Քաշքշուկներ հրահրողը փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն էր

Քաշքշուկներ հրահրողը փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն էր

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության՝ երեկ անցկացված երթ-ակցիան ոստիկանների պատճառով խափանվեց․ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց նախաձեռնության անդամ Արտաշ Միսակյանը։ Վերջինիս ավտոերթի ընթացքում բերման էին ենթարկել։



 



«Երկու ժամ բաժնում պահելուց հետո մեզ ազատ արձակեցին, որևէ իրավական հիմք չունեին՝ մեզ հետ նման կերպ վարվելու։ Այնպես քարշ տալով էին տանում, կարծես Բեն Լադենի հրոսակախմբի անդամներից էինք, մեզ էլ հազիվ գտել էին»,- ասաց Միսակյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ ոստիկանների նմանատիպ վարքի համար փոխհատուցում չեն պահանջելու։



 



«Ո՞վ ա մեզնից ներողություն խնդրելու, իհարկե ոչ ոք, ուղղակի մենք ևս խուսափում ենք դատական գործընթացներից»,- ասաց Միսակյանը՝ նշելով, որ երթի ընթացքում քաշքշուկներ հրահրողը փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն է եղել։ Նրա խոսքով՝ Կարեն Մովսիսյանն ավտոերթի մասնակիցներից մեկին վիրավորել է, ինչը տեսախցիկները ֆիքսել են։



 



Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանն էլ նշեց, թե շատ դեպքեր կան, որ մարդիկ տեսախցիկների արձանագրած խախտումների պատճառով վարկեր են վերցնում ու հայտնվում սոցիալապես ծանր վիճակում։ Հակոբյանը նկատեց, որ այս խնդիրը գերխնդիր է ոչ միայն նախաձեռնության անդամների ու նրանց աջակիցների համար, այլև ամբողջ ազգի: Տուգանքը միայն վարորդից չի գնում, այդ վարորդի ընտանիքը նույնպես տուժում է: «Մենք չենք ուզում չապրել և չենք ուզում արտագաղթել: Ուզում ենք, ոնց որ առաջ էր, օրենքի սահմաններում վարենք մեր մեքենաները»,-ասաց Հակոբյանը: