Աշխատողները վախենում են գործատուներից

Աշխատողները վախենում են գործատուներից

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանի համոզմամբ` Հայաստանում աշխատողները վախենում են գործատուներից։



 



«Աշխատողները վախի մթնոլորտում ստիպված կուտակային համակարգի հետ կապված դիմում չեն գրում և մեզ էլ չեն դիմում, որպեսզի իրենց իրավունքները պաշտպանեն։ Հաճախ գործատուի կողմից ճնշումների ենթարկված քաղաքացիները գալիս են, ներկայացնում իրավիճակը, բայց երբ գալիս է վճռական պահը, որ պետք է ասեն, թե որտեղ են աշխատում, քար լռություն է լինում»,-ասաց Փիլիպոսյանը՝ տեղեկացնելով, որ վեց ամիսների ընթացքում գործատուից տուժած 100 քաղաքացի է իրենց դիմել։



 



Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանն էլ իր հերթին նշեց, որ պարտադիր կուտակային համակարգից խուսափելու համար դիմումներ գրելու ընթացքում աշխատողներն ավելի շատ են ճնշման ենթարկվում։ «Աշխատողները դիմում են ներկայացնում, գործատուն չի ընդունում կամ պահանջում է մեկ այլ դիմում ևս՝ աշխատանքից հեռացման: Այդ դեպքում աշխատողը կարող է ուղղակի երկրորդ դիմումը չգրել և վերջ, քանի որ օրենքը դա թույլ է տալիս»,- ասաց Խառատյանը՝ հավելելով, որ աշխատողը պետք է կշեռքի վրա դնի աշխատանք ունենալը և աշխատանք կորցնելը: Նա տեղեկացրեց, որ կուտակային համակարգից հրաժարվելու վերաբերյալ մինչ օրս դիմումներ չեն ստացել ․«Կուտակային համակարգը շատ խնդիրներ ունի։ Կենսաթոշակների և աշխատավարձերի հետ կապված մի շարք խնդիրները բերում են անվստահության երիտասարդության շրջանում, քանի որ նրանք մտածում են, որ իրենց վճարած 5% գումարները տարիներ հետո իրենք չեն կարող ստանալ»,-ասաց Խառատյանը։