Եվրոպայի տրիումֆը, Պուտինին տրված ժամկետը

Եվրոպայի տրիումֆը, Պուտինին տրված ժամկետը

Երեկ ավարտվեց Եվրոպական խորհրդի երկօրյա գագաթնաժողովը, որին մասնակցում էին ԵՄ 28 անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները: Հունիսի 26-ին գագաթնաժողովը գումարվել էր Բելգիայի Իփրեյ բնակավայրում, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մի շարք նշանակալից ճակատամարտեր են ընթացել: Եվրոպայի ղեկավարները ժամանել էին Իփրեյ՝ վերհիշելու ամառային այն օրը ճիշտ հարյուր տարի առաջ` 1914-ի հունիսի 28-ին, երբ Սարաեւոյում հնչեց Ավստրիայի արքհերցոգ Ֆրանց Ֆերդինանդին սպանած կրակոցը, ինչից սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը:



 



Եվրոպական խորհրդի նախագահ Հերմեն Վան Ռոմպույը երեւի ներկա բոլոր ղեկավարների տրամադրությունն էր արտահայտել իր խոսքում, ասելով, թե «իբրեւ մարդ՝ Իփրեյում ինքը միայն կցանկանար լռել, իբրեւ Եվրոպական խորհրդի նախագահ՝ կփորձի խոսել»: Ռոմպույը ցավ էր հայտնել անցյալի անիմաստ ու դաժան պատերազմների համար եւ նշել այն համերաշխությունն ու միասնականությունը, որին այսօր հասել է քաղաքակիրթ ժողովուրդների մայրցամաքը` Եվրոպան:



 



Եվրոպայի մերօրյա նվաճումներն ամրապնդվեցին գագաթնաժողովի երկրորդ օրը, երբ ԵՄ 28 երկրների ղեկավարներն ստորագրեցին Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագրերը՝ հուզիչ եւ հաղթական մթնոլորտում: 1952-ին, «Եվրոպայի ածխի եւ պողպատի համայնքի» հիմադրումից մինչ այսօր, Եվրոպական Միությունը երբեք ու ոչ մի երկրի հետ չէր կնքել այնքան խորը եւ համապարփակ ինտեգրում ուրվագծող պայմանագիր, ինչպիսին Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի հետ բանակցված Ասոցացման համաձայնագրերն էին: Եվ որեւէ Ասոցացման համաձայնագիր այնքան բարդություններով, ընդհարումների եւ զոհերի գնով ուղի չէր հարթել, որքան այս համաձայնագրերը: Իրերի խորքին նայելով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի միասնականությանը, կայունությանը եւ անվտանգությանն այնպիսի մարտահրավեր չէր նետվել, ինչպիսին նետեց Ռուսաստանում իշխող ռեժիմը Վիլնյուսի գագաթնաժողովից հետո: Եվ ոչինչ այնպես չէր միավորել Եվրոպային իր արժեքները եւ դրվածքները պաշտպանելու համար, ինչպես Ռուսաստանի մարտահրավերը:



 



Ռուսաստանին պատասխանեց ոչ միայն Եվրոպան, այլեւ ողջ աշխարհը, ինչն էլ նախագահ Պուտինին ստիպեց Ղրիմի արկածախնդրությունից հետո սթափվել եւ նահանջել: Ոչ Պուտինը, ոչ էլ Ռուսաստանը, բացի իրենց վնասելուց, ուրիշ ոչնչի չկարողացան հասնել: Երեկ ոչ միայն հանդիսավորությամբ ստորագրվեցին Ասոցացման համաձայնագրերը, այլեւ Բրյուսելից հնչեց, որ դրանք քաղաքական, տնտեսական եւ աշխարհաքաղաքական փոփոխություններ են կյանքի կոչում: Ամենաէական փոփոխության մասին էլ հայտարարվեց նախօրեին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում` ՆԱՏՕ-ի դեպի Արեւելք ընդլայնվելու ծրագիրը, որը կքննարկվի սեպտեմբերին, Ուելսում:



 



Իսկ ահա Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու համար ոչ ոք չի պատրաստվում մի քանի ամիս սպասել: Երեկ Ռուսաստանին ԵՄ-ի կողմից եռօրյա ժամկետ տրվեց եւ չորս պահանջ ներկայացվեց, որոնք պետք է կատարված լինեն մինչեւ հուլիսի 1-ը: Պահանջների թվում են Դոնեցկում եւ Լուգանսկում գործող պրոռուս անջատողականների կողմից պատանդ վերցված անձանց ազատ արձակումը եւ երեք սահմանային անցակետերի վերադարձնելն Ուկրաինայի իրավապահների հսկողությանը: Եթե պահանջները չկատարվեն, ԵՄ ղեկավարները կգումարեն նոր խորհրդակցություն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները հաստատելու համար: Երեկ հայտարարվեց, որ դրանք արդեն նախապատրաստված են եւ ԵՄ ղեկավարների համապատասխան որոշումից հետո կարող են անմիջապես գործադրվել:



 



Տնտեսական պատժամիջոցները կարող են սկսվել էներգետիկ ոլորտից կամ բանկային, իհարկե, պահպանելով քայլառքայլ ընդլայնվելու եւ խստանալու հնարավորությունը, ինչպես եղել է մինչ այժմ: Արեւմուտքի պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանը ձեռնպահ մնաց ոչ միայն Ուկրաինայի նախագահական ընտրությանը խոչընդոտելուց, այլեւ անգամ Դոնեցկի եւ Լուգանսկի պրոռուս հանցագործներին հրապարակավ սատարելուց: Թե ինչ կորոշի եւ ինչ կանի նախագահ Պուտինը տրված եռօրյա ժամկետում, եւ դրան ինչ կհետեւի ԵՄ-ից, կերեւա հուլիսի 1-ին:



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]