Մասնավոր բիզնես` պետական բյուջեով

Մասնավոր բիզնես` պետական բյուջեով

Շինափայտի արտադրության ծավալների նվազումն, ըստ երեևույթին,  սկսել է լրջորեն անհանգստացնել այդ բիզնեսում ներգավված  պաշտոնական որոշ շրջանակների: Բիզնեսը` բիզնես, բայց պիտի ծառ լինի, որ թեկուզ սահմանամերձ Ճամբարակի կամ այլ զորամասերից պայմանագրային զինծառայողներին քշեն դեպի անտառներ` «բանակի կարիքները հոգալու»: Իսկ Ճամբարակի մասին հիշեցինք, որովհետև ուղիղ երկու տարի առաջ այնտեղից վերադառնալիս պատահաբար մեր ուղեկիցներն էին պայմանագրային հիմունքներով բանակում ծառայող երկու սպաներ, որոնք ծառայությունից հեռանալու դիմումներ էին ներկայացրել ու հիմա գլխիկոր վերադառնում էին հայրենի գյուղ: Մասնագիտական ու զուտ մարդկային  հետաքրքրասիրությունս թաքցնել չկարողանալով` հարցրի, թե ինչու են որոշել հեռանալ բանակից. գյուղում պարապ-սարապ նստելուց կամ տուն-տեղ թողնելով` ռուսաստաններն ընկնելուց ավելի լավ չէր՞ շարունակել ծառայությունը:



 



 «Մենք ոչ թե բանակում ենք ծառայում ու թուրքից սահման պաշտպանում, մենք մի քանի թրքացած ղեկավարների ու նրանց բիզնեսին ենք ծառայում, մեր էրեխեքին  ու կանանց էլ խաբում, թե  սահմաններն ենք պաշտպանում»: Ղարաբաղից երկու օր  առաջ էին վերադարձել, որտեղ շաբաթներ շարունակ բանակի «զոռբաներից» մեկի հրամանով անտառներ են հատելիս եղել` առանց  նորմալ սննդի ու հանգստի նվազագույն պայմանների: Աշխատել են որպես ճորտեր ու վերադարձել զորամաս`աշխատավարձ ստանալու: Այստեղ էլ պարզել են, որ իրենց աշխատավարձից անհիմն ու կլորիկ պահումներ են արել, և իրենք, փաստորեն, գրոշներով են աշխատել հայկական բանակի  բարձրագույն ուսադիրներ կրող ինչ-որ մարդակերպերի համար: Բնականաբար, աշխատող բրիգադում տասնյակ զինվորներ են եղել, որոնք բոլորն էլ, զրուցակիցներիս հավաստմամբ, «աքսորավայրից» վերադառնալով`բանակից հեռանալու դիմումներ էին գրել`նախընտրելով սահմանային դիտակետում թշնամու գնդակի հետ կյանքի-մահու կռիվ տալ, քան անտառներում ամիսներով քարշ գալ`«վերևների> անկուշտ բերանները լցնելու համար:  Իսկ որ ամենավատն է`թքել ու մեկընդմիշտ հեռանալ….



 



Իսկ այն, որ մեր բանակն ու շինափայտի բիզնեսը տասնամյակներ շարունակ սերտորեն «աղերսվում» են միմյանց` բյուջեի հաշվին հարստացնելով բարձրաստիճան որոշ անձանց գրպաններ, նորություն չէ:   Եվ մեխանիզմն էլ, ինչպես վերը նշված դեպքով կարելի է պատկերացնել, շատ պարզ է: Պետությունը վճարում է բանակում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ պայմանագրային հիմունքներով աշխատող իր քաղաքացուն, որը  դառնում է ձրի աշխատուժ, տվյալ դեպքում` փայտանյութի արտադրության բիզնեսում: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Հիմա որպեսզի այս բիզնեսն ապահովի իր շարունակականությունը, հարկ է, որ նոր անտառներ տնկվեն, այլապես եղած ռեսուրսներն, ի վերջո, սպառվում են:  



 



Այս տարվա հունվար-ապրիլ ամիսների տվյալներով`շինափայտի արտադրությունը հանրապետությունում նվազել է 19,2%-ով`կազմելով 47,9տ: Սա իր հերթին ենթադրում է տվյալ բիզնեսով զբաղվողների եկամուտների  նկատելի նվազում, ինչը միանգամայն անթույլատրելի է, առավել ևս  պետության`բիզնեսի կողքին կանգնած լինելու` նախագահի վերջերս հնչեցրած ելույթի համապատկերում: Իսկ լուծումը, բնականաբար, բյուջեի հաշվին է: Հապա էլ ինչպե՞ս. նախ` ուզածի պես հատում են, հետո բյուջեն, ձեռ ու ոտ ընկած, իր պահուստային ֆոնդից հարյուր հազարավոր դոլարներ է հատկացնում, որ նորից ծառեր տնկվեն, հասակ առնեն ու բարձրանան, որպեսզի հետո`շինափայտ, իսկ ամենավերջում էլ ծառի հաստության կանաչ թղթադրամներ դառնան մեր պաշտոնյաների գրպաններում:



 



Ըստ այդմ էլ, կառավարությունն առաջիկա նիստում բյուջեի պահուստային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանը կհատկացնի շուրջ 62մլն դրամ, որից շուրջ 8,6 մլնը նախատեսված է տրամադրել Հայաստանի անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին`  Էրեբունու անտառպետության 31հա տարածքում անտառապատման աշխատանքների իրականացման և վարչական ապարատի պահպանման նպատակով: Մինչդեռ տրամադրվող գումարի առյուծի բաժինը`53,4մլն դրամ, կհատկացվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին`«Արծվաբերդի», «Ճամբարակի», «Գյումրիի» անտառտեսություններում 35հա տարածք անտառապատելու համար: Իհարկե, բնության պահպանության և անտառը վերականգնելու համար150 հազար դոլարն ահռելի գումար չէ, եթե նախ` օգտագործվի արդյունավետ, այլ ոչ այնպես, երբ ընդամենը գեղեցիկ կերպով  բյուջեի փողերն են լվացվում: Եվ ապա`այդ և նմանատիպ ծրագրերով հող չնխապատրաստվի զանգվածային նոր ծառահատումների համար`«հազար շիվ` հազար հաստաբուն ծառի դիմաց» ծանոթ ձեռագրով:



 



 



Նարինե Միքայելյան