Լինելու է ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիր

Լինելու է ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիր

Հարցազրույց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն. Գ. Տրայան Հրիստեայի հետ



Սկիզբը՝ նախորդ համարում



 - Պրն դեսպան, ապագա Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին կան խոսակցություններ, անգամ վերնագրեր են շրջանառվում: Ոմանք ասում են, որ դա լինելու է «Ասոցացման համաձայնագիր Light» (AA Light),  այլոք խոսում են «Գործընկերության եւ համագործակցության hամաձայնագիր Plus»-ի (PCA Plus)-ի մասին, ուրիշները կարծում են, որ վաղ կամ ուշ Մաքսայինի հետ զավեշտախաղը կավարտվի, եւ հենց բանակցված Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի:  Այդ փաստաթղթերից եւ վերնագրերից ո՞րն է առավել հավանական:



 



- Այստեղ ես ձեռնպահ կմնամ որեւէ ենթադրություն հայտնելուց: Ձեռնպահ կմնամ անգամ վերնագրերի վերաբերյալ ենթադրությունից, հաշվի առնելով նրբությունները, որ վերնագրերից յուրաքանչյուրը կրում է:



  Չնայած Ասոցացման համաձայնագրին (ներառյալ ԽՀԱԱԳ-ն) հետամուտ լինելու հնարավորություն չունենալուն, Եվրոպական Միությունը պատրաստ է Հայաստանի հետ իր հարաբերություններն առաջ տանելու` եւ քաղաքական, եւ տնտեսական: Մենք կարող ենք շարունակել զարգացնել այն, ինչին մինչեւ հիմա հասել ենք՝ ճշտելով ապագա համագործակցության հնարավորությունները եւ հավակնությունները, ելնելով Հայաստանի ապագա հանձնառություններից, որ կբխեն ԵՏՄ-ին մասնակցությունից:



 Մենք խորհում ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների ապագա իրավական հիմքի (համաձայնագրի) շուրջ եւ Հայաստանի հետ շուտով կսկսենք լրջորեն մտածել այդ ուղղությամբ: Մենք համագործակցության  առումով չենք որոշելու ԻՆՉ-ը, այլ ԻՆՉՊԵՍ-ը:



 Այն, ինչ այս պահին կարելի է վստահորեն ասել` լինելու է նոր փաստաթուղթ, որը կփոխարինի ԵՄ-Հայաստան համագործակցության ներկա իրավական հիմքին՝ «Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին» (Partnership and Cooperation Agreement): Թե Հայաստան-ԵՄ հարաբերությունների այդ նոր կարգավորող հիմքն ինչ անվանում եւ բովանդակություն կունենա` դեռ պետք է տեսնենք: 



 Խնդիրն այն է, թե ամբողջ ԵՄ-Հայաստան համագործակցությունն ինչպես է իրականացվելու, ինչ կարգավորող հիմքով: Նոր համաձայնագիրը` ինչպես էլ այն կոչվի, ինչ բովանդակություն էլ ունենա, գործադրման մեխանիզմներ է պարունակելու, Հայաստան-ԵՄ համագործակցության կարգավորող մեխանիզմ: 



 



 ԱլԳ-Ն ԱՌԱՋ Է ՇԱՐԺՎՈՒՄ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ



 



- Պրն Դեսպան, թույլ տվեք անցնել երեւի ամենահաճելի թեմային՝ Արեւելյան գործընկերության ծրագրի փայլուն առաջընթացին:



 



- Ես կարող եմ ասել, որ Վիլնյուսի գագաթնաժողովից հետո, երբ միայն Վրաստանը եւ Մոլդովան նախաստորագրեցին Ասոցացման համաձայնագրերը Եվրամիության հետ, ինքս բազմաթիվ նյութեր եմ տեսել` վերլուծական կենտրոնների անդրադարձներ, լրատվամիջոցների հրապարակումներ, անգամ քաղաքական գործիչների ելույթներ, որոնք Արեւելյան գործընկերության մոտալուտ վախճան էին կանխատեսում: Մինչդեռ, ի հեճուկս նման կանխատեսումների, Արեւելյան գործընկերությանը ոչինչ չպատահեց:



 Վիլնյուսյան գագաթնաժողովում Եվրամիությունը եւ Հայաստանը վերահաստատեցին Արեւելյան գործընկերության շրջանակում երկկողմ համագործակցությունը զարգացնելու եւ ամրապնդելու իրենց հանձնառությունը փոխադարձ հետաքրքրության բոլոր ասպարեզներում` ընդգծելով երկկողմ փոխահարաբերությունների առկա հիմքը վերանայելու եւ արդիականացնելու կարեւորությունը:



 Վիլնյուսում գագաթնաժողովի բոլոր մասնակիցները վերահաստատեցին յուրաքանչյուր գործընկերոջ ինքնիշխան իրավունքը Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան  գործընկերության շրջանակներում ազատորեն ընտրելու հավակնությունների եւ նպատակների այն աստիճանը, որոնց ինքը ձգտում է Եվրամիության հետ հարաբերություններում, անշուշտ, «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով: Իհարկե, Եվրոպական Միությունը հետեւողական է Արեւելյան գործընկերության շրջանակում ամրապնդելու իր հարաբերությունները Հայաստանի հետ:



 - Այժմ մենք կեսճանապարհին ենք Վիլնյուսի գագաթնաժողովից դեպի Ռիգայի գագաթնաժողով, որը գումարվելու է 2015-ի փետրվարին, ԵՄ-ում Լատվիայի նախագահության ներքո: Այս ճանապարհին ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի առաջընթացը:



 - Վիլնյուսի գագաթնաժողովում մենք ողջունեցինք Հայաստանի հետ Մուտքի վիզայի դյուրացման եւ Ռեադմիսիայի համաձայնագրերի կնքումը, եւ նայում ենք առաջ` դրանց արդյունավետ գործադրմանը: Այս առումով մենք հուսով ենք Հայաստանի հետ իրականացնել հաջորդ քայլերը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ավելի մեծ շարժունակություն հաստատելու համար:



 Մենք նաեւ խրախուսում ենք Հայաստանի մասնակցությունը նոր «Էրազմուս+», «Ստեղծագործ Եվրոպա», «Մարի Սկլոդովսկա-Կյուրի» ծրագրերին` Հորիզոն 2020-ի շրջանակում, որը բաց է Արեւելյան գործընկերության բոլոր երկրների համար: Մենք շարունակում ենք ողջունել Հայաստանի դիտորդական մասնակցությունն էներգետիկ համայնքին եւ ներգրավվածությունը ԵՄ միջուկային ճնշման թեստերում: Հայաստանը շարունակում է ակտիվորեն համագործակցել ԵՄ մի շարք գործակալությունների հետ, այդ թվում՝ Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) եւ Frontex-ի:



 Մենք նաեւ շարունակում ենք խրախուսել Հայաստանի հնարավոր ամենասերտ ներգրավումը  Covenant of Mayors ծրագրում: Այնպես որ, սա կիսով լեցուն բաժակ է եւ ահռելի աշխատանք:



 - Պրն դեսպան, կրկին անգամ շնորհակալություն հարցազրույցի համար, Ձեր հանգամանալից պատասխանների համար: Թող ԵՄ Արեւելյան գործընկերության փայլուն ընթացքը շարունակվի նույնիսկ ավելի մեծ արագությամբ եւ ձեռքբերումներով, եւ Հայաստանը գոնե Ռիգայի գագաթնաժողովում միանա ԵՄ ասոցացված անդամների ակումբին: Եվ իմ վերջին հարցը` մոտ ապագայում մենք սպասո՞ւմ ենք ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի Երեւան: 



 - Շատ շուտով մենք սպասում ենք Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ ներկայացուցչի ժամանմանը Երեւան: Հետո Արեւելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթնաժողովը կկայանա ԱլԳ երկրներից մեկում:



Տարվա ընթացքում մենք նաեւ ունենք ԵՄ-Հայաստան Համագործակցության խորհրդի եւ Համագործակցության կոմիտեի նիստեր, որը ներառում է նախարարների եւ հանձնակատարների մակարդակ: Բոլոր այս հանդիպումները միանգամայն կարեւոր են, բայց էլ ավելի կարեւոր է, որ մենք աշխատենք Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրի Հայաստանին վերաբերող դրույթների ուղղությամբ եւ ԱլԳ Ռիգայի գագաթնաժողով մեկնենք նշանակալից ձեռքբերումներով:



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]