Մտածող գլուխը ցցված չի լինում

Մտածող գլուխը ցցված չի լինում

Օրերս բնապահպանները կրկին ահազանգ հնչեցրին Երեւանում օդի աղտոտվածության վերաբերյալ: Նշեցին նաեւ, որ ստեղծվել է «էկոլոգիական եւ սեյսմիկ ռիսկերի ահավոր վիճակ»: Ըստ նրանց, մայրաքաղաքի մթնոլորտում փոշու առկայության աստիճանը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը. դրա հիմնական պատճառներից են քաղաքի կենտրոնում շարունակվող` հասարակական տեսանկյունից անհեթեթ, բայց փողաբեր շինարարությունը եւ քաղաքի տարածքում առկա բաց եւ փակ հանքերի շահագործումը: Ճիշտն ասած, չգիտենք, թե որն է փոշու թույլատրելի սահմանը (գուցե հասուն տարիքում սկսված շնչարգելությունը), բայց որ անծառ մնացած Երեւանում գոնե փոշի չպիտի լինի, հաստատ է: Բայց ո՞նց չլինի: Երեւի միայն մենք գիտենք, որ փոշին ունի նաեւ ճանաչողական նշանակություն. քամու ժամանակ նայեք երեւանյան երկնքին եւ կտեսնեք, թե քանի գույնի ցելոֆանե տոպրակ է օգտագործում հայ ժողովուրդը: Ուղղակի փոշի բարձրանալուն պես պիտի բացել քաղաքապետարանի ու քաղաքաշինության նախարարության բոլոր դռներն ու լուսամուտները, որ աթոռներին բազմած ղեկավարները սուրճը թողնեն ու հազալով վազեն լվացվելու: Գուցե այդժամ մտածեն փոշու թույլատրելի սահմանի մասին. չնայած մի կերպ կդիմանան. մթնոլորտում մեզ անտեսանելի փող է պտտվում: Եվ ընդհանրապես՝ բազմաթիվ գերատեսչությունների ու պետական կառույցների ճակատին մեծ տառերով պետք է գրել` «Միայն փող», բայց միայն հայերեն, որ Եվրոպան ղալմաղալ չանի. «կիսվել» չկա:



 



Երիտասարդական պալատը նրբորեն եւ զգուշորեն քանդեցին. հիմա այդտեղ բազալտի խճի բաց հանք է: Խիճն էլ հո խիղճ չէ՞, որ ձրի լինի, եւ արդեն ինը տարի է` այդ տեղում ոչինչ չի կառուցվում. «նաղդ» փողը թողած` ի՞նչ կարիք կա հույս դնել ապագա «էլիտարի» վրա` այն էլ հսկայական ծախսեր անելով: Եվրոպական որեւէ մայրաքաղաքի քաղաքապետին եթե ասես` «արի այս շենքը քանդենք, տակի բաց հանքը շահագործենք, փող աշխատենք», քեզ կուղարկի հոգեբուժարան, իսկ հատուկ միջնորդությամբ` Հայաստան` բարձր պաշտոնի:



 



Իսկ միամիտ բնապահպաններին թվում է, թե ինչ-որ օրենսդրական նախաձեռնությամբ կարող են Երեւանում փոշին պակասեցնել եւ կենտրոնի «կառուցապատումը» սահմանափակել: Կա մեկ ճանապարհ. փոշու ղեկավարներին տվեք ավելի շատ փող, քան նրանք ակնկալում են այդ փոշուց. ի՞նչ օրենսդրական նախաձեռնություն:



 



Ի դեպ, Երեւանի կենտրոնն առաջիկայում կառուցապատման նոր փուլում է հայտնվելու: Ամիսներ առաջ` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք, Գլխավոր պողոտայի, Աբովյան, Բուզանդի, Կողբացու եւ Արամի փողոցներով շրջանակված տարածքների նկատմամբ ճանաչվել է նոր գերակա հանրային շահ: Որ տնանկ երեւանցուն էլ հարցնես, թե ինչ բան է հանրային շահը, կասի` տուն կա քանդելու, տարածքը գրավելու: Այսինքն, Երեւանի կենտրոնի գլխին նոր փորձանք է նախապատրաստվում (տեսնես նոր կառավարությունը կչեզոքացնի՞ այս վտանգը): Ըստ հիշյալ որոշման, նախատեսվում է իրականացնել «Հին Երեւան» ճարտարապետական միջավայրը: Հիմա որեւէ մեկը կարո՞ղ է ասել, թե հին Երեւանը որտեղ է. քսան քառակուսի մետր տարածքի վրա տասնհինգ հարկանի շենք է կառուցվում, որովհետեւ հարկը փող է: Երեւանաբնակներս գիտենք, թե ինչ կատարվեց մեր քաղաքի հետ, ինչ խորհրդանիշ մնաց. մի երկու տուն` Աբովյանի հարակից տարածքում, քարուքանդ արված Երիտասարդական պալատ ու վերակառուցման ենթակա Հանրապետության հրապարակ: Իսկ հիմա վերակառուցման է նախապատրաստվում քաղաքի կենտրոնը: Թող ներվի ասել, բայց մերօրյա իրականության մեջ լավագույն վերակառուցումը ոչինչ չանելն է: Թերեւս միակ նախարարությունը, որի անգործությունից բոլորը գոհունակություն կապրեն, քաղաքաշինության նախարարությունն է. գոնե թող մնա այն, ինչ կա: Եթե, իհարկե, մնացել է: Չնայած ոչինչ չանել էլ չի կարելի, քանի որ կա կառավարությանն առընթեր քաղաքաշինության նախկին հանձնաժողովից նախարարության տնօրինությանը փոխանցված 117 մլն դրամ:



 



Իսկ մասնահատումներով քանդելուց հետո հին Երեւան վերակառուցելու ջանքերից դարձյալ ու միայն փողի հոտ է գալիս: Բայց անչափ հետաքրքիր են ինքնին ծրագիրը եւ վերակառուցման մեխանիզմը. 19-րդ դարի եւ 20-րդ դարասկզբի ճարտարապետական հուշարձաններ պիտի վերականգնվեն: Ճարտարապետ չենք, բայց սա ճարտարապետական աճպարարություն չէ՞: Գնացեք քանդածը վերականգնեք, հետո դարձեք հարյուրամյա հուշարձաններին, որոնք չկան: Հիմա եղածը քանդել են, ի՞նչ հին Երեւան: Հիմա հին Երեւան վերականգնելու մի միջոց կա. մի վեց ուղտ բերել Շահումյանի հրապարակ ու «Ղանթարի բազար» բացել, իսկ ուղտերի գլուխները` քաղաքապետարանի կողմը. դրանք թքելու գեշ սովորություն ունեն:



 



Տեղյակ ենք, որ, ըստ Թամանյանի նախագծի, Հյուսիսային պողոտայում պիտի կառուցվեին ցածրահարկ շենքեր եւ տնկվեին գեղեցիկ դեկորատիվ ծառեր: Նպատակն այն էր, որ դրանք չխաթարեին օպերայի շենքի հրաշալի տեսքը: Այսօր այդ պողոտայի ագրեսիվ տեսքից ու մթամած պատուհաններից Օպերան երեւո՞ւմ է: Որովհետեւ օպերայի շենք էլ պետք չէ, այլապես աննորմալ խցանումները վերացնելու նպատակով տակը չէին քանդի, որ ավտոկանգառ դարձնեն, իսկ շենքն սկսեր ճաքեր տալ:



 



Քանի որ բոլոր հոդվածագիրներից իշխանությունները պահանջում են նաեւ համապատասխան առաջարկներ («Քննադատելը հեշտ է, ի՞նչ եք առաջարկում»), ուստի, որպես օրինապահ քաղաքացի, առաջարկում ենք զբաղվել բացառապես Հյուսիսային պողոտայի սալահատակման աշխատանքներով: Սալապատեք պողոտան, իսկ երկու տարի հետո հայտարարեք, որ այն չի համապատասխանում ճարտարապետների մոզամբիկյան վերջին համաժողովի ընդունած չափանիշներին: Եվ նորից սալապատեք, հետո` նորից: Կարեւորը փողը չէ՞։



Գլուխը կախ` հյուսիսայինի սալիկների վրա. մտածող գլուխը ցցված չի լինում:



 



Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ