ԵՏՄ գործընթացը գրվեց սառույցին

ԵՏՄ գործընթացը գրվեց սառույցին

Դեռ 2013-ի սեպտեմբերի 3-ից հասկանալի էր, որ Մաքսային Միությանը, հետագայում էլ ԵՏՄ-ին միանալու Հայաստանի իբր ցանկությունը եւ դրա իրագործման գործընթացը դասական բլեֆ է: Այդ բլեֆը հաստատվեց հետագա բոլոր հանգրվաններում, երբ Մաքսային եռյակն իր հավաքներում ամեն անգամ նշում էր Հայաստանի անունը, ռուսական կամ պրոռուսական քարոզչամեքենան Հայաստանում օրնիբուն դատարկախոսում էր Հայաստանի` ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին միանալու միասին, իսկ գործնականում այդ ուղղությամբ գոնե մի չոփ տեղից չէր շարժվում: Համարյա՝ ինչպես կոմունիզմի կառուցումը ԽՍՀՄ-ում:



 



Սակայն,  ինչպես ժամանակին ԽՍՀՄ-ն ու կոմունիզմը փլուզվեցին, այնպես էլ երեկ ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին հորինվածքը վերջացավ: Երեկ միակ լուրջ եւ կշիռ ունեցող անձը ՄՄ-ում կամ ԵՏՄ-ում՝ Ղազախստանի նախագահը, հրապարակավ Վլադիմիր Պուտինին բացատրեց, որ Հայաստանն ինչ-որ թղթեր ԵՏՄ-ի հետ կարող է, հնարավոր է, միգուցե, չի բացառվում ստորագրի 2014-ի հոկտեմբերին: Նազարբաեւն անձամբ չէր խոսել, Ղազախստանի ԱԳ նախարարն էր Twitter ցանցում գրառում թողել: Բայց զրոյական հավանականություն է, թե Աստանայում Պուտինի  նախօրեի հայտարարությանը տեղյակ չէին (Պուտինը հույսեր ուներ, թե Հայաստանը մոտ ապագայում կանդամակցի ԵՏՄ-ին, երբ այդ կառույցին անդամակցելու մեխանիզմ գոյություն չունի) եւ հենց Պուտինի դեմքին չէին շրխկացնում նոր ժամկետը: Առավել եւս անհավանական է, թե դա արվում էր առանց նախագահ Նազարբաեւի ցուցումի:



 



Եվս մեկ պատճառ՝ վերստին արեւշատություն, կորով ու նորանոր հաջողություններ մաղթելու Նուրսուլթան Նազարբաեւին, ով կամա, թե ակամա Հայաստանի համար այսօր անում է ավելին, քան որեւէ այլ երկրի նախագահ, այդ թվում՝ Հայաստանի: Բայց դա դեռ կես-գործն է: Առավել դուրեկանն այն է, որ Նազարբաեւը միջազգային մեկուսացման մեջ հայտնված Ռուսաստանի վզին է նոր օղակ անցկացնում:



 



Գարնանը ՌԴ նախագահի ուղիղ եթերում ընթացող մի ասուլիսի ժամանակ (այն նույն ասուլիսի, երբ Պուտինը հայտարարել էր, թե սկզբում նախկին կնոջը` Լյուդմիլա Ալեքսանդրովնային պիտի ամուսնացնի, հետո իր մասին կմտածի) ոչ անհայտ Դմիտրի Կիսելյովն էր թատերական դիմախաղով եւ կեցվածքներով հարցրել, թե ՆԱՏՕ-ն դեռ որքա՞ն է առաջանալու, ինքը տանը նստած շնչահեղձ է լինում` սկզբում ՆԱՏՕ-ն հաստատվեց Վարշավյան պակտի երկրներում, հետո Վրաստանում ազդեցություն տարածեց, հիմա Ուկրաինայում է հաստատվում: «Նրանք մոտենում են մեր սահմաններին, նրանք մեզ խեղդելու են»,- բացականչել էր Կիսելյովը:



 



Պուտինն էլ, այդ հիմարին երկրորդելով, ասել էր. «Нас никто не задушит, это мы задушим всех»: Հետո, որպեսզի դրությունը փրկի, շարունակել էր, թե պրն. Կիսելյով, Դուք Ձեզ հատուկ թատերականությամբ այնպիսի մռայլ պատկեր գծեցիք, իրականում այդպես չէ, եւ այլն: Չգիտեմ՝ Կիսելյովը հիմա ողջ է, թե ոչ, բայց պետք է որ շատ ավելի մտահոգ եւ շնչահեղձությանը մոտեցած լինի, որովհետեւ այժմ Ռուսաստանի շուրջ ճնշման երկրորդ եւ երրորդ օղակն է հաստատվում:



 



Առաջին եւ ամենատեսանելի օղակը Ռուսաստանի դեմ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցներն են, որ կարող են այդ երկիրը մեկուսացնելով իրոք բենզալցակայանի վերածել, ինչպես ամերիկյան կոնգրեսականներն են սովորություն դարձրել ասել: ԵՄ-ից Ռուսաստանին տրված վերջնաժամկետը հուլիսի 1-ին լրացավ, Ռուսաստանը որոշ պահանջներ կատարել էր, մասնավորապես ԵԱՀԿ բոլոր պատանդները Լուգանսկում եւ Դոնեցկում ազատ էին արձակվել: Բայց պրոռուս անջատողականները կրակը չէին դադարեցրել, սահմանային երեք անցակետերից մեկն էր վերադարձվել Ուկրաինայի վերահսկողությանը եւ այլն: Մի խոսքով, արվել էին կիսաքայլեր, բայց դրանց ի տես՝ Բրյուսելում ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները հուլիսի 1-ին որոշեցին տնտեսական պատժամիջոցների հաստատումը հետաձգել մեկ շաբաթով:



 



Միեւնույն ժամանակ Ուկրաինայի նախագահը, անսալով հասարակության արդարացի պահանջին, հունիսի 30-ից հետո այլեւս չերկարաձգեց հրադադարի ռեժիմը: Ուկրաինական ուժերն անցան հարձակման Դոնեցկում եւ Լուգանսկում: Առաջիկա օրերին մարդասիրական միջանցք է բացվելու, որպեսզի խաղաղ բնակչությունը դուրս գա ռազմական բախումների գոտուց, իսկ պրոռուս ահաբեկիչներն ու անջատողականները չեզոքացվեն: Աֆղանական պատերազմի ավարտից քառորդ դար հետո կրկին ցինկե դագաղներով աճյուններ են գնում Ռուսաստան: Ուկրաինայի հետ խնդիրները երկրորդ օղակն է, որ սեղմում է Ռուսաստանի  պարանոցը օբյեկտիվ խնդիրներով եւ տեւական հետեւանքներով:



 



Վերջապես երրորդ օղակը Ռուսաստանի վզին անցկացնում է Ղազախստանի նախագահը: Նուրսուլթան Նազարբաեւը, որին ԽՍՀՄ փլուզումից հետո արեւմտյան մամուլը կոչում էր «կարմիր սուլթան», իրոք արդարացնում է կոչումը: Բավական չէ, որ փայլուն  վերջակետ դրեց ԽՍՀՄ-2 վերականգնելու պուտինյան ցնորամտությանը, բավական չէ, որ ԵՏՄ-ն վերածեց լոկ տնտեսական կառույցի` Առեւտրի համաշխարհային կազմակերպության  չափանիշներին եւ պահանջներին  ստորադասված,  հիմա էլ Ուկրաինայի դեմ տնտեսական արգելքներ կիրառելու Պուտինի ջանքերն ի դերեւ հանեց եւ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու գործընթացը գրեց սառույցին: Ռուսաստանի շարժումներն այժմ պետք է հարմարվեն երեք օղակների իրողությանը` Արեւմուտքի պատժամիջոցների, Ուկրաինայի ռազմական դիմադրության եւ Նազարբաեւի տնտեսական թելադրանքի, որը չգիտես՝ ավելի Չինաստանի հետ է համաձայնեցվում, թե Արեւմուտքի, բայց ավելի քան համապատասխանում է Հայաստանի շահերին:



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]