«Հարավային հոսք»-ից մինչև հարավային հոսանքներ

«Հարավային հոսք»-ից մինչև հարավային հոսանքներ

Ռուսաստանը երևի թե իր ամենավատ երազում էլ չէր կարող տեսնել, որ ՙՀարավային հոսք՚ գազատարի շինարարությունը որևէ խառնակչության արդյունքում կարող է կասեցվել: Այդ հիրավի պատկառելի ծրագիրը, որ ստացել է ՙԵվրոպայի երրորդ էներգետիկ փաթեթ՚ անվանումը և հին աշխարհամասին հնարավորություն էր տալու Ուկրաինան շրջանցող այլընտրանքային գազ ստանալ, հետևաբար նաև` էներգետիկ անկախության լրացուցիչ չափաբաժին ձեռք բերել, այսօր, քաղաքական ինտրիգների պատճառով կանգնած է տապալման եզրին: Պարզապես աներևակայելի է, թե ինչպե՞ս կարող է երկնագույն վառելիքի կարիք ունեցող ԵՄ-ն կանգնեցնել մի շինարարություն, որը լուծելու է այդ վառելիքի խնդիրը:



 



ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ֆինլանդիայում հայտարարեց, որ սա Ռուսաստանին որոշակի քայլեր պարտադրելու նպատակ է հետապնդում: ՙՄեզ ասում են` շինարարությունը չի վերսկսվի, մինչև Մոսկվան չճանաչի Կիևի իշխանություններին: Դուք սա նորմալ համարո՞ւմ եք՚,- լրագրողների հետ հանդիպմանը անկեղծացել էր ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը: Այո, գերտերության արտգործնախարարի զարմանքը հասկանալի է:  Սա շատ նման է այն բանին, որ Ռուսաստանն էլ ասի` գազ չեմ տա, մինչև չճանաչեք բասկերի անկախությունը, Կոսովոն չվերադարձնեք Սերբիային կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաջորդ նիստում չընդունեք Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին:



 



Միանշանակ, սխալ կլինի հարցը դիտարկել որպես հերթական տնտեսական պատժամիջոց Ռուսաստանի դեմ: ՙՀարավային հոսք՚-ը շատ ավելին է, քան գազ ծախել-առնելու պարզ գործարքը: Այդ գազատարն աշխարհաքաղաքական բազմաթիվ խնդիրների լուծման բանալի է և դրա գործարկումից ու հետագա զարգացումից են կախված արդեն այսրոպեական լուծումներ պահանջող շատ ու շատ հարցեր, որոնք ընդգրկում են Միջին Ասիայից մինչև Սիրիա և Եգիպտոս ընկած հսկայական տարածաշրջանը: Ուկրաինայի հարցն այս ողջ պատմության մեջ ավելին չէ, քան մի փոքր միջադեպը: Կարելի է ասել` այն լավ առիթ հանդիսացավ Ռուսաստանի ազդեցությունը նշված տարածաշրջանում թուլացնելու` Արևմուտքի գլխավոր նպատակի իրականացման համար: Գազատարի շինարարության դադարեցումը Արևմուտքի առաջին լուրջ հարվածն էր Ռուսաստանին, որով նա ցույց տվեց, որ վերջինս չի կարող հավակնել Արևելքի էներգակիրները Եվրոպա արտահանողի գլխավոր դերակատարությանը:



 



ՙՀարավային հոսք՚-ի շինարարությունը հանկարծ դադարում է այն բանից հետո, երբ արդեն Ուկրաինայում տեղի էին ունեցել նախագահական ընտրությունները: Հարց` ինչո՞ւ Արևմուտքն այդ քայլին չգնաց, երբ Ղրիմն էին միացնում Ռուսաստանին: Ինչո՞ւ են գազատարի կառուցման աշխատանքները դադարեցնում այն բանից հետո, երբ Պուտինը Փարիզում հանդիպում է Ուկրաինայի նախագահին, ձեռքով բարևում նրան, իակ Պորոշենկոն էլ հայտարարում է, որ Պուտինն ընդունել է Ուկրաինայի արևելքում խաղաղություն հաստատելու իր երեք առաջարկները: Այս ամենից պետք է հետևություն անել, որ ՙՀարավային հոսքի՚ շինարարության դադարեցումը կապված է ոչ այնքան Կիևի իշխանությունների ճանաչման հետ, ինչպես Լավրովն է ասում, այլ շատ ավելի լուրջ գործընթացների հետ, որոնցից Ռուսաստանի դուրսմղումը կյանքի ու մահու հարց է դարձել Արևմուտքի համար:



 



Այս օրերին ինտենսիվ բանակցություններ են ընթանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Այդ բանակցություններում Ռուսաստանի, հետևաբար նաև Իրանի դիրքերը թուլացնող ավելի լավ քայլ, քան ՙՀարավային հոսքի՚ կասեցումն է, երևի չէր էլ կարելի մտածել: Սա յուրօրինակ հեռահար պատժամիջոց էր ոչ միայն Ռուսաստանի այլև Իրանի համար, որի էներգետիկ խոշոր ծրագրերի մեջ էր մտնում նաև ՙՀարավային հոսքին՚ միանալը և այդ կերպ Եվրոպա գազ արտահանելը: Փաստորեն Իրանը զրկվում է այլընտրանքային ճանապարհից և ստիպված կլինի շատ ավելի մեծ զիջումների գնալ իր միջուկային ծրագրի շուրջ Արևմուտքի հետ բանակցություններում և, հետագա բարդություններից խուսափելու համար, պարտնյորի դերում քննարկել ոչ թե Ռուսաստանի, այլ արևմտյան գերտերու թեկնածությունը:



 



Արևմուտքի աչքից չվրիպեցին նաև Ադրբեջանին Մաքսային միություն և Եվրասիական տնտեսական միություն ներգրավելու Ռուսաստանի ակնհայտ սիրաշահող փորձերը: Իսկ Ադրբեջանն այն երկիրն է, որին բացարձակապես ձեռնտու չէ ՙՀարավային հոսքը՚, որովհետև այդ գազատարն ինքնին մրցակից է հանդիսանում Ադրբեջանից Թուրքիա ձգվող էներգետիկ խողովակաշարերի համար, որոնց արդյունավետությունը մեծապես կախված էր ՙՀարավային հոսքի՚ հաջողության աստիճանից: Հիմա արդեն պարզ է, որ Ադրբեջանը շատ ավելի ոգևորված է այս նորությունից, քան մտահոգ, ինչը տարօրինակ է Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ունեցող երկրի պարագայում: Համենայն դեպես Ադրբեջանի մասին մինչև վերջերս այդպիսի կարծիք ունեին ռուսները:



 



Պուտինը հիմա լիուլի ըմբոշխնում է Ալիևի նամակի ընթերցանության ժամանակ գլխի դրական թափահարումների հետևանքը: Պուտինը հիմա բոլորովին այլ աչքով կնայի նաև Նազարբաևի վարքագծին, որ հանդիսանալով ՄՄ հիմնադիր անդամներից մեկը, Արևմուտքի, Ադրբեջանի և Թուրքիայի խաղն է խաղում` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու երեսպաշտական հրավերներ անելով Թուրքիային: Ավելորդ է ասելը նույնիսկ, որ Ռուսաստանի ազդեցության թուլացման պայմաններում ողջ Միջին Ասիայում գերիշխող դիրք կարող է ստանալ Ղազախստանը` ոչ միայն տնտեսական խնդիրներում, այլև պանթուրանական գաղափարախոսության տարածման և հսկայական թուրքական աշխարհի ձևավորման հարցում:



 



Չենք ուզում շտապել և ասել, որ ՙՀարավային հոսք՚-ի կասեցումը կարող է որոշ ժամանակով հետաձգել կամ անհնարին դարձնել Եվրոպական տնտեսական միության հետագա կազմակերպման ու ընդարձակման գործընթացը: Պարզապես ակնհայտ է արդեն, որ այս ամենը նախաձեռնողին` Ռուսաստանին, Մաքսային միություն կոչվածն սկսել է ավելի շատ խանգարել, քան օգնել: Ռուսաստանը պետք է լուրջ վերահաշվարկներ անի` հասկանալու համար, թե ի՞նչ կացության մեջ կարող է հայտնվել ինքը, եթե ապագա միության իր գործընկերները կողքից իրենց սեփական խաղը խաղան ու սկսեն քաղաքական պայմաններ թելադրել իր տնտեսությանը:



 



Էդիկ Անդրեասյան






Հ.Գ. Անշուշտ շատ ծիծաղելի կլինի, եթե նույնիսկ այս իրավիճակում Հայաստանը գնա ստորագրելու Նազարբաևի և Ալիևի կողմից մեզ ներկայացված ճանապարհային քարտեզի տակ: Հուլիսի 1-ը, մեր կարծիքով, պետք է հռչակել Հայաստանի և Արցախի նոր Անկախության օր և մտածել հետագա անելիքների մասին: Առնվազն մենք էլ պիտի հաշվարկ կատարենք` ինչ ենք շահում և ինչ ենք կորցնում Ռուսաստանի թուլացուման կամ Արևմուտքի հաղթական առաջխաղացման արդյունքում:



Որոշում կայացնելը հեշտ չի լինելու:



Նախիջևանի տարածքից հնչած կրակոցները ոչ այնքան Հայաստանի, որքան Ռուսաստանի նյարդերը փորձարկելու համար էին: Մենք սա գիտենք, բայց չենք ուզում խոստովանել, որովհետև, եթե խոստովանենք, պիտի սկսենք նաև վերհիշել, թե ինչպես եղավ, որ Վանը հանձնեցինք, Կարսը հանձնեցինք, Աևմտյան Հայաստանը հանձնեցինք, ինչ է, թե ռուսը չկռվեց մեզ համար:



Բայց մյուս կողմից էլ` թե հույսներս մեզ վրա ենք միայն դնում, թուրքն է կոտորում և Արևմուտքի նավերը, այ քեզ թարսություն, չեն կարողանում հայկական լեռները բարձրանալ: Դուք ամերիկացի Ջեյմս Ուորլիքի խելքին նայեք: Ասում է` ազատագրված տարածքները պետք է վերադարձնեք, իսկ Լաչինի միջանցքի լայնությունն էլ մետրով պիտի չափենք: Ասում է` սա Ղարաբաղի հարցի լուծման իմ երկրի տեսլականն է: Ջեզ պահեք ձեր տեսլականները և ավելի լավ է հայությանը բացատրեք, թե ինչո՞ւ է ՆԱՏՕ-ի երկիրը կրակում հայ զինվորի վրա:



Ահա, այսպիսի «Հարավային հոսք»: