Հ1-ի մեկնաբաններին պետք է արգելել ֆուտբոլին մոտենալ. Ռուբեն Հայրապետյան

Հ1-ի մեկնաբաններին պետք է արգելել ֆուտբոլին մոտենալ. Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս հանդիպել է Հանրային հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբաններին ու կշտամբել խայտառակ մեկնաբանության համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՖՖ նախագահը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Հ1-ի մեկնաբանների աշխատանքը:



 



«Ո՞նց կարելի է գնահատականներ տալ նրանց աշխատանքին: Ես ուղղակի վատ եմ զգում, որ իմ երկրում Հանրային հեռուստաընկերությունը այսպիսի խայտառակ մեկնաբանություն ունի: Նրանք ֆուտբոլ չեն մեկնաբանում, նրանք վատաբանում են, վարկաբեկում ֆուտբոլիստներին, հավաքականներին, հակաեթերային բառեր օգտագործում: Ֆուտբոլը նրա համար է, որ մարդիկ հաճույք ստանան, սա արվեստ է, արհեստ, քաղաքականություն: Ֆուտբոլ չենք նայում տհաճություն զգալու համար»,- Հայրապետյանը:



 



Նրա խոսքով՝ այսօր հենց այս մեկնաբանների պատճառով է, որ հայերը Աշխարհի առաջնությանը հետեւում են ռուսական հեռուստալիքներով: Իսկ պատճառն այն է, որ մեր մեկնաբանները չեն հասկանում ֆուտբոլը. «Օրինակ Սլավա Սարգսյանը քիչ թե շատ ֆուտբոլից հասկանում է, Բրազիլիա-Գերմանիա խաղին տակտիկական միտք էր ուզում ասել, բայց էն մորուքավոր մեկնաբանը խանգարեց ու էդպես 10 անգամ առնվազն: Մի քանի անգամ խոսել եմ, կշտամբել, բայց անօգուտ»:



 



ՀՖՖ նախագահը վատ է գնահատում նաեւ պատգամավորների մեկնաբանությունները՝ դրանք որակելով «խայտառակություն»:



 



«Խեղկատակություն է, ո՞նց կարելի ա էֆիրն էդպես փչացնել: Ինձ համար անընդունելի է մեր հայ մեկնաբանների աշխատանքը: Հ1-ի մեկնաբաններին պետք է արգելել մոտենալ ֆուտբոլին»,- ավելացրել է ՀՖՖ նախագահը: