Պուտինը մոտեցավ վերջնագծին

Պուտինը մոտեցավ վերջնագծին

Առաջիկա ուրբաթը` 2014թ. հունիսի 27-ը, բոլոր հիմքերն ունի Արեւելյան Եվրոպայի ազատագրման եւ Միացյալ Եվրոպայի կերտման տարեգրությունում նշանավոր օրերից մեկը համարվելու: Այս օրը մոտեցրեց Ուկրաինայի ժողովուրդը իր նվիրական պայքարի եւ շուրջ երեք հարյուր նահատակների կյանքի գնով: Այս օրն իրականություն դարձրեց Եվրոպան, աննախադեպ համախմբումով, միասնականությամբ եւ եվրոպական մարցամաքը, արժեքներն ու դրվածքները ռուսական բարբարոսությունից պաշտպանելու վճռականությամբ:



 



Հունիսի 27-ին Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը կստորագրեն Ասոցացման համաձայնագրերը Եվրոպական Միության հետ, հուսանք՝ առհավետ հեռանալով չարիքի կայսրությունից, ինչպիսին Խորհրդային Միությունն էր, եւ ինչպիսին դառնալու ոչ քիչ նախադրյալներ է կուտակել մերօրյա Ռուսաստանի Դաշնությունը:    



 



Բայց հունիսի 27-ը կարեւոր ռուբիկոն է նաեւ Ռուսաստանի համար:



 



Այս շաբաթվա սկզբից ի վեր երեք նախազգուշացում արվեց Ռուսաստանին առ այն, որ կամ Ռուսաստանը եւ նախագահ Պուտինը պետք է դադարեցնեն ռուս-ուկրաինական սահմանով զենք-զինամթերք եւ քրեական մարդուժ տրամադրելը Դոնեցկի եւ Լուգանսկի պրոռուս անջատողականներին, կամ էլ ի պատասխան Ուկրաինայում իրադրությունը ապակայունացնելու Մոսկվայի քաղաքականության` վերջապես Ռուսաստանի դեմ ոլորտային տնտեսական պատժամիջոցները կյանքի կկոչվեն:



 



Երկուշաբթի այդ մասին հայտարարեց Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը` Բրյուսելում գումարվող ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից առաջ: Նիստից հետո լեդի Էշթոնը հայտարարեց ԵՄ 28 արտգործնախարարների դիրքորոշումը` անցնել Ռուսաստանի դեմ երրորդ փուլի սանկցիաներին, եթե Մոսկվան  առաջիկա օրերին գործով չսատարի Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խաղաղության ծրագրին եւ չդադարեցնի աջակցությունն Ուկրաինայի անջատողականներին: Վերջապես, նույն երկուշաբթի օրը նախագահ Օբաման է հեռախոսազրույց ունեցել ՌԴ նախագահի հետ` դարձյալ հիշեցնելով վերհաս պատժամիջոցների մասին, եթե Մոսկվան չաջակցի իրադրության լիցքաթափմանն Ուկրաինայի հարավում:



 



Բոլոր այդ ճնշումների արդյունքը երեկ հայտնի դարձավ: Նախագահ Պուտինը երեկ դիմեց Պետդումայի Վերին պալատին, որպեսզի վերջինս չեղյալ հայտարարի ՌԴ նախագահի դիմումի հիման վրա 2014թ. մարտի 1-ին կայացրած որոշումը, որով արտոնվում էր Ուկրաինայում ռուսական զինուժ կիրառել: Հիմա, երբ պարզից էլ պարզ է, որ դա հնարավոր չէ անել առանց Ուկրաինայի հետ երկարատեւ պատերազմի մեջ ներքաշվելու եւ Ռուսաստանի տնտեսությունը վերջնականապես քանդելու, Վլադիմիր Պուտինը որոշել է պաշտոնապես դադարեցնել մարտի 1-ի որոշման գործողությունը` դա մատուցելով իբրեւ բարի կամքի ժեստ: Ժեստը ողջույնների է արժանացել Կիեւում եւ եվրոպական մայրաքաղաքներում: Խնդիրը, սակայն, ժեստերը չեն, այլ  պրոռուս հանցագործների գործունեությունը դադարեցնելը Դոնեցկում եւ Լուգանսկում:



 



Որքան էլ նախագահ Պուտինը հեքիաթներ պատմի, թե ոչ ինքը, ոչ իր կառավարած երկիրը կապ չունեն Ուկրաինայում ծագած եւ հանգուցալուծում չգտնող ներքին ճգնաժամի հետ, այդպես կարող է հիմարեցնել միայն սեփական քաղաքացիներին: Մնացյալ աշխարհի համար ռուսական ստահոդ քարոզչությունը քիչ արժեք ունի: Աշխարհը Մոսկվայից սպասում է իրական քայլերի, այլապես Ռուսաստանը պետք է աշխարհից սպասի իր տնտեսության համար ծանրագույն հարվածների թիրախային ոլորտներում: Տեսնենք, թե ում սպասումները կարդարացնի ընթացիկ շաբաթը:



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]