Նազարբաեւը եւ Ռուսաստանի շնչահեղձությունը

Նազարբաեւը եւ Ռուսաստանի շնչահեղձությունը

Գարնանը ՌԴ նախագահի ուղիղ եթերում ընթացող մի ասուլիսի ժամանակ (այն նույն ասուլիսի, երբ Պուտինը հայտարարել էր, թե սկզբում նախկին կնոջը` Լյուդմիլա Ալեքսանդրովնային պիտի ամուսնացնի, հետո իր մասին կմտածի) նաեւ երկրորդ հիշվող դրվագ էր եղել: Ոչ անհայտ Դմիտրի Կիսիլյովը թատերական դիմախաղով եւ կեցվածքներով հարցրել էր, թե ՆԱՏՕ-ն դեռ որքա՞ն է առաջանալու, ինքը տանը նստած շնչահեղջ է լինում` սկզբում ՆԱՏՕ-ն հաստատվեց Վարշավյան պակտի երկրներում, հետո Վրաստանում ազդեցություն տարածեց, հիմա Ուկրաինայում է հաստատվում. “Նրանք մոտենում են մեր սահմաններին, նրանք մեզ խեղդելու են”,- բացականչել էր Կիսիլյովը:



 



Պուտինն էլ այդ հիմարին երկրորդելով, ասել էր. “Нас никто не задушит, это мы задушим всех”: Հետո որպեսզի դրությունը փրկի, շարունակել էր, թե պրն. Կիսիլյով, Դուք Ձեզ հատուկ թատերականությամբ այնպիսի մռայլ պատկեր գծեցիք, իրականում այդպես չէ, եւ այլն: Չգիտեմ Կիսիլյովը հիմա ողջ է թե ոչ, բայց պետք է որ շատ ավելի մտահոգ եւ շնչահեղձությանը մոտեցած լինի, որովհետեւ հուլիսի 1-ից Ռուսաստանի շուրջ ճնշման ոչ միայն երկրորդ այլեւ երրորդ օղակն է հաստատվում:



 



Առաջին, ամենատեսանելի օղակը Ռուսաստանի դեմ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցներն են, որ կարող են այդ երկիրը մեկուսացնելով իրոք բենզալցակայանի վերածել, ինչպես ամերիկյան կոնգրեսականներն են սովորություն դարձրել ասել: Երեկ ԵՄ-ից Ռուսաստանին տրված վերջնաժամկետը լրացավ, Ռուսաստանը որոշ պահանջներ կատարել էր, մասնավորապես ԵԱՀԿ բոլոր պատանդները Լուգանսկում եւ Դոնեցկում ազատ էին արձակվել: Բայց պրոռուս անջատողականները կրակը չէին դադարեցրել, սահմանային երեք անցակետերից մեկն էր վերադարձվել Ուկրաինայի վերահսկողությանը եւ այլն: Մի խոսքով արվել էին կիսաքայլեր, բայց դրանց ի տես Բրյուսելում ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները երեկ որոշել են տնտեսական պատժամիջոցների հաստատումը հետաձգել մեկ շաբաթով:



 



Միեւնույն ժամանակ Ուկրաինայի նախագահը, անսալով հասարակության արդարացի պահանջին, հունիսի 30-ից հետո այլեւս չերկարաձգեց հրադադարի ռեժիմը: Ուկրաինական ուժերը երեկ մի քանի ուղղությամբ հարձակման էին անցել Դոնեցկում եւ Լուգանսկում: Որքան կարելի է հասկանալ` առաջիկա օրերին մարդասիրական միջանցք է բացվելու, որպեսզի խաղաղ բնակչությունը դուրս գա ռազմական բախումների գոտուց, իսկ պրոռուս ահաբեկիչներն ու անջատողականները չեզոքացվեն: Աֆղանական պատերազմի ավարտից քառորդ դար հետո կրկին ցինկե դագաղներով աճյուններ են գնում Ռուսաստան: Միայն թե այս անգամ զոհերը զորակոչված պատանիներ չեն, այլ հավաքագրված հանցագործներ, որոնց աճյուններին երբեմն նույնիսկ տեր չի գտնվում: Ուկրաինայի հետ խնդիրները երկրորդ օղակն է, որ սեղմում է Ռուսաստանի  պարանոցը օբյեկտիվ խնդիրներով եւ տեւական հետեւանքներով:



 



Վերջապես երրորդ օղակը Ռուսաստանի վզին անցկացնում է Ղազախստանի նախագահը: Նորսուլթան Նազարբաեւը, որին ԽՍՀՄ փլուզումից հետո արեւմտյան մամուլը կոչում էր “կարմիր սուլթան”, իրոք արդարացնում է կոչումը: Բավական չէ, որ փայլուն  վերջակետ դրեց ԽՍՀՄ-2 վերականգնելու պուտինյան ցնորամտությանը, բավական չէ, որ ԵՏՄ-ն վերածեց լոկ տնտեսական կառույցի` Առեւտրի համաշխարհային կազմակերպության  չափանիշներին եւ պահանջներին  ստորադասված,  հիմա էլ Ուկրաինայի դեմ տնտեսական արգելքներ կիրառելու Պուտինի ջանքերն է ի դերեւ հանել: Ռուսաստանի շարժումները այժմ պետք է հարմարվեն երեք օղակների իրողությանը` Արեւմուտքի պատժամիջոցների, Ուկրաինայի ռազմական դիմադրության եւ Նազարբաեւի տնտեսական թելադրանքի, որը չգիտես ավելի Չինաստանի հետ է համաձայնեցվում, թե Արեւմուտքի:



 



Եվ այս օղակները ճեղքելու անկարող Պուտինը դեռ հույսեր է տածում, թե Հայաստանը կարող է անդամակցել ԵՏՄ-ին: Գոնե գիտակցությունը այնքան սթափ լիներ, որ ԵՏՄ պայմանագիրը կարդար: Այդ ժամանակ ՌԴ նախագահը կգիտակցեր, որ Նազարբաեւը եւ Լուկաշենկոն վաղուց եւ վերջնականապես փակել են ԵՏՄ անդամակցության թեման: Դա հնարավոր չէ իրավաբանորեն, համաձայն Աստանայում ստորագրված տեքստի: Իսկ այդ տեքստը փոխելն էլ Պուտինի բոլոր հնարավորություններից է վեր: Խոսքը որոշակի պայմաններով, իբրեւ երրորդ կողմ, ԵՏՄ պայմանագրին միանալու մասին է: Դա էլ` եթե լինի: 



 



Լուսինե Պետրոսյան