Ցեցերի գրոհը և Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը

Ցեցերի գրոհը և Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը

Արարատի եւ Արմավիրի մարզերի գյուղացիական տնտեսությունների գլխին նոր աղետ է կախվել: Հիմա էլ վնասատու միջատներն են գրոհել դաշտերի վրա՝ անխնա ոչնչացնելով մորմազգի մշակաբույսերը՝ լոլիկը, պղպեղը, սմբուկը, դդմիկն ու կարտոֆիլը: Գյուղատնտեսության նախարարությունը ֆերոմոնային թակարդներ է տեղադրել նշված մարզերի գյուղացիական մի շարք տնտեսություններում եւ գրեթե բոլոր գյուղերում տեղադրված ֆերոմոնային թակարդների մեջ ահռելի թվով լոլիկի ցեցեր հայտնաբերել: Վնասատուի դեմ ակտիվ պայքար տանելու համար նախարարությունը գյուղացիական տնտեսություններին հորդորել է ցանքատարածություններում քիմիական պայքարի անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել: Խորհուրդ է տվել օգտագործել միջատասպան պրեպարատներ՝ դրանք ձեռք բերելով մասնագիտացված խանութներից:



 



Հատկապես այս հայտարարությունը հունից հանել է ֆերմերներին, որոնք առանց այդ էլ թունաքիմիկատների խանութներում վաղուց արդեն մեծ հերթեր են գոյացրել: «Ինչ թույն առա-տարա՝ չօգնեց: Ցեցն էլի աշխատում ա, էլի անխնա ոչնչացնում ա բանջարանոցս»,- ասաց բանջարաբույծ Հարություն Մանուկյանը՝ թփից պոկելով դեռ լրիվ չկարմրած լոլիկները: «Մի քանի օր այսպես կպահեմ՝ կկարմրի, հետո կհանեմ վաճառքի: Թե չէ որ մնա թփին՝ էլ տերը չեմ: Ցեցերն էն արագությամբ են խժռում, որ չես էլ հասցնում փրկել»,-ասաց ֆերմերը: Նրան զարմացնում է թունաքիմիկատների վաճառքով զբաղվողների անտեղյակությունը տարաբնույթ թույների եւ դրանց կիրառության մասին: «500 քմ լոլիկի ջերմոց ունեմ, արդեն ցեցը մեջն ա: Չեմ իմանում ինչ թույն սրսկեմ, որ դրանք վերանան: Ինչ էլ խորհուրդ են տալիս՝ առնում-բերում եմ, սրսկում եմ՝ չի օգնում: Ընդհակառակը՝ թիթեռներն ավելի են շատանում: Գյուղատնտես էլ չունենք, որ մի խորհրդով օգուտ տա»:



 



Ֆերմերի կարծիքով, կամ թույներն են ժամկետանց, կամ դրանց վաճառքով զբաղվողները մասնագիտական գիտելիքների պակաս ունեն: «Այս ոլորտն ուշադրությունից լրիվ դուրս է, ով հասնի՝ թույն է վաճառում. թե ինչ թույն է, ոնց կարելի է օգտագործել՝ չգիտեն կամ շաբլոն արած բաներ են ասում: Դրա համար էլ գյուղացին էս վիճակում ա: Ես զարմանում եմ, թե անտերության մատնված էս ոլորտում Հովիկ Աբրահամյանն էդ ոնց ա կարողացել այնպես աշխատել, որ ահռելի հարստություն ա կուտակել: Ինձ ինչ հիշում եմ՝ հողագործությամբ եմ զբաղվում, բայց ծայրը ծայրին հազիվ եմ հասցնում: Էդ ի՞նչ գաղտնիք կա, որ Հովիկ Աբրահամյանը գիտի, մենք չգիտենք: Թող մեզ էլ ասի՝ գուցե մե՞նք էլ կարողանանք հարստանալ»:



 



Լսելով վարչապետի անունն ու վերջերս նրա արած հայտարարությունը հողագործությամբ հարստություն դիզելու մասին, ավելի երիտասարդ ֆերմերներից մեկը հաստատեց Աբրահամյանի ասածը: «Հնարավոր է, եթե տրամադրությանդ տակ ունես 200 հա բերրի հող, եթե հարկ ու տուրք չես վճարում, եթե սերմացուն, պարարտանյութերն ու թունաքիմիկատներն անվճար ես ձեռք բերում, եթե վերջին սերնդի գյուղտեխնիկան նվեր ես ստանում, իսկ աշխատողներիդ կոպեկներով ես վարձատրում... Պարզ չի՞, որ այս դեպքում եկամուտն աստղաբաշխական թվերի կհասնի»: Ֆերմերներին, սակայն, ոչ այնքան Հովիկ Աբրահամյանի հարստության բանաձեւն էր հետաքրքրում, որքան ցեցի դեմ պայքարը: «Հարստանալու գաղտնիքը Հովիկ Աբրահամյանը թող պահի իրեն, իսկ գյուղացիներիս, եթե կարող է՝ թող օգնի, որ չխաբեն ու հին թունաքիմիկատ չվաճառեն, որ վնասատուի դեմ մեր պայքարն իրական եւ արդյունավետ լինի»:



 



 Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ