Աստված տա՝ ես վերջին հոռետեսը լինեմ

Աստված տա՝ ես վերջին հոռետեսը լինեմ

Թամարա Պողոսյանին հանդիպեցի Արմավիրի մարզի Ծիածան գյուղի դաշտերից մեկում՝ կարտոֆիլ հավաքելիս: Արեւից ու փոշուց պաշտպանվելու համար դեմքով ամբողջովին ծածկված բազմաթիվ կանանց մեջ նա իսկույն տարբերվեց: Տարբերվեց հողին ոչ վարժ իր շարժումներով, մաշված քաթանե ձեռնոցների տակից դուրս պրծած բարակ ու խնամված մատներով, շղարշե դիմածածկից նկատելիորեն ուրվագծվող արտահայտիչ դիմագծերով ու մեծ, կապույտ եւ խորիմաստ աչքերով: Անմիջապես զգացվեց, որ առաջին անգամ է շփվում հողի հետ: Ավելին՝ նույնիսկ գյուղաբնակ չէ: Զգացվեց, որ ճիգերի գերլարումով փորձում է ետ չմնալ գործընկերներից, գործատուի՝ ֆերմերի կշտամբանքներին չարժանանալու համար:



 



Քաղաքաբնակ կինն էլ, շատերի նման, ունեւորների այգիներում ու դաշտերում սեզոնային բատրակություն է անում: Չնայած դեռ նոր է սկսել, բայց չի պատրաստվում հրաժարվել ծանր ու դժվար գործից: Ասում է. թեեւ անսովոր աշխատանք է՝ կքանիստ վիճակում կիզիչ արեւի տակ ու փոշու մեջ, բայց գոնե օրական 5 հազար դրամ է վաստակում: «Իսկ 5 հազար դրամները փողոցում թափված չեն...»:



 



Պարզվեց՝ տիկին Թամարան նաեւ բարձրագույն կրթություն ունի: Պոլիտեխնիկն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Զվարթնոցի «Ռաստր» գործարանում, հետագայում նույն այդ գործարանում նաեւ պաշտոն վարել: Խորհրդային կարգերի փլուզումից հետո, երբ «Ռաստրի» ռուս պատվիրատուները խզել են իրենց կապերը հայ արտադրողների հետ, գործարանը պարապուրդի է մատնվել: Ավելի քան 6 հազար աշխատող, այդ թվում եւ տիկին Թամարան, դուրս են մնացել: Աշխատանքի փնտրտուքները տիկնոջն ուր ասես տարել են: «Այն ժամանակ ավելի երիտասարդ էի, բայց, միեւնույն է՝ աշխատանք չէին տալիս: Ո՞ւմ էր պետք իմ բարձրագույն կրթությունն ու աշխատանքային փորձը: Խնդրանքս մերժում էին՝ պատճառաբանելով տարիքս: Ծիծաղելի է, բայց ես դեռ նոր-նոր 55 տարեկան եմ, մինչդեռ 20 տարի առաջ ոմանց համար տարիքով կին եմ եղել»:



 



Բարձրագույն կրթությամբ 55-ամյա գեղեցկատես կնոջ համար հիմա էլ աշխատանք չկա: Նա էլ ստիպված բատրակություն է անում, որ ուսանողուհի դստերն օգնել կարողանա: Նրա ընտանիքն էլ, հայկական շատ ընտանիքների նման, երկու մասի է բաժանվել. ամուսինն ու որդին դրսում են հացի խնդիր լուծում, ինքն աղջկա հետ այստեղ է: «Բայց մենք էլ ենք գնալու: Սա ապրելու ձեւ չի: Ասենք՝ էս մի քանի ամիսն էլ սրա-նրա հողի վրա աշխատեցի, հետո՞ ինչ եմ անելու: Մայր ու աղջիկ նստենք-սպասենք, թե երբ փող կուղարկեն, որ ապրե՞նք: Բա անհարմար չի՞: Առողջ, աշխատունակ, խելքն ու շնորհքը տեղը մարդիկ ենք: Վիրավորվում ենք, որ պարապ նստած՝ դրսից մեզ փող են ուղարկում, թեկուզ ուղարկողները մեր հարազատներն են»:



 



Արտագաղթելու մասին տիկին Թամարան թեեւ ցավով է խոսում, բայց մնալու այլընտրանք էլ չի տեսնում: «Հույս ունեի, որ աղջիկս ինչ-որ բանի կհասնի, բայց, ոնց հասկանում եմ՝ նրան էլ են թեւաթափ անում: Հեռուստառեժիսորի մասնագիտություն ունի, լավ ֆիլմեր է նկարել ու մի շարք փառատոնների մասնակցել: Որտեղ դիմել է աշխատանքի խնդրանքով, ասել են սպասիր՝ կտեղեկացնենք: Բայց ոչ մի տեղից չեն կանչում: Երեւի միջնորդի կամ ինչ-որ բանի են սպասում, իսկ մենք չունենք ոչ մեկը, ոչ մյուսը: Դրա համար էլ որոշել ենք արտագաղթել. գուցե մեր հնարավորությունները դրսո՞ւմ կգնահատեն…»:



 



Էջմիածնի Զվարթնոց թաղամասում բնակվող տիկնոջ համար ապրելը պայքարի պես մի բան է դարձել: Պայքարում է կյանքի բնականոն հունն ապահովող կենցաղային ամենատարրական պայմանների համար անգամ: «Մեր ամեն առավոտը պայքարով է սկսվում. լվացվել ու լողանալ ենք ուզում՝ ջուր չկա, ենթադրենք՝ ինչ-որ կերպ մեզ կարգի բերեցինք՝ տնից դուրս գալ ենք ուզում՝ ասֆալտ չկա: Իսկ եթե օրն անձրեւային է, փողոց չկա՝ համատարած ցեխ է, անանցանելի վիճակ: Փողոցն ասֆալտապատելը պատգամավորի ու քաղաքապետի յուրաքանչյուր թեկնածուի «սուրբ պարտականությունն» է դարձել, բայց միայն նախընտրական խոստումներում: Ընտրություններն անցնում են, մենք էլի մնում ենք մեր «ծակ տաշտակի» առաջ: Էլ ոչ մեկին չեմ հավատում, չեմ վստահում, լավի հույսեր չեմ փայփայում... Բայց Աստված տա՝ ես վերջին հոռետեսը լինեմ, իսկ ես ու աղջիկս՝ վերջին արտագաղթողները»:



 



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ