Հրամանատարները հայտարարեցին ազատամարտիկների դաշինք ստեղծելու մասին
Ազատամարտի մասնակիցները, Արցախում կռված ջոկատների շուրջ 4 տասնյակ հրամանատարներ, պահեստազորային սպաներ երեկ հավաքվել էին «Հայրենիք» կինոթատրոնի շենքում՝ քննարկելու երկրում եւ սահմաններին տիրող իրավիճակը: Վերջում նրանք հայտարարեցին Ազատամարտիկների դաշինքի ստեղծման մասին: Այսպես որոշվեց անվանել կռված տղաներին միավորող նոր կառույցը, որի մասին արդեն մի քանի ամիս է՝ խոսվում էր, եւ որին մամուլն արդեն իր անունն էր տվել՝ նոր ԵԿՄ: Կինոթատրոնի դահլիճում էին «Արաբոյի» հրամանատար Մանվել Եղիազարյանը, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը, գնդապետ, Ապարանի գնդի նախկին հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, «Սեւ հովազը»՝ գնդապետ, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, «Տիգրան Մեծ» աշխարհազորի ռազմական խորհրդի նախագահ Խաչատուր Գալստյանը, «Վրիժառուներ» գնդի հրամանատար Վրեժ Ղազարյանը, «Զորավոր Անդրանիկ» ջոկատի հրամանատար Ավետիս Գրիգորյանը, Դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը, էլի շատ կռված տղաներ:
ԹՈՂԵՆՔ ԲԱՆԱԿՆ ԻՐ ԳՈՐԾՆ ԱՆԻ
Գրեթե բոլորը խոսում էին այն մասին, որ պետք չէ խուճապ ստեղծել, որ բանակն իր գործը լավ է անում, բայց իրենք պետք է երիտասարդ զինվորների եւ սպաների կողքին լինեն: Առաջիկայում Ազատամարտիկների դաշինքը՝ ԱԴ-ն, 11 հոգուց բաղկացած խորհուրդ կձեւավորի: Այն համակարգող մարմին եւ տեղեկատվական կենտրոն է ունենալու: «Մեր դաշինքում ղեկավար չի լինի,- ասաց գեներալ Գագիկ Մելքոնյանը, որը վարում էր հավաքը,- ազատ թող լինի: Որ ջոկատն ուզում է, որ հրամանատարն ուզում է՝ թող գա այստեղ: Դրա համար մենք ուզում ենք մի մարմին ստեղծել, որը կկոորդինացնի աշխատանքը»: Նորաստեղծ կառույցին միացել են դաշնային հրամանատարները, նաեւ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Երեկ հույզերն ու կրքերը շատ էին, ինչպես եւ սովորաբար լինում է ազատամարտիկների ժողովների ժամանակ: Կոշտ քննադատության պակաս չկար, հումորի՝ եւս: Հիշեցին անտեղի մեդալներ ստացածներին, որոնք պատերազմի հոտ չեն քաշել, Շարմազանովին: «Էնքան մեդալ է ստացել, որ բայեվիկ է դարձել»,- կատակեց մեկը: Բայց ընդհանուր տրամադրությունը հումորային չէր. «Այսօր տեսնում ենք երկրի վիճակը,- ասաց Ռուստամ Գասպարյանը,- սոված, գաղթող ժողովրդին, սխալ վարած քաղաքականության արդյունքում ամեն օր տեսնում ենք սահմանին զոհվող երեխեքին: Տեսնում ենք մեր պատմությունը, մեր ընտրած ճանապարհը մեր ձեռքից խլողներին: Էսօր հավաքվում ենք՝ էս սելավի դեմն առնենք: Համաձա՞յն եք, տղերք, կանգնեք այս երկրին տեր: Էս ա խնդիրը: Էսօր ամեն մեկս մի գործի ենք, մի ծառայության, մեր գլուխը պահում ենք, բայց երկիրն է կործանվում: Հոկտեմբերյանի ֆայլաբազարի փողոցով ամաչում եմ անցնեմ, սաղ մեր տղերքն են կանգնած: Սպասում են, թե որ չինովնիկն ա գալու, տանի իրա բախչեն կամ զուգարանի փոս փորել տա, որ մի երկու կապեկ տա, գնա իր ընտանիքը պահի, ստեղ ա մեր ամոթը: Դրա համար ենք հավաքվել՝ տեր կանգնելու»:
ՖԻԴԱՅԱԿԱՆ «ԽՈԴԵՐ» ՊԵՏՔ ՉԵՆ
Ռեպլիկ լսվեց. «Երեկ Դիլիջանից 8 ավտոբուս մարդիկ են արտագաղթել»: «Զորավար Անդրանիկի» հրամանատարն էլ ասաց, որ դրսում, Ռուսաստանում էլ են ազատամարտիկները համախմբվում. «Բայց կարեւորը ստեղ է: Նրանք սպասում են, թե այստեղից ինչ ինֆորմացիա կա, ինչ կա: Օգնություն, եթե պետք է, նրանք ինչ պետք է՝ կանեն»: Ըստ գեներալ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի, այս իրավիճակում չի կարելի խուճապի մատնվել: «Չսարքենք 92 թվականը: Այն ժամանակ բոլոր կռվող տղաները նույնիսկ հյուսիսային շրջանները թողեցին գնացին Երասխ: Քաոս էր: Ո՞ւր էին գնում, ինչի՞: Բայց էդ ժամանակվա իշխանություններն արագ կողմնորոշվեցին, մարդկանց հավաքեցին իրար գլխի եւ կոորդինացրին: Այսօր մեր կայացած պետությունում, մեր կայացած բանակի առկայության դեպքում էլի նորից սկսել են էդ նույն ֆիդայական շարժումները, խոդերն անել: Մեկը ելույթ է ունենում, թե պետք է գնամ Բաքու՝ գործ ունեմ: Հիմա Բաքվում տների գինը «ռեզկի» ընկել ա, մտածում են՝ ոնց փախնեն: Մյուսն ասում է՝ Կիրովաբադի օդակայանն իմն է: Այ, էս խոսքերը մեզ պետք չեն: Ադրբեջանը մեզ պետք չի: Մենք չենք հարձակվում այդ երկրի վրա: Մեր խնդիրը լինելու է այսօրվա սահմանները պաշտպանելը, համախմբվելը: Տարածեցին, որ Լաչինից արդեն 100 հոգի գնացել են սահման: Ինչո՞ւ են գնացել, երբ որ մենք ունենք ռեզերվային գնդեր, որոնցից ամեն մեկն իր տեղն ու դիսլակացիոն վայրերը գիտի: Սա լրացուցիչ խուճապ է, որը պետք չի»:
ՄԵՆՔ ՄԵՐԱՆՆ ԵՆՔ
Հրամանատարները կոչ էին անում ապավինել բանակին, չտրվել խուճապի, բայց նրանց ելույթներից վառոդի հոտ էր գալիս: «Մենք անելիք ունենք այս քաղաքական վիճակում, այս բարոյահոգեբանական բացակայության ֆոնի վրա,- ասաց Ապարանի նախկին քաղաքապետ, գնդապետ Ռազմիկ Պետրոսյանը։- Մեր տեսակի տղերքը միշտ եղել են որպես զսպաշապիկ իշխանությունների համար, որ չշեղվեն ժողովրդից: Ի դեմս մեզ են միշտ նրանք հաշվետու եղել ժողովրդին: Հիմա մենք հայտարարում ենք, որ կանգնած ենք մեր ժողովրդի կողքին: Ցավում եմ, բայց նույնիսկ քաղաքական ծանրությունն էլ է մեր ուսերին մնացել: Մենք դառնալու ենք այն մերանը, որի շուրջ ժողովրդին ծառայել ցանկացող բոլոր քաղաքական ուժերը կհամախմբվեն: Մեր պայքարի երկրորդ փուլում մեր պետականությունն է դրված նժարի վրա: Մենք որ կողքից նայում ենք մեր տեսակին, զարմանում ենք: Սա մեր տեսակը չի: Մենք աշխարհում Գինեսի ռեկորդ ենք սահմանել մեր ավելորդ հանդուրժողականությամբ: Մի չկայացած չինովնիկ իրեն իրավունք է վերապահում մեր տեսակի մասին կարծիք հայտնել, մնում է անպատասխան: Նույնիսկ շարքային կոչում չունեցողը համազգեստը հագնում է, գնում է սահման, հայ սպան, որ սրբություն է եւ վեհություն է, գալիս զեկուցում է այդ չինովնիկին: Ես, որպես հայ սպա, ցավ եմ ապրում, ստորացում եմ ապրում: Եկեք մի անգամ մեջքներս դզենք 88-ի նման: Երկրորդ մոբիլիզացիան է հիմա, հավաքվենք իրար շուրջ: Մենք միշտ աստված էինք կանչում, որ պետք չգանք մեր ազգին, բայց էսօր նորից պետք ենք»: Իսկ դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանն էլ ասաց, որ բանակն իր գործը լավ է կատարում, եւ կրակոցները դեռ պատերազմ չեն, բայց եթե լայնամասշտաբ պատերազմ հանկարծ իրոք սկսվի, «այս երկրի իշխանություններին անմիջապես պետք է ճամփել եւ ինչքան շուտ, այնքան լավ, որովհետեւ նրանք չեն արտահայտում ոչ իմ, ոչ քո, ոչ էլ մեր ժողովրդի հոգեվիճակը». «Դրա վկան, փաստը մեր դատարկված սահմաններն են, անտեր ժողովուրդը, գող ու կաշառակեր պաշտոնյան: Բայց դա իմանալով հանդերձ, մենք մեր բանակի կողքին ենք: Այս խուճապային իրավիճակն իշխանություններին ձեռնտու է, որպեսզի վախեցնեն ժողովրդին: Մի վախեցեք, չունենք վախենալու բան, թող իշխանությունն ինքը վախենա: Պետք չի, որ քաղաքական կուսակցությունները սպեկուլյացիաներ անեն՝ գնում ենք դիրքեր: Պետք չի վազ տալ դիրքեր, ազնիվ եղեք այս ժողովրդի հետ, փրկեք այս ժողովրդին այս ապիկար իշխանություններից եւ ինքներդ չմտածեք, որ դառնալու եք հաջորդ գողն ու թալանողը: Էլ չի լինելու այդպես»:
ՀԳ. Հրամանատարները խոսում էին, նրանց դեմքերին ծանր կյանքի, պատերազմի հետքը դեռ կա: Ամեն մեկի մեջքի հետեւում մի քանի տասնյակ իրենց նման տղաներ են կանգնած: Այս տարիներին նրանցից շատերին սոցիալական նվաստացուցիչ բեռի տակ գցեցին, ֆայլաբազարներ նետեցին ու բերդեր, ստորացրին, բայց նրանք հիմա էլ առաջին գծում են լինելու, նրանք չեն դավաճանում, ինչպես հողը:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարծիքներ