Ամեն սապոգով բան դեռ զինվորական չէ

Ամեն սապոգով բան դեռ զինվորական չէ

Օգոստոսի 12-ի երեկոյան լուր տարածվեց, որ Վայոց ձորի Սերս գյուղ դիվերսանտներ են ներթափանցել, տագնապալի իրավիճակ է, և տեղի զորամասի բոլոր պայմանագրային զինծառայողներին հանձնարարել են փնտրել տարածք ներթափանցած դիվերսանտներին։ Մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում և hraparak.am-ը անդրադարձան այդ դեպքին, որն այնուհետև մեծ արձագանք գտավ ընթերցողների շրջանում: Բանն այն է, որ գյուղապետն ինքը չհերքեց խոսակցությունները դիվերսանտների ներթափանցման մասին` ասելով, որ նման բան լսել է, բայց կճշտի և նոր միայն սպառիչ պատասխան կտա լրագրողներին: Առաջին պահին ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ևս չհերքեց լուրը` ասելով, որ ինքը տեղյակ չէ դիվերսանտների ներթափանցման մասին, կճշտի և «ընդհանուր պատկերն իմանալուց հետո կտեղեկացնի»:



Եվ արդեն մի քանի ժամ անց, ՀՀ ՊՆ մամլո խոսնակն իր ֆեյսբուքյան էջում բարեհաճում է գրել. «Դիվերսիոն խմբի ներթափանցման մասին տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ ՀՀ ԶՈւ-երի որոշ ստորաբաժանումներ իրականացրել են զորավարժություններ: Սակայն նկատենք, որ հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես է լրատվամիջոցը, իր նեղ շահերից ելնելով, ապատեղեկատվություն տարածում, որի ընթացքում կարող է նաև հրապարակել պետական գաղտնիք, դրանով օգնելով հակառակորդին մարտական իրավիճակում կամ տեղեկատվական դաշտում հասնել առավելության մեր նկատմամբ: Բազմիցս կոչ ենք արել զերծ մնալ նման ապատեղեկատվություն տարածելուց, ճշտել տեղեկությունները և միտումնավոր կամ անզգուշաբար չօգնել թշնամուն: Ռազմական գործողությունների կամ զորավարժությունների մասին տեղեկությունները որոշակի գաղտնիք են պարունակում, որոնց հրապարակումը կարող է լրջորեն վնասել գործողության հաջողությանը՝ վտանգի ենթարկելով անգամ մարդկանց կյանքը»:



Փառք Աստծո, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք:



Արծրուն Հովհաննիսյանի այս հերքումից հետո որոշ լրատվամիջոցներ սկսեցին հերքել իրենց իսկ տարածած լուրերը` նշելով, որ տեղեկատվությունը տարածվել է զորամասերից, վայ զինվորականների շնորհիվ և իրենք գիտեն, թե ովքեր են այդ լուրերը տարածողները: Նկատենք, որ այսպիսի հերքումը նման է կրակի վրա յուղ լցնելուն: Այստեղից հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ է ՀՀ ՊՆ մամլո խոսնակն անմիջապես մամուլին մեղադրում և ոչ բուն մեղավորներին: Այն էլ ինչի մեջ` «…հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես է լրատվամիջոցը, իր նեղ շահերից ելնելով, ապատեղեկատվություն տարածում, որի ընթացքում կարող է նաև հրապարակել պետական գաղտնիք»:



Մենք, իհարկե, չենք կարծում, որ Հայաստանում կարող է լինել մի լրատվամիջոց, որ, իր նեղ շահերից ելնելով, այս կարգի տագնապ հնչեցնի, մանավանդ չենք կարող երևակայել, որ որևէ լրատվամիջոց դա կաներ միտումնավոր` հակառակորդին օգնելու մտադրությամբ, ինչպես ասում է պարոն խոսնակը: Հետևաբար այս ամենի պատճառները պետք է փնտրել մի փոքր այլ տեղում, քան կարծում է Արծրուն Հովհաննիսյանը: Դիվերսանտների ներթափանցման նախընթաց դեպքերը, կարծում ենք, ասվածի լավագույն ապացույցն են, և Արծրուն Հովհաննիսյանն էլ քաջ գիտի, որ ՀՀ ՊՆ-ն արձագանքել է այդ դեպքերին լուրերի տարածումից ու հրապարակումներից հետո:



 



Երկու խոսք պետական գաղտնիքի բացահայտման մասին: Հայաստանի վերանկախացումից այսկողմ մենք չենք հիշում մի դեպք, երբ մամուլը այս կամ այն կերպ պետական գաղտնիք հրապարակած լինի, այն էլ` միտումնավոր: Ավելին, պատերազմի ժամանակ հայ լրագրողներն էին առաջին գծում, սրտատրոփ, ազտամարտիկներին ու բանակի զինվորներին կրնկակոխ հայտնվում էին ազատագրված գյուղերում ու քաղաքներում` բաղձալի լուրերը վայրկյան առաջ հաղորդելու անզուսպ ցանկությամբ: Այդ օրերին ոչ մի պաշտոնյա ցուցադրաբար դիրքեր չէր վազում…



Եվ եթե հիմա ոմանք կարծում են, որ բանակի թերությունների, այնտեղ տիրող անընդունելի բարքերի մասին գրելը պետական գաղտնիք հրապարակել է, չարաչար սխալվում են: Դա էլ բանակաշինության մաս է կազմում, որովհետև բանակի ղեկավարարությունն ինքը, Պ նախարարից սկսած, բազմիցս բարձրաձայնել է արատավոր երևույթների և դրանք բանակից արմատախիլ անելու անհրաժեշտության մասին:



Պետական գաղտնիք ասվածը բանակի դեպքում բոլորովին այլ տեղեկատվություն է ենթադրում, մասնավորապես` զորամասի տեղակայման ճշգրիտ վայրի, ունեցած զինատեսակների, ռազմամթերքի քանակության, անձնակազմի թվի, հրամանատարների լրիվ անուն ազգանվան, կոչումի, ծրագրված գործողությունների ու մանյովրների, պաշտպանական համակարգերի ու մարտավարական քարտեզների մասին: Լուրջ մարդը, որպիսին, ենթադրում ենք, պետք է լինի ՀՀ ՊՆ մամլո խոսնակը, չէր կարող ընթացքից մամուլին մեղադրել պետական գաղտնիք հրապարակելու մեջ, մանավանդ որ այս դեպքում բանակն է գործել ռսի ասած` «բուխտի-բարախտի» ձևով:



Ի՞նչ կարող է մտածել ՀՀ խաղաղ քաղաքացին, երբ մեկ ամիս շարունակ նրան դիվերսանտ են ցույց տալիս, իսկ մի գեղեցիկ օր տեսնում է, որ իր գյուղի հարևան զորամասը, զինված, գյուղի շուրջը բան է փնտրում: Պարզ չի՞, որ այդ մարդու լեղին կճաքի: Նման բան չէր պատահի, եթե ՊՆ-ն բարի լիներ և մի կես բերան նախազգուշացներ, որ օգոստոսի 12-ին, ժամը 18-ից հետո Սերս գյուղի շրջակայքում զորավարժություն ենք անցկացնելու, հանկարծ չվախենաք: Այլապես կարելի է նաև Երևանի կենտրոնում սուսուփուս դեսանտ իջեցնել, մարդկանց լեղապատառ անել և հետո մամուլին մեղադրել այդ մասին գրելու և իր նեղ շահերից ելնելով` սուտ լուրեր տարածելու մեջ:



Վերջում երկու խոսք իմ նեղ անձնական շահի մասին: Որպես ՀՀ քաղաքացի ես մեր պաշտոնյաների հետ կապված մի շատ տհաճ նեղ անձնական շահ ունեմ: Ուզում եմ, որ նրանք լինեն բանիմաց և գործի գիտակ: Այ, օրինակ, ուզում եմ, որ մեր ՊՆ խոսնակը դադարի քառակուսի մտածելուց: Վերջերս նրան մի փափկամազիկ լրատվամիջոց հարց էր տվել, թե ֆեյսբուքում լայն քննարկման նյութ է դարձել առաջագծում տեսախցիկներ տեղադրելու և Սերժ Սարգսյանի բնորոշմաբ` «գազազած թշնամու» գործողություններին դրանց միջոցով անընդհատ հետևելու անհրաժեշտության շուրջ` Ձեր կարծիքով հնարավո՞ր է դա:



Ինչ պատասխանի Արծրուն Հովհաննիսյանը, որ լավ լինի: Ասում է` չէ: Հնարավոր չէ, նախ` լավ տեսախցիկը թանկ է, լեռներում հաճախ է կարկուտ գալիս, կփչացնի, և բացի այդ` հակառակորդի դիպուկահարը կխփի: Ցանկալի կլիներ իմանալ` ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի ռազմագետների տեսակետը իրենց մամլո խոսնակի այս քառակուսի մեկնաբանության մասին, որը, մեր համեստ կարծիքով, առավել համահունչ է Ավարայրի ճակատամարտի ժամանակներին:



Պատասխանի ակնկալիքով` Էդիկ Անդրեասյան