Արձանն է՞լ զոռով դնեն

Արձանն է՞լ զոռով դնեն

Չեմ կարողանում հասկանալ` արձանն այն բա՞նն է, որ զոռով դնես: Մի՞թե հասարակության ընդունել-չընդունելով չի արձան դնելը: Ենթադրենք մեկը եկեղեցի չի գնում, բայց կարելի է ծեծելով տանել: Տանե՞նք: Կասեք` Աստծուն դեմ բան է: Սա էլ նույնը չի՞: Հասարակությունը չի ուզում կանգնել Միկոյանի հայացքի ներքո` զոռով ստիպում եք, որ կանգնի: Ձեռք քաշեք, խեղում եք այդ հասարակությանը:



 



Եվ առհասարակ, ամբողջ աշխարհում կարգն այսպես է` հասարակությանը հոգեկան խանգարմունքի հասցնող չինովնիկներին են ռադ անում, և ոչ թե հասարակությանը: Խոսք բազմաց` խոսք Աստծո սկզբունքն է տիրում ամենուր, բացի այն վայրերից, որտեղ դեռ տիրաններն են իշխում: Մենք հազիվ փրկվել ենք տիրանների ճանկից և նրանց կամակատարի արձանը մեր հողում չենք ուզում տեսնել:



 



Երևանի ավագանին իր քաշով այդ ի՞նչ դարձավ, որ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտին դաս է տալիս արդեն: Դրանք իսկի մի գարաժի տեղ չեն կարողանում դասավորել, ուր մնաց Միկոյանի պատմական արժեքը հիմնավորեն: Եվ այդ ՀՀԿ-ԲՀԿ-ակակն ՙզբռոդը՚ ուզում է մի ողջ հասարակության դահճի արձան պարտադրել: Պարզ է, չէ՞, որ մեկը հուշել է, պարտադրում է, պահանջում է: Այլապես դարդները չէր կտրվել Միկոյանի համար: Հավարը գցել են ԱԺ պատգամավորներին: Հիմա էլ ՀՀԿ-ԲՀԿ-ական պատգամավորներն են կողքից դամ բռնել` Միկոյանը մի ողջ գերտերության երկրորդ դեմք է եղել, այդպիսի հայ չենք ունեցել: Յա~ա~ա~… լավ էր` ասացիք, այլապես անգիտության մեջ էինք մնալու: Իսկ ո՞վ չգիտի, որ այդ գերտերության մեջ ընդամենը մեկ դեմք կար, իսկ մնացածը շարքային ապուշներ էին, որ կատարում էին այդ դեմքի հրամանները:



Մոռացեք վերջապես, որ Միկոյանն է աշխարհը փրկել երրորդ համաշխարհային պատերազմից: Դա այն նույն միֆերից է, որ ասում են Ստալինը հաղթեց Հիտլերին կամ Կուտուզովը ջախջախեց Նապոլեոնին: Անհատները դերակատար են միշտ, բայց ճակատագրերը իրականություն են դառնում հանգամանքների բերումով: Այնպես որ Միկոյանից Աստված կամ դրա նման մի բան մի սարքեք:



Միկոյանը, այո, քաղաքական գործիչ է եղել, նույնիսկ ակնառու գործիչ, բայց նա ծառայել է բոլորովին այլ գործի, այդ թվում նաև` հայերին գնդակահարելու և նրանց հայրենիքը ձևախեղելու գնով բոլշևիկյան կայսրություն ստեղծելու և ամրապնդելու գործին:



 



Ամեն անգամ, երբ ադրբեջանցիները նոստագիայի մեջ են ընկնում Ղարաբաղի հարցով, մենք մատնացույց ենք անում ազատ Արցախում ծնված և Արցախի ազատությունը պաշտպանող սերունդը: Կարո՞ղ ես այդ սերնդին Ադրբեջանի իշխանություն պարտադրել: Չես կարող: Նույնը Միկոյանի արձանի պարագայում է: Հայաստանում մի սերունդ կա արդեն, որ անկախությունից ու ազատությունից բացի ոչինչ չի տեսել: Հիմա դուք այդ ստալինոտ, քյարթու Միկոյանին դեմ եք տվել այդ սերնդին որ ի՞նչ անեք: Նժդեհ դեմ տվեք, բացատրեք որ Նժդեհն ասում էր ազգից ու ցեղից վեր բան չկա, քո ազգի ու քո ցեղի ազատությունից վեր բան չկա: Անկախության սերունդը կհասկանա, կընդունի, կդաստիրակվի: Բայց դուք բերել, ստրուկի հոգեբանությամբ հայակեր Միկոյանին եք առաջարկում: Նոնսենս է ախր…



 



Ասեք, որ պարտադրում են: Կհասկանանք ձեզ ու կիմանանք անելիքներս: Այլապես լռվել մնացել եք ու մեջտեղ եք քաշել Երևանի թերուս ավագանուն` իր կիսմտավորականներով: Ազնիվ չի, հարգելի իշխանություններ: Մի գեղեցիկ օր կպարզվի ճշմարտությունը և ոմանքմ, վերին էշելոններից, ամոթով կմնան:



 



Էդիկ Անդրեասյան



 



Հ.Գ. Առաջարկում եմ Անաստաս Միկոյանի արձանը դնել, բայց որպես կոմպոզիցիայի մի մաս: Մի կողմում լինեն ռեպրեսիաների ենթարկված մարդկանց խումբ, գնդակահարության պատկերներ, իսկ մյուս կողմում ծնկի իջած լինի Միկոյանը, ասես` ներողություն է հայցում: Իսկ որպեսզի Երևանի ավագանին հետագայում այսպիսի ախմախ որոշումներ չկայացնի, այդ արձանախմբի պատվանդանին փորագրենք Երևանի այն քաղաքապետերի անունները, որոնք տուժել են Միկոյանի ձեռքից: Կարող եմ տրամադրել այդ անունների մի փոքրիկ ցանկ, որ մեր ընթերցողներից մեկն է հիշատակել իր արձագանքում. ՙՀրանտ Թավաքալյան (չեկայի կողմից մեկուսացվել է 1924թ-ին), Ռուբեն Սաֆրազբեկյան (աքսորվել է 1942թ-ին), Սուրեն Շադունց (բռնադատվել է 1938թ-ին), Վարդան Մամիկոնյան (դատապարտվել է գնդակահարության 1937թ-ին), Արամայիս Երզնկյան (ձերբակալվել է 1936-ին, մահացել բանտում 1941-ին), Կարապետ Մատինյան (դատապարտվել է գնդակահարության 1938թ-ին), Ալեքսանդր Շահսուվարյան (դատապարտվել է գնդակահարության 1938թ-ին)՚: