Հեմինգուեյից ավելի բարդ «Ղարաբաղ կոմիտեն»

Հեմինգուեյից ավելի բարդ «Ղարաբաղ կոմիտեն»

Հեմինգուեյը մի գրվածք ունի Banal Story («Առօրեական պատմություն»): Երկրագնդի վրա ինչ-որ վայրում, 1925թ.-ին, առավոտյան նարինջ ըմբոշխնելիս թերթերն աչքի անցկացնող մի մարդ մտորում է աշխարհի մասին: Մտորումներից մեկն այն է՝ արդյոք ցանկալի են ուժե՞ղ մարդիկ, թե՞ բարեկրթված (Do we want big men-or do we want them cultured?): Մեկ դար հետո իրականությունն ավելի բարդ է, որովհետեւ եզակիի ու շարքայինի իրարամերժ էությունները երբեմն նույն մարդկանց մեջ են ձուլվում, եզակի ու շարքային կյանքերը իրար են հաջորդում:



 



Նախորդ օրը, հայտնվեց, որ մահացել է Ղարաբաղ կոմիտեի անդամներից Սամվել Գեւորգյանը: Երրորդ հեռացող անձը «Ղարաբաղ կոմիտեի» 11 անդամներից: Ակամա հիշեցի Հեմինգուեյի Banal Story-ն, որովհետեւ երկու ներհակ` եզակի եւ շարքային կյանքերի ձուլվածք է «Ղարաբաղ կոմիտեի» անդամներից յուրաքանչյուրի կյանքը:



 



Մինչ 1988թ նրանք շարքային, բարեկիրթ մարդիկ էին: 88-ից սկսվեց ուժեղ անհատի ժամանակը, երբ նրանց էր նայում ոչ միայն Հայաստանի մի քանի միլիոն բնակչությունը, այլեւ ամբողջ Եվրոպան եւ Արեւմտյան աշխարհը: 1956-ի Բուդապեշտից եւ 1968-ի Պրագայից հետո ո՞վ կպատկերացներ նման հզորագույն ընդվզում տոտալիտար Խորհրդային Միությունում, ինչպիսին առաջնորդում էր «Ղարաբաղ կոմիտեն»:



 



Հետո  այդ մարդիկ համարյա դարձան կիսաստված: 1989-ի մայիսին մոսկովյան բանտարկությունից վերադարձած «Ղարաբաղ կոմիտեին» օդանավակայանից ուղիղ Մատենադարանի հարթակ էին բերել: Նրանք կանգնած էին Մատենադարանի հարթակին, իսկ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից, որտեղ կանգնած էի ինքս, դեռ ծովացած ամբոխի ծայրը չէր երեւում: Որքա՜ն էին այդ օրը Ղարաբաղ կոմիտեի անդամները մոտ կիսաստված լինելուն: Հետո նույն «Ղարաբաղ կոմիտեն» եւ Հանրապետության հրապարակում ու Մելիք-Ադամյանում ծփացող Երեւանը, երբ 1990-ի օգոստոսի 23-ին Հայաստանի անկախության հռչակագիրն էր ընդունվում:



 



Հետո սահմաններին բախումներ, փախստականների խնդիրներ, Մոսկվայում թԽճկ-ի ձախողված տցՑփ, Հայաստանի անկախության հանրաքվե, շրջափակում, պատերազմ, ընդդիմություն, իշխանություն, ստեղծվող բանակ, արտգործնախարարություն, սեփականաշնորհվող գործարաններ, հովհարային անջատումներ, նախագահականում պատմվող անեկդոտներ. «Այս ձմեռն անցնի, հայերով հավաքվենք` նկարվենք», ՀՅԴ-ի գործունեության կասեցում, 1995-ի եւ 96-ի վիճարկված ընտրություններ եւ այդ խելահեղ իրադարձությունների մեջ տարրալուծված ու ոչնչացած «Ղարաբաղ կոմիտե»:



 



Եվս երկու տարի եւ արդեն պետական հեղաշրջում, Տեր-Պետրոսյանի հրաժարական եւ «Ղարաբաղ կոմիտեի» անդամների, նաեւ Սամվել Գեւորգյանի  անվերադարձ վերադարձ շարքային, բարեկիրթ անհատի կյանքի: Եվ հիմա, երբ ցավալիորեն կյանքից հեռացավ «Ղարաբաղ կոմիտեի» եւս մեկ անդամ անհնար է այդ հարցը չտալ` իրենց ապրած երկու կյանքերից ո՞րն էր իրական` այն կյանքը, որտեղ իրենք կիասատվա՞ծ էին, թե՞ մյուսը` երբ շարքային քաղաքացի էին:  



 



Թեեւ ինչ էլ մտածեն կամ ասեն «Ղարաբաղ կոմիտեի» անդամները իրենց եւ կյանքի մասին, անջնջելի իրողությունն այն է, որ իրենց կյանքի 1988-ից սկսված հատվածը ամենավառ փայլատակող երկու դրվագներից մեկն է 20-րդ դարի Հայաստանի պատմության մեջ: Պատմությունը ինչպես էլ հոլովվի, 20-րդ դարի Հայաստանի պատմության մեջ չկան ավելի արժեքավոր անհատներ եւ գործեր, քան Պողոս Նուբար փաշան եւ նրա պատվիրակության գործունեությունը 20-րդ դարասկզբի Սաքս-Պիկոյի ու Սեւրի բանակցություններում եւ «Ղարաբաղ կոմիտեն» եւ նրա առաջնորդությամբ Հայաստանի անկախության հռչակումն ու Երրորդ Հանրապետության հիմնադրումը 20-րդ դարավերջում:



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]