«Թումո»-ն արգելել է ֆիլմի դիտումը, որովհետեվ «այդտեղ քաղաքական բաներ կան»

«Թումո»-ն արգելել է ֆիլմի դիտումը, որովհետեվ «այդտեղ քաղաքական բաներ կան»

««Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը սիրով հրավիրում է բոլորին հանրային բացօթյա կինոդիտման, որը տեղի կունենա օգոստոսի 11-ին, ժամը 20:15-ին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին հարակից այգում»: ՖԲ-ում տարածված այս «պուպուշ» եւ միանգամայն անշառ հայտարարությանը հաջորդեց սկանդալ, որն էապես վնասեց «Թումո»-ի» հեղինակությունը եւ դեռ կվնասի: «Դեմ եմ»-ի ակտիվիստները պատրաստվում են հայտնել միջադեպի մասին «Թումո»-ի» արտասահմանյան հիմնադիր Սէմ Սիմոնյանին, բացատրել, որ այս կրթօջախում, որն առաջադեմ հաստատության իմիջ ուներ, տիպիկ հայկական դրսեւորումներ են զարգանում:



 



«Թումո»-ում ցուցադրվելու էր ֆիլմ Մահաթմա Գանդիի պայքարի մասին, որն աշխարհի քաղաքացիական պայքարի փորձը ներկայացնող «Ուժից ավելի ուժեղ» ֆիլմաշարի 6 մասերից մեկն է: Դեռ կինոդիտման մասնակիցները չէին հավաքվել, բայց այգում արդեն «վխտում» էին ոստիկանները: Հավանաբար, քաղաքապետարանը, վախեցած «քաղաքական քննարկումից» եւ Գանդիի ստվերից, այգի էր կանչել ոստիկանների: Իսկ «Թումո»-ին հրահանգել էր արգելել միջոցառումը: Երբ կինոդիտման մասնակիցներն արդեն տեղում էին, նրանց է մոտեցել «Թումո»-ի աշխատակիցը եւ հայտնել, որ ֆիլմը կարող են նայել, բայց քննարկում այստեղ չի կարող լինել: «Մենք մտածեցինք՝ լավ, դե, ֆիլմը կնայենք, հետո կգնանք, կողքի այգում քննարկում կանենք, թեեւ դա աբսուրդ էր եւ ազատ խոսքի սահմանափակում,- պատմում է ակտիվիստ Կարեն Հարությունյանը։- Բայց քիչ անց նրանց ներկայացուցիչը՝ Նարիմանյան ազգանունով, ասեց՝ չէ, ֆիլմը չեք կարա նայել, որովհետեւ այդտեղ քաղաքական բաներ կան, եւ մենք քաղաքական միջոցառումներ չենք անում: Ներկայացուցիչը տղայավարի էր ուզում խոսել, հետո ասեց՝ կամերաներն անջատեք, հետո գողականով էր խոսում: Ոստիկանները եկել էին նպատակով, որ հանկարծ մենք չենթարկվենք, բռնություն կիրառեն»: «Թումո»-ի աշխատակիցները ոստիկանից վատ են իրենց պահել՝ անջատել են լույսը, կինոդիտման եկածներին թողնելով մթության մեջ, աթոռներն են վերցրել մարդկանց տակից ու տարել:



 



«Ես «Թումո»-ի մասին լավ կարծիք ունեի ու, իրոք, գնահատում էի, որ լավ գործ են անում երեխեքի համար: Բայց եթե երեխեքին այդ ձեւով են մոտենում, եթե սահմանափակ ազատություն է լինելու նրանց համար, էլ ի՞նչ ստեղծարարության մասին է խոսքը»,- հարցնում է Կարեն Հարությունյանը: «Թումո»-ին, որը ստեղծարար եւ ազատ մտածողություն խրախուսող հաստատության իմիջ ուներ, մինչ օրս ոչ ոք չէր մեղադրել իշխանությունների կրունկը լիզելու մեջ: Բայց արի ու տես, որ այս այլասերումն այլեւս այստեղ էլ է տարածվել: Իհարկե, Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեղադրանքներ չեն ընդունում: Վստահեցնում են, թե չգիտեին, որ կազմակերպիչը «Դեմ եմ» նախաձեռնությունն է: Պայմանավորվածությունը եղել է այլ կազմակերպության հետ: «Մեզ մանրամասն ֆորմատը չէին ներկայացրել, ուղղակի ասել էին, որ լինելու է Գանդիի մասին քննարկում,- ասում է հասարակության հետ կապերի պատասխանատու Գայանե Այվազյանը։- Հետո մենք պարզում ենք, որ «Դեմ եմ»-ն է լինելու, եւ լրիվ այլ մեսիջներ:



 



Հիմնականում տանում են այլ ուղղությամբ: Մեր ներկայացուցիչներն էլ ուզեցին պարզել, եւ դա վերածվեց միջադեպի: «Թումո»-ն ոչ քաղաքական կազմակերպություն է եւ զբաղվում է երեխաների կրթությամբ, մենք քաղաքական կոնտեքստ ունեցող միջոցառումներ չենք կազմակերպում մեզ մոտ, որովհետեւ ցանկացած մարդ կարող է ունենալ այս կամ այլ համոզմունքը, եւ խուսափում ենք քաղաքական կոնտեքստներից, որպեսզի թյուրիմացություն չլինի, եւ կոնֆլիկտներ չառաջանան, երեխաների հետ ենք, ի վերջո, աշխատում: Իրենք պետք է պարզաբանեին ֆորմատը, երեկ այդ պարզաբանումը չստացվեց, արդյունքում ընդհատեցինք դիտումը»: Զարմանալի է, իհարկե, որ «Թումո»-ում ոչ ոք չէր տեսել «Դեմ եմ»-ի «պատշաճ ծանուցումը» կինոդիտման մասին: Մյուս կողմից, Գայանե Այվազյանը, հակասելով ինքն իրեն, վստահեցրեց, որ եթե իրենց նախապես հայտնի լիներ, որ հենց «Դեմ եմ»-ն է կազմակերպիչը, եւ լրացուցիչ պարզաբանման կարիք չլիներ, այս տհաճ միջադեպը չէր լինի: Հարցին, թե չի՞ մտածում, որ ստվերվեց «Թումո»-ի առաջադեմ իմիջը, Գայանե Այվազյանը պատասխանեց. «Ստվերվեց, որովհետեւ երկու կողմն էլ էմոցիաների տրվեցին, միջանձնային բաներ գնաց»:




Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
[email protected]