Վերնիսաժ` հին վայր, նոր շունչ ու թարմ տեսք

Վերնիսաժ` հին վայր, նոր շունչ ու թարմ տեսք

1980-ական թթ. կեսերին Երևանում` ներկայիս Մարտիրոս Սարյանի անվան այգու տարածքում, ցուցահանդես բացվեց բաց երկնքի տակ: Հիմնականում նկարներ էին ցուցադրվում և վաճառվում: Այն ստացավ «Վերնիսաժ» անվանումը, որ մատնացույց էր անում վերնիսաժային մշակույթի ձևավորումը Երևանում, հետագայում` ողջ Հայաստանում:




Ժամանակի ընթացքում Վերնիսաժը բաժանվեց 2 մասի` նկարիչների մի մասը մնաց Մարտիրոս Սարյանի այգում, իսկ մնացած արվեստագետների ու արհեստավորների համար տեղ հատկացվեց Հանրապետության հրապարակին կից այգում: Պաշտոնական բացումից շատ ավելի ուշ որոշվեց, որ այս տոնավաճառը պետք է գործի միայն հանգստյան` շաբաթ և կիրակի օրերին: Այդ օրերից՝ 1987 թվականից ի վեր Վերնիսաժի տարածքը գտնվում է Հարություն Նավասարդյանի հսկողության տակ։ Վերջինիս կարող ենք վստահորեն անվանել Վերնիսաժի հիմնադիր, ով Երևանի քաղաքապետարանից վարձակալում է տարածքը, ապա վարձույթով այն հանձնում առևտրականներին։



 



Հարություն Նավասարդյանի տարիների աշխատանքի շնորհիվ այսօր Վերնիսաժը դարձել է ամենահայտնի վայրերից մեկը, որտեղ ներկայացվում է հայկական մշակութն իր բազմազանությամբ։ Նավասարդյանի նախաձեռնությամբ այստեղ դեռ տարիներ առաջ տեղադրվել են հատուկ հարմարեցված տաղավարներ առևտրականների համար, ծածկ ու հովանոցներ, ինչը թույլ է տալիս առևտուրը կազմակերպել անգամ եղանակային վատ պայմանների ժամանակ։




Արդեն 34 տարի է, ինչ ամեն շաբաթվա վերջում շուրջ հազար մարդ Վերնիսաժում վաճառքի է հանում ժամանակակից հայ գեղանկարիչների գործեր, ավանդական ձեռագործ աշխատանքներ, գորգեր, ազգային երաժշտական նվագարաններ, արծաթե ու ոսկե զարդեր և այլ մշակութային, կենցաղային իրեր, հուշանվերներ։




Երևանի կենտրոնում գտնվող բացօթյա շուկան հայտնի է թե՛ տեղացիների, և թե՛ զբոսաշրջիկների ու այցելուների շրջանում, որոնք գալիս են այստեղ գնելու կամ պարզապես դիտելու ցուցադրվող ապրանքները: Այնպես, ինչպես կգնային թանգարան, պատկերասրահ:



 



Այստեղ կարող եք ձեռք բերել արվեստի իրեր, կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, ոսկերչական իրեր, գորգեր, Հայաստանի լանդշաֆտների պատկերմամբ նկարներ, ազգային երաժշտական գործիքներ, տիկնիկներ, քարե, փայտե, կավե, մետաղե իրեր, խեցեղեն: Երբեմն կարելի է գտնել նաև խորհրդային տարիների հետաքրքիր իրեր՝ գրքեր, կենցաղային պարագաներ, անգամ մեդալներ ու համազգեստի նմուշներ:



 



Հասցե՝ Երևան, Բուզանդի փ.