ԵՄ-ն պատրաստ է առաջ տանել Հայաստանի հետ հարաբերությունները

ԵՄ-ն պատրաստ է առաջ տանել Հայաստանի հետ հարաբերությունները

Եվրոպական Միությունը մի գործընկեր է, որը Հայաստանում ներկա է ամեն քայլափոխի:



 



Լինի դա բանտարկյալների կենսապայմանների բարելավման, արդարադատության համակարգի բարեփոխման հարց, թե կրթական բարենորոգումների, Եվրոպայի կրթական եւ գիտական տարածքի հետ ներդաշնակեցման, լինի դա գյուղական զբոսաշրջության զարգացում, թե սահմանային անվտանգության եւ մաքսատների արդիականացման ծրագիր, Մեծամորի ատոմակայանի ապահովության խնդիրներ լինեն, թե իրավապաշտպան ակտիվիստներին ցուցաբերվող աջակցություն... Ամենուր Եվրամիությունն է, որ սատարում է Հայաստանին`  շարժվելու առաջ, դեպի ավելի բարձր չափանիշներ եւ արժեքներ:



 



Հետեւաբար հարցերը, որ կարելի է ուղղել Հայաստանում ԵՄ պատվիրակությասն ղեկավարին` օգտվելով հարցազրույցի հնարավորությունից, կարող են անվերջության հասնել: Մինչդեռ իրական հարցազրույցում միշտ էլ միայն մի քանի հարցի հնարավորություն կա: Այդ պատճառով էլ որոշեցի Ն. Գ. Տրայան Հրիստեայից՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարից այս հարցազրույցը խնդրելիս միայն երեք թեմայի անդրադառնալ` հայ-թուրքական սահմանի վերաբացման խնդիրը, բանակցված եւ ավարտին հասցված Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ապագան եւ Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովում ընդունված Միացյալ հռչակագրի կենսագործման ընթացքը:



 



Թեմաների ընտրության իմ մոտիվացիան ակնհայտ է` ելնելով նշված խնդիրների առանցքային դերից ԵՄ-Հայաստան հարաբերությունների ընդհանուր օրակարգում եւ ընդարձակ տարածաշրջանային զարգացումներում:



 



ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ



 



- Պրն Դեսպան,  շնորհակալություն այս հարցազրույցի հնարավորության համար: Ձեր թույլտվությամբ ես սկսեմ հայ-թուրքական սահմանի վերաբացման խնդրից: Մեկ-երկու շաբաթ առաջ թուրքական մամուլում հաղորդում եղավ, որ վարչապետ Էրդողանը կարգադրել է սեպտեմբերին սահմանային մի անցակետ բացել: Հետո Թուրքիայի ԱԳՆ-ն ասաց, որ դա ճշմարիտ չէ, բայց նկատելի է, որ այս անգամ որեւէ շոշափելի, չափելի նախապայման չառաջադրվեց, ասենք՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ որոշ շրջանների վերադարձ  ադրբեջանական վերահսկողությանը եւ այլն:



 



Նկատելով նաեւ վերջին անցուդարձը, ո՞րն է ԵՄ մոտեցումն այս հարցում:



 



- Եվրամիությունը շարունակում է սատարել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, եւ մենք հուսով ենք, որ տարիների ընդմիջումից հետո, վերջին շրջանի պաշտոնական, բարձր մակարդակի շփումները կնպաստեն նորացված փոխհարաբերության: Մենք շարունակում ենք քաջալերել երկու կողմերին՝ հանձնառու մնալ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու գործընթացին: ԵՄ-ն ներկա պահին աշխատում է այն գործունեություններին սատարելու ուղղությամբ, որոնք միտված են ձեւավորելու վստահություն եւ շփում ժողովուրդների միջեւ:



 



2014-ի հունվարին մեկնարկեց երկու միլիոն եվրո արժողությամբ մի նախագիծ Եվրամիության Instrument of Stability («Կայունության կառուցիչ») ծրագրի ներքո: Դա սատարելու է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քաղաքացիական հասարակության ջանքերը` խրախուսելով մարդկային շփումները, ընդլայնելով տնտեսական, գործարար կապերը, առաջ մղելով մշակութային, կրթական ձեռնարկումները եւ նպաստելով հավասարակշռված տեղեկատվության տարածմանը երկու հասարակություններում:



 



- Ինչ խոսք, վերջնանպատակը հարաբերությունների ամբողջական կարգավորումն է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, բայց դա շատ բաղադրիչներ է ներառում: Ձեր թույլտվությամբ ես նորից վերադառնամ այդ մասնավոր կետին` սահմանի խնդրին: Ես կարո՞ղ եմ հարցնել` Ասոցացման համաձայնագիրը, որը հաջողությամբ բանակցվել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ, արդյոք պարունակո՞ւմ է այս առնչությամբ դրույթներ:



 



- Ասոցացման համաձայնագիրը, ինչպես այն բանակցվել է, խստիվ երկկողմ բնույթի փաստաթուղթ է Եվրամիության եւ Հայաստանի միջեւ, եւ փաստաթղթի որեւէ մասնավոր դրույթ չի կարող բացահայտվել եւ հրապարակայնացվել այս փուլում: Այդ պատճառով ես ուղղակի, եւս մեկ անգամ կշեշտեմ Եվրոպական Միության պաշտոնական դիրքորոշումը, այն է` հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պետք է կարգավորվեն, եւ գործընթացը պետք է առաջ շարժվի առանց որեւէ նախապայմանի:



 



 



ԽՈՍՔՆ ԻՆՉ-Ի ՄԱՍԻՆ ՉԷ, ԱՅԼ` ԻՆՉՊԵՍ-Ի



 



- Պրն դեսպան, հաջորդ հարցը, որ ինձ հետաքրքրում է, Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի (AA) շուրջ իրադրությունն է: 2013-ի սեպտեմբերին ԵՄ-ն ձեռնպահ մնաց համաձայնագիրը նախաստորագրելուց, քանի որ նախագահ Սարգսյանը բաձրաձայնել էր Մոսկվայի Մաքսային միությանը միանալու ցանկություն, ինչը նշանակում էր, որ Հայաստանը կարող է պարտավորություններ ստանձնել, որոնք անհամատեղելի լինեն AA կարգավորումների հետ: Այժմ, փառք Աստծո, համարյա մեկ տարի է՝ ՄՄ-ին միանալու մասին խոսքերն օվկիանոսներ են գոյացնում, սակայն քայլ չի կատարվում:  Դուք դա ինչպե՞ս եք գնահատում:



 



- Մենք ուշադրությամբ հետեւում ենք Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի գործընթացին: Դա, բնականաբար, պետք է նկատի առնվի, երբ վերանայում ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունները:



 



Մենք Հայաստանի իշխանությունների հետ հիմա ջանում ենք առավել որոշակի հստակեցնել, թե ԵՏՄ-ի առջեւ իրենց հանձնառությունների արդյունքում իրենք ինչ սահմանափակումներ ունեն, դրանից հետո արդեն մենք շատ ավելի բարենպաստ իրադրությունում կգտնվենք Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ապագա կապերը զարգացնելու առումով: Մենք հարգում ենք ԵՏՄ-ին միանալու Հայաստանի ինքնիշխան որոշումը:



 



Չնայած երեք տարվա ինտենսիվ բանակցություններից եւ ծանր աշխատանքից հետո Ասոցացման համաձայնագիրը (ներառյալ` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագիրը) չնախաստորագրելու որոշմանը, երկու կողմերի համար էլ այդ բանակցությունները զուր չեն անցել: Երկու կողմերն էլ ընդունում են Հայաստանի տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների շարունակման ուղին` ԵՄ օժանդակությամբ եւ փորձառության ներդրմամբ:



 



- Ես կարո՞ղ եմ մի հարց տալ Վիլնյուսի գագաթնաժողովում «Նամակների փոխանակման» մասին Լեդի Էշթոնի եւ մեր արտգործնախարարի` պրն. Նալբանդյանի միջեւ: Ճի՞շտ է արդյոք, որ այդ «Նամակների փոխանակմամբ» բանակցված Ասոցացման համաձայնագիրը եւ ԽՀԱԱԳ պայմանագիրը (AA/DCFTA) երկուստեք ճանաչվել են վավերական փաստաթղթեր, որոնք ապագայում կարող են գործողության մեջ դրվել, եթե քաղաքական իրադրությունը թույլ տա: 



 



- Եկեք ես նամակների բովանդակային մանրամասներին չանդրադառնամ: Իրականում դրանց բովանդակությունը շատ համառոտ է, ընդամենը մի քանի տող եւ ընդհանուր առմամբ նամակների փոխանակման այդ ընթացակարգով մենք «սառեցրել ենք» բանակցված, բայց չնախաստորագրված երկկողմ համաձայնագրի նախագիծը՝ ապագայում հնարավոր օգտագործման համար իբրեւ մեկնակետ:



 



Հայաստանի ապագա հանձնառությունների լույսի ներքո, որ կարող են ծագել ԵՏՄ անդամակցությունից, մենք կարող ենք գաղափարներ վերցնել արդեն բանակցված տեքստից, բայց այդ դեպքում, այնուամենայնիվ, հարկավոր կլինի ճշտել, թե որ կարգավորումներն են համատեղելի Հայաստանի ԵՏՄ անդամակցության իրավական պարտավորությունների հետ:



 



- Ապագա Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին կան խոսակցություններ, անգամ վերնագրեր են շրջանառվում: Ոմանք ասում են, որ դա լինելու է «Ասոցացման համաձայնագիր Light» (AA Light),  այլոք խոսում են «Գործընկերության եւ համագործակցության պայմանագիր Plus»-ի (PCA Plus)-ի մասին, ուրիշները կարծում են, որ վաղ կամ ուշ Մաքսայինի հետ զավեշտախաղը կավարտվի, եւ հենց բանակցված Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի:  Այդ փաստաթղթերից եւ վերնագրերից ո՞րն է առավել հավանական:



 



- Այստեղ ես ձեռնպահ կմնամ որեւէ ենթադրություն հայտնելուց: Ձեռնպահ կմնամ անգամ վերնագրերի վերաբերյալ ենթադրությունից, հաշվի առնելով նրբությունները, որ վերնագրերից յուրաքանչյուրը կրում է:



 



Չնայած Ասոցացման համաձայնագրին (ներառյալ ԽՀԱԱԳ-ին) հետամուտ լինելու հնարավորություն չունենալուն, Եվրոպական Միությունը պատրաստ է Հայաստանի հետ իր հարաբերություններն առաջ տանելու` եւ քաղաքական, եւ տնտեսական: Մենք կարող ենք շարունակել կառուցել այն հիմքի վրա, որին մինչեւ հիմա հասել ենք, ճշտելով ապագա համագործակցության հնարավորությունները եւ հավակնությունները, ելնելով Հայաստանի ապագա հանձնառություններից, որ կբխեն ԵՏՄ-ին մասնակցությունից:



Շարունակելի



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]