«Ընդամենը 3 իսկական ընկեր ունեմ։ Իսկ ընդհանրապես աշխատում եմ վստահել բոլորին». ժպտադեմ աղջիկ



«Ես ընդհանրապես ոչ մեկին չեմ վստահում։ Ընկերներ էլ, հա, ունեմ, բայց դե…». վերելակում հանդիպած տղամարդ



«Այնքան եմ վստահել, բայց պարզվել ա՝ սուտ մարդիկ են։ Բայց, մեկ ա, ով չի վստահում ուրիշներին, չի վստահում ինքն իրեն». սեւ երկար մազերով աղջիկ



«Շատ ընգերնե՞ր, դե ո՞նց ասեմ: Հա, լիքն են, շատ ընգերներ ունեմ, բայց վստահել, չգիտեմ, երեւի քիչ են». անչափահաս տղա, որի կողքին կանգնած էր ընկերը



«Ո՞ւմ վստահեմ, այ բալա ջան: Պետությա՞նը, թե՞ էս աջաբսանդալին, որ իրան Ազգային ժողով է կոչում». միջին տարիքի տղամարդ: Երեւի չլսեց, որ ես ընկերների մասին էի հարցնում, ոչ թե քաղաքականության:



Շատ հետաքրքիր են մեր հայերը: Ոչ միայն ընկերներին չեն վստահում, այլեւ բոլորին, այդ թվում՝ լրագրողներին: Մոտենում ես, բարեհամբույր հարց ես տալիս, միանգամից կասկածանքի ու հարցերի մեծ տարափ է թափում գլխիդ. «Ինչո՞ւ եք հարցնում: Էս, ինչ որ ասում եմ, տպելո՞ւ եք: Իսկ իմ անուն-ազգանունը գրելո՞ւ եք»:



Վստահության մասին հրապարակում նստած մի պապիկ էլ ասաց. «Մլիցա ազգ են, ազիզ ջան: Սովետից էլ էդ մնաց. մարդիկ զանգում էին, իրար վրա գործ էին գրում… տենց էլ պտի լիներ»:



 



Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ