Հարցազրույց մի շիշ արաղով

Հարցազրույց մի շիշ արաղով

-Ասի` չգնամ, բայց մի պահ մտածեցի հին ընկերոջը չդավաճանելու պատմական նշանակության մասին. հին, «Հրապարակ»ային ընկեր է, ոնց չգնամ, գրքերս էլ վայ թե չի կարդացել, բայց ահագին մեջբերումներ է անում: Չնայած սիրտս չի հովացնելու, բայց գրող եմ, ինձ մեկումեջ լավ կզգամ:



 



Առավոտ, Գեւորգն էլ մի կողմից էր ուզում ինձ փոռուփոշման աներ: Ասում է.




-Էդ հարցազրույցի որ գնում ես, մինչեւ ու՞ր ես գնում, տեղ կհասնե՞ս, թե՞ տեղ հասցնեմ, մեքենայով եմ:




-Բանիդ կաց, Ապարանա հումորդ էլ ինձ ոչ ոգեւորում է, ոչ էլ բեռնատարի շոֆեր հերոսներիս է իրենց պատերազմական խաղաղ պայմանների մանկությունը հիշեցնում:



Գեւորգը, ինչպես միշտ, որ մտովի իր բանվորների հետ էր, լռեց: Երեւի խոսքս էր շատ դաստիարակչական, ու՞ր ձայն հաներ. նրանը` մի շաբաթ առաջ արդուկված վերնաշապիկը հագնելն ու տնից դուրս գալն էր: Չտեսա էլ ոնց դուռը փակեց, էդ շրխկոցով երբեւէ ու տակավին նույնիսկ ես` ՀԳՄ-ում դուռ չեմ փակել:




Խոստացել էի, ո՞նց չգնայի: Հենց տեղ հասա, սրճարանում մենակ էր, չորս կողմն էր նայում` ինձ չփնտրելով, որովհետեւ չգիտես թե ո՞ր ղուշի խաբարով մտածում էր, որ անպայման չեմ գնա: Երանի` Երանյանը գնար, ես չգնայի: Բայց արդեն գնացել էի, ու ինքն էլ աչքերը պոետիկ ճպացնելով չորս կողմը չէր նայում: Ի՞նչ նայեր. հե՞շտ է Արարատյան դաշտում վերապրողի համար, ինչքան ծիրանենի ու մնացյալ մրգավետ ծառեր ծառս եղան: Բայց չէի մտածում, որ միանգամից կլռի, ոչ մի խոսք չի ասի, ոչ ոքից չի դժգոհի. ախր ընկերոջս ոչ թե շատ էի սիրում` գնահատում նրա կուլտուր-կենցաղային անհասկանալի պայմանները, այլ տաղանդավոր լինելու նրա հանգամանքն էր ինձ սիրտ տալիս: Ո՞նց սիրտ չտար, երբ իր անկաշառությունը հրապարակային պայմաններում էր միշտ արտահայտում: Ինձ ի՞նչ, որ լռում է, իմ չափաբաժին համբերությունն էլ որպես բարեգործական օգնություն… տեղ չէր հասնում, որ ես զգայի, թե ինքը ի՞նչ է զգում ու ինձ չի զգում: Ի՞նչ խնդիրների շուրջ է ինձ հետ զրուցելու` գրականն ու հակագրականը անպայման չշրջանցելով: Քիչ մնաց ես իրեն հարցեր տայի, ասեի. «Վերջին շրջանում քաղաքացիական ակտիվությունդ աչքիս նվազել է կամ ինչո՞վ են տարբերվում հոգեմաշ զբաղվածությամբ տառապող լրագրողները` գործազուրկ ընթերցողներից»: Էլի շատ բաներ կարող էի հարցնել, բայց հարցնողին լսող է պետք, մեկ-մեկ էլ պատասխանող: Իսկ ես պատասխանողի մինուճար դերում էի, ինքը` հարցնողի, բայց չէր խոսում, ծխախոտ-ծխախոտի ետեւից ու առաջից ծխելով էր տարված: Ես էլ սրճարանային շրջափակման մեջ էի` դարասկզբի հինգշաբթի օրով:




Մտքերս ինձ հետ մի կերպ քարշ տալով` անորոշ շարժումներս հովին ու տաքին հանձնած` չնկատեցի, թե ինչպես մի պահ լռությունը փշրվեց: Նրա տեղից կտրուկ ելնելն գնդակով երեխաների փշրած ապակու ձայն հիշեցրեց: Ես էլ չտրտնջալով նայում էի նրա ետեւից: ՈՒ՞ր գնաց, ինչու՞ մանավանդ հենց հիմա: Չցանկացա ոչ մի բան իմանալ, մինչեւ այն պահը, երբ ժպտակիսադեմ հայտնվեց` սեղանին դնելով Ալեքսանյան արտադրության մի շիշ օղի: Ես գիտեի, որ ինքը խնամիաբարեկամական սերտ հարաբերություններ ունի… բայց չգիտեի, որ ինձ էլ չի ուզում ներքաշել` դիտորդի անմեղսունակ կարգավիճակով:




Իմ կողմից լավագույնը` լռելն էր, նրա կողմից` առավելագույնը` լցնելը, մինչեւ շշի լիակատար ու վերջնական սպառում: Իմ համբերությունն էլ կարծես օղու ամենավերջին կաթիլի հետ սպառվեց: Ուզում էի, նույնիսկ շատ էի ուզում ասել. «Իմ ներկայությամբ ներկա գաղափարդ ե՞րբ ծագեց կամ մեր հարցազրույցը խմելու վնասակարությունի՞ց ես ուզում սկսել»: Բան չասացի, որովհետեւ… չհասցրեցի, ինքը արագ քայլերով մտքերիցս ավելի առաջ էր ընկել` անհետանալով սրճարանի դռների մեջ…
Մնացի մենակ, կիսափլված, ոնցոր Անիի Սմբատյան դարպասները: Ականջիս Գեւորգի ձայնն էր. «Էդ հարցազրույցի որ գնում ես, մինչեւ ու՞ր ես գնում»: Հանկարծ նկատեցի, որ սուրճիս բաժակն էլ չկայացած հարցազրույցի պես չխմված մնաց: Նայում, նայում եմ, կարծես մեջը արաղ լինի` դատարկված շշի հովանու ներքո: Ինձ լռության կարտոլի հորից հանելու անվերահսկելի ճիգեր անելու պահին, երբ ուզում էի դուրս գալ, հանկարծ սրճարանի լուսավորությունը մթնեց… իմ մեկ այլ ծանոթի` Սեւամածի հայտնությամբ: Ծաղկած ժպիտը դեմքին` ոնցոր Բասարգեչարից բերված, թարմ-թարմ քաղված ծաղկակաղամբ: Նա անթառամ ժպիտով ինչ որ բան էր ուզում ասել, բայց տեղիցս արդեն ելել` շփոթված պայուսակիս փոխարեն աթոռի թիկնակն էի ամուր բռնել ու քաշում էի դեպի ինձ: Ժպիտ` դու ժպիտ, միանգամից ո՞նց թառամեց նրա դեմքին, ոչ ինքն հասկացավ, թե ինչու, ոչ ես հասկացա, թե` ինչպես:




Սեւամածի անակնկալ հայտնությամբ տրամադրությունս բացվեց` ոնցոր Կոշի գաղութի դռները երկարաժամկետ կալանավորվածի առաջ: Մնում է Գեւորգին հետաքրքրող հայրենական ամոթահար-կարմրած գծանշումներին ու դարանակալ արագաչափերին վերաբերող հարցերին պատասխանեմ, որ չսկսված հարցազրույցը վերջնականապես… հարամված չհամարեմ:



 




Արթուր Անդրանիկյան