«Դեպի ապահով Հայաստանը» Աֆրիկյանների տան փլատակներն են

«Դեպի ապահով Հայաստանը» Աֆրիկյանների տան փլատակներն են

Մի խումբ ակտիվիստներ, ովքեր դեմ են Աֆրիկյանների տան ապամոնտաժմանը եւ հետեւողականորեն պայքարում են դրա դեմ, նախօրեի երեկոյան բերման էին ենթարկվել ոստիկանություն: Նրանք ամեն օր յուրօրինակ բողոքի ակցիաներ են իրականացնում: Oրեր առաջ լվացք էին փռել, որ չորանա. լվացքը որպես շենքի կենդանության՝ ապրելու, շնչելու խորհրդանիշ: Ակտիվիստների մի խումբ ապամոնտաժել էր մետաղյա ցանկապատերը, որոնցով շրջապատված է շենքը, իսկ երկրորդ խումբը զբաղվել էր քարերի համարակալումը ջնջելով։ Քարերը համարակալվել էին, որպեսզի քանդվելուց հետո, իբրեւ, շենքը կարողանան մեկ ուրիշ վայրում վերականգնել:



 



Սակայն ակցիայի ընթացքում հրմշտոց է սկսվել ոստիկանության եւ ակտիվիստների միջեւ: Երիտասարդներից մեկը բերման է ենթարկվել դեպքի վայրից, եւս 9 հոգի բռնի ուժով ոստիկանության բաժանմունք են տեղափոխվել  հենց բաժանմունքի առջեւից: Ավելի ուշ պարզ դարձավ, որ նախապատրաստվում են նյութեր ՔՕ 185 հոդվածի (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնել կամ վնասել) հատկանիշներով։ Քրեական գործ մինչ օրս չի հարուցվել։ «Բերման ենթարկելու հիմնական պատճառն այն է եղել, որ մենք ուրիշի գույքն ենք փչացրել: Իսկ ո՞վ է նրանց բերման ենթարկելու, որ Աֆրիկյանների տունն առանց պատճառի քանդում են: Մենք մաքրում էինք համարակալված թվերը, իսկ նրանց թվում էր, թե շենքն ենք քանդում»,-ասաց բերման ենթարկված ակտիվիստներից Դվին Իսանյանսը՝ տեղեկացնելով, որ բերման ենթարկված ակտիվիստների մոտից առգրավվել են բոլոր իրերը, որ իրենց մոտ եղել են, բայց մինչեւ հիմա ոստիկանությունից որեւէ լուր չկա, միայն տեղեկացնում են, որ նախաքննություն է գնում:  Բերման ենթարկվածների թվում է այդ օրը որեւէ բողոքի ակցիայի չմասնակցած Սիփան Փաշինյանը (Նիկոլ Փաշինյանի եղբորորդին): «Երբ իմացա, որ ընկերներիս բերման են ենթարկել, անմիջապես շտապեցի ոստիկանություն: Ընդամենը 3 րոպե հետո, առանց որեւէ մի բան ասելու, բերման են ենթարկել: Հիմա կասկածյալի կարգավիճակում եմ՝ ուրիշի գույքը դիտավորյալ վնասելու համար, բայց ի՞նչ գույքի մասին է խոսք գնում, իրենք էլ տեղյակ չեն»,-ասաց Սիփանը:



 



Ակտիվիստները միջադեպից չեն վախեցել եւ պայքարի մտադրությունից չեն հրաժարվել: Նրանք երեկ կրկին հավաքվել էին տան առջեւ եւ քննարկում էին, թե ինչպես են պայքարը շարունակելու: Պատրաստելու են տեսանյութ, որտեղ մշակույթի ներկայացուցիչներն ասելու են, թե ինչի համար են դեմ, որ շենքը քանդեն: Քաղաքով մեկ հասարակությանն իրազեկելու համար թռուցիկներ են բաժանելու: Բայց մասնակիցներին ամենից շատ մտահոգում է այն, որ մի օր կարթնանան եւ կտեսնեն, որ շենքն ամբողջովին քանդել են, իսկ իրենք տեղյակ չեն եղել: Այդ իսկ պատճառով կապ են հաստատել բնակիչների հետ, որ եթե երեկոյան ժամերին աղմուկ լսեն, անպայման իրենց տեղյակ պահեն: Իսկ այսօր էլ, ժամը 21:00-ին կազմակերպել են «Լինել քաղաքացի» ֆիլմի դիտումը: Քաղաքացիներից մեկն էլ տեղեկացրեց, որ ինքը կապվել է Գերմանիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներից մեկի հետ, ներկայացրել տիրող վիճակը, վերջինս ասել է, որ իրենք իրենց հերթին քայլեր կձեռնարկեն եւ կդիմեն մշակույթի նախարարությանը: Մինչ քննարկումն ընթանում էր, քննարկման մասնակիցներից Վիլեն Գաբրիելյանը (ֆեյսբուքյան նիկը՝ «Նավակ Ճոճող») բարձրացավ Աֆրիկյանների տան գլխավոր ճակատին եւ կախեց Հանրապետական կուսակցության «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով դրոշը: «Այս կառույցի քանդումը իշխանության, հանրապետականների ձեռքի գործն է: Մեր ապագան էլ այս շենքի նման խարխլված է»,-ասաց Վիլենը՝ բացատրելով, թե ինչու է փակցրել դրոշը։



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ