Դիմում չգրելը պարտադիր է, աշխատանքից ազատվելը՝ ոչ պարտադրված

Դիմում չգրելը պարտադիր է, աշխատանքից ազատվելը՝ ոչ պարտադրված

Նոր ահազանգեր ենք ստանում տարբեր պետական եւ ոչ պետական ձեռնարկություններից, որ դրանց ղեկավարներն արգելում են աշխատողներին կուտակային համակարգում չընդգրկվելու վերաբերյալ դիմումներ գրել: Վերջիններս էլ, աշխատանքը կորցնելու վախից, կատարում են ղեկավարների պահանջը: Այսկերպ նրանք աշխատում են հաճոյանալ նախագահին եւ վարչապետին, նրանց մոտ կեղծ համոզմունք ձեւավորելով, թե ՀՀ քաղաքացիներն իրականում դեմ չեն կուտակայինին: Փաստորեն, վարչապետ Հովիկ Աբրահամյանի «պարտադիր, բայց ոչ պարտադրված» խորհրդավոր բանաձեւը վերջապես պարզ բացատրություն ստացավ. դիմում չգրելը պարտադիր է, իսկ աշխատանքից ազատվելը՝ ոչ պարտադրված եւ կախված աշխատակցի բարի կամքից:



 



ՖԻՆՆԱԽՈՒՄ ԸՆԴԱՄԵՆԸ 5  «ՀՐԱԺԱՐԱԿԱՆ» Է ԵՂԵԼ






Կառավարությանը մոտ աղբյուրից տեղեկացանք, որ այնպիսի սուպերնախարարությունում, ինչպիսին է ֆինանսների նախարարությունը, նույն իրավիճակն է: Աշխատակիցներին ներքին հրահանգ է եղել դիմումներ չգրել: Ֆիննախի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնից օպերատիվ կարգով մեկնաբանեցին, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցներից 5-ը ներկայացրել են դիմում՝ կուտակային կենսաթոշակային համակարգից հրաժարվելու վերաբերյալ, ավելին` ստացված դիմումներին տրվել է համապատասխան ընթացք»: Հետաքրքիր կլիներ, որ ընթացք չստանար, բայց ավելի ուշագրավ է այն, որ այս պատասխանն իրականում ավելի հաստատեց մեր կասկածները: Փաստորեն, պետական ահռելի կառույցից, որը վերջերս հարկային, մաքսային մարմինների եւ ֆինանսների նախարարության միաձուլումից գոյացավ եւ հարյուրավոր աշխատակիցներ ունի, ընդամենը 5 մարդ է հանդգնել կուտակայինից հրաժարվելու դիմում գրել, ինչը, հավանաբար, պատահական չէ: Եթե ոչ մի դիմում չլիներ, այլեւս դժվար կլիներ համոզել հանրությանը եւ նախագահին, որ ճնշումներ չեն եղել: 



 



ԱՇՈՏՅԱՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ



ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է






«Ոչ մի դիմում» իրավիճակը նույնն է, ինչ նախագահական ընտրություններ՝ մեկ թեկնածուով, եւ այն առկա է կրթության նախարարությունում: Նախարարության տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանին հարցրինք, թե կուտակայինից հրաժարականի քանի դիմում է ստացվել: Նա ասաց. «Չգիտեմ, բայց կարծում եմ՝ ոչ մի»: «Իսկ ինչո՞վ է դա բացատրվում» հարցին նա պատասխանեց. «Քաղաքացիական գիտակցությամբ»: Մինչդեռ աշխատակիցներից մեկը երեկ հաստատեց տեղեկությունը, որ նախարարությունում աշխատող հասարակ չինովնիկները չեն հանդգնում կուտակայինից հրաժարվելու դիմումներ ներկայացնել, բայց նախարարությունում կան ՀՀԿ-ական ջահելներ Աշոտյանի թիմից, որոնց ճնշել պետք չէ: Նրանք կիսում են հանրապետական նախարարի կարծիքը, իսկ նախարարության մյուս աշխատակիցները նույնիսկ չեն էլ հանդգնի վերջիններիս հարցնեն, թե արդյոք իրենք հրաժարվե՞լ են կուտակային հիմնադրամին գումար տալ, թե՞ ոչ: Նույն իրավիճակն է «Երեւանի գարեջուր» ԲԲԸ-ում: Մեր տեղեկություններով, այստեղ էլ դիմումատուներ համարյա չկան: Ընկերության նախագահ, կենսաթոշակային ռեֆորմի ակտիվ ջատագով, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասաց. «Չգիտեմ՝ դիմումներ ներկայացվել են, թե ոչ, բայց մեզ վրա երբեք, ոչ մի անգամ ճնշում չի եղել»: Այնուամենայնիվ, պետական համակարգում՝ պոլիկլինիկաներում, դպրոցներում, նախարարություններում, մասնավոր խոշոր ձեռնարկություններում վստահ են, որ հրահանգը վերեւից է, գուցե հենց նույն նախագահականից էլ գալիս է:



 



ՄԻԱՅՆ ՄԻԱՀԱՄՈՒՌ ՊԱՅՔԱՐ






Վերջին երկու օրում թեմայի շուրջ մեր բոլոր զրուցակիցները հաստատում էին ներքին արգելքների գոյության փաստը, բայց ոչ ոք չէր հանդգնում խոսել բացեիբաց, իր անունը հրապարակել: Միակը, ով արդեն հայտարարել է, որ դատարան է դիմելու ապօրինի ճնշումների դեմ,  Զովասար գյուղի ուսուցիչ Տիգրան Սարգսյանն է, որին ազատել են աշխատանքից, եւ որի նկատմամբ, ի թիվս այլ անարդարությունների, նաեւ կուտակայինից չհրաժարվելու ճնշում է գործադրվել: Իր հետ կատարվածի մասին նա հայտարարություն է արել «Դեմ եմ»-ի ֆեյսբուքյան էջում: Իսկ «Դեմ եմ»-ի անդամներն օգնում են ուսուցչին իրավական օգնություն ստանալու հարցում: «Իրավական կոնսուլտացիա ստանալուց եւ հայցի հիմքերը ճշտելուց հետո նա պետք է դիմի դատարան»,- ասաց այս նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը:  «Հրաժարական դիմումներ» չընդունելու մասին «Դեմ եմ»-ին արդեն բողոքել են Բրյուսովի եւ Հերացու անվան բժշկական համալսարաններից, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնից, «Գրանդ տոբակոյից»: Բողոքներ կան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից: «Ի՞նչ պետք է արվի, որ մարդիկ հաղթահարեն աշխատանքը կորցնելու ստոր վախը եւ համարձակ պայքարեն իրենց իրավունքների համար»,- հարցրինք Տիգրանին, եւ նա իր կարծիքով միակ ելքն առաջարկեց. «Որ մարդիկ միահամուռ պայքարեն այդ ճնշումների դեմ: Եթե մեկն սկսի պայքարել, մնացածը չմիանան, այդ մեկ-երկուսին կճնշեն»:



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ