Հեպատիտի դեմ պայքարի մակարդակը Հայաստանում դեռևս բավարար չէ

Հեպատիտի դեմ պայքարի մակարդակը Հայաստանում դեռևս բավարար չէ

ՀՀ-ում պետական հոգածությունը այսօր Հայաստանի Հանրապետությունում վերաբերում է միայն սուր վիրուսային հեպատիտներին, քրոնիկ հիվանդությունների դեպքում դեռևս պետպատվերի շրջանակներում բուժում չի իրականացվում:



Հեպատիտների դեմ պայքարը լրջագույն խնդիր է ամբողջ աշխարհում, հատկապես հեպատիտ C-ի դեմ պայքարում կան լուրջ խնդիրներ և ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:



«Մեդիա կենտրոնի» սրահում տեղի ունեցած ՝ «Հեպատիտի դեմ պայքարը Հայաստանում, խնդիրներ, լուծման ճանապարհներ» թեմայով մամլո ասուլիսի ընթացքում տեսակտներ հայտնեցին մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և նաև լրագրողներ:



Ասուլիսին մասնակցեցին հեպատիտով ապրողներ՝ Արթուր Մանվելյանը և Թորգոմ Բադալյանը, Նորք հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ՝ Հասմիկ Ղազինյանը, “Դրական մարդկանց հայկական ցանց” ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը:



Նորք հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ՝ Հասմիկ Ղազինյանը նշեց, որ Հայաստանում բնակչության 3-4 % վարակված է հեպատիտ C-ով, իսկ գալիք 10 տարիների ընթացքում վարակակիրների քանակը հավանաբար կկրկնապատկվի, ինչը սպառնում է նաև ամբողջ աշխարհին:
Ըստ Հասմիկ Ղազինյանի Հայաստանը հեպատիտի միջին տարածվածության երկրների շարքում է գտնվում` 2-3 %-ով, սակայն ուսումնասիրություն է արվելու, որպեսզի որոշվի Հայաստանի նոր կարգավիճակը:



Ասուլիսի մասնակիցները հատուկ շեշտադրեցին ոչ միայն հիվանդության դեմ պայքարի, այլ նաև այն կանխարգելելու անհրաժեշտությունը: Դրա համար առաջնահերթ խնդիր է բնակչությանը իրազեկելը՝ այս հիվանդությունից խուսափելու համար անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ կիրառելու մասին:



Անհրաժեշտ է նաև, որպեսզի հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցի պետական մարմինները, առողջապահության ոլորտի պատասծանատուները:



Այսօր հենց ասուլիսի ընթացքում բողոքի ակցիա էր տեղի ունենում ՀՀ առողջապահության նախարարության շենքի մոտ, ակցիային մասնակցում էին մի քանի հասրակական կազմակերպության ներկայացուցիչներ, ովքեր մի շարք առաջարկություններով նամակ փոխանցեցին ՀՀ առողջապահության նախարարին: Թեև ճիշտ մեկ տարի առաջ էլ նմանաբովանդակ նամակ էին փոխանցել նշված գերատեսչության ղեկավարին, սակայն այն մնացել էր անարձագանք: Այս անգամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հույս ունեն, որ արձագանք կստանան և այդպիսով սկիզբ կդրվի պետական և հասարակական համակարգերի միջև համագործակցությանը:
«Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը հայտարարեց, որ իրենց կազմակերպությունը պայքարում է հեպատիտի բուժման հասանելիությունն ապահովելու համար, և սա պետական սեկտորի հետ իրական համագործակցության առաջին քայլն է:



Հեպատիտով հիվանդ Արթուր Մանվելյանը նշեց, որ հեպատիտի բուժումը Հայաստանում արժե 15-16 հազար դոլար, ինչն անհասանելի է իր համար:



Լրագրող Արփի Բեգլարյանը հայտարարեց, որ հաճախ բժիշկներն ու մատնահարդարները հրաժարվում են սպասարկել հեպատիտով ապրող մարդկանց:



Լրագրողը հավելեց նաև, որ ամբողջական ստուգումը կարող է արժենալ 220 հազար դրամ: