Մեզ էլ ոգևորում է Ուորլիքի ոգևորությունը

Մեզ էլ ոգևորում է Ուորլիքի ոգևորությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի խոսքով՝ իրենց ոգեւորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Սոչիում կայացած հանդիպումը:




«Մեզ ոգեւորել է նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի օգոստոսի 10-ին կայացած հանդիպումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկելու նպատակով»,- պատասխանելով Սոչիում նախագահների հանդիպման արդյունքների մասին APA-ի հարցին՝ ասել է Ուորլիքը:




Նա հատուկ գոհունակություն է հայտնել, որ նախագահները հաստատել են իրենց պարտավորությունները՝ երկխոսության շարունակման եւ հակամարտության խաղաղ կարգավորման մասին։ «Մենք հույս ունենք, որ շփման գծում իրավիճակը կկայունանա, եւ կողմերը, հանդես բերելով քաղաքական կամք, կհամագործակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հակամարտությանը լուծում որոնելու հարցում»,- ասել է Ուորլիքը:




Ինչպես տեսնում ենք, Ուորլիքին ոգեւորել է Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպման բուն փաստը: Իսկ այն, որ այդ հանդիպման ժամանակ փոխադարձ մեղադրանքներից բացի նախագահներ Սարգսյանը եւ Ալիեւը ոչ մի գործնական առաջարկ չեն հնչեցրել, Ուորլիքին չի էլ հետաքրքրում: Ուորլիքին չի հետաքրքրում նաեւ այն, որ օգոստոսի 10-ի հանդիպումից պարզ դարձավ, որ Մինսկի խումբն իր ձեւավորման օրվանից մեկ քայլ անգամ առաջ չի տարել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Ճիշտ է, ժամանակի ընթացքում որդեգրվել են հարցի կարգավորման տարբեր սկզբունքներ, բայց դրանք մնացել են թղթի վրա եւ երբեք էլ իրականացման հեռանկարներ չեն ունեցել, որովհետեւ չեն համապատասխանել բուն կոնֆլիկտի պատճառներին ու յուրահատկություններին: Այսուհանդերձ, Ուորլիքը ոգեւորվել է Սոչիում կայացած հանդիպումից:




Ինչո՞ւ է Ուորլիքը շրջանցում Պուտինի դերակատարությունն իր համար այս ոգեւորիչ հանդիպումը կազմակերպելու հարցում: Թվում է` Ուորլիքը պետք է նույնքան ոգեւորված շնորհակալություն հայտներ ՌԴ նախագահին` իրեն այդքան ոգեւորելու համար: Բայց նա իր խոսքում նույնիսկ Պուտինի անունը չի տալիս, ասես Սոչիում օգոստոսի 10-ին Սարգսյանն ու Ալիեւը պատահաբար են հանդիպել: Մեր կարծիքով` Ուորլիքը Պուտինի անունը չտալու բավականին լուրջ պատճառներ ունի: Այդ պատճառները ճիշտ հասկանալու համար պետք է մտքով տեղափոխվել այն օրերը, երբ ԱՄՆ-ն փորձում էր առաջատարի դիրք զբաղեցնել Մինսկի խմբում եւ այդ նպատակով հայ-ադրբեջանական հասարակական տարբեր խավերի հանդիպումներ էր կազմակերպում Նահանգներում, ինչպես նաեւ ԼՂՀ հարցի կարգավորման ամերիկյան տեսլականը մասսայականացնում քաղաքական ազդեցիկ լսարանների առջեւ: Եղավ նույնիսկ մի պահ, որ հայտարարություն տարածվեց, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն ԱՄՆ-ում: Եվ դա այն դեպքում, երբ հրապարակի վրա էր Ֆրանսիայի նախագահ Օլանդի հրավերը` հանդիպել եւ բանակցել Ֆրանսիայում:
Ինչեւէ, Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կայացավ Սոչիում, կայացավ եռակողմ ձեւաչափով` Պուտինի հովանու ներքո: Եթե այդ հանդիպումը դիտարկենք Ռուսաստան-Արեւմուտք ներկա մրցակցության լույսի ներքո, ապա դժվար չէ նկատելը, որ Օբաման, որոշ չափով նաեւ Օլանդը, որոշակի հիասթափություն ապրելու շարժառիթներ, այնուամենայնիվ, ունեն: Իսկ Ուորլիքի խոսքում խանդ չնկատելը նույնիսկ անհնար է:




Ինչո՞ւ Ուորլիքին չհաջողվեց Սարգսյան-Ալիեւ հանդիպումն Օբամայի հովանու ներքո կազմակերպել: Օբյեկտիվ պատճառները մի կողմ դրած (Պուտինի ազդեցություն, Ռուսաստանից կախվածություն եւ այլն)՝ կան նաեւ մի շարք այլ պատճառներ, որոնք կապված են հակամարտության կողմերի` ԱՄՆ դիրքորոշումների նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ: Հենց Ուորլիքի բերանով հնչեցված ղարաբաղյան հարցի կարգավորման ամերիկյան տեսլականը, օրինակ, որքանո՞վ կարող է գրավիչ լինել Հայաստանի համար, եթե, ըստ այդ տեսլականի, բոլոր ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, Լաչինի միջանցքն էլ պետք է այնքան լինի, որ մի կողմից թքես` հասնի մյուս կողմը: Եվ այս ամենը՝ ԼՂՀ ինչ-որ անհասկանալի ժամանակավոր կարգավիճակի դիմաց: Ներողություն, բայց սա հենց Իլհամ Ալիեւի տեսլականն է, որ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանին` ամերիկյան տեսիլքի անվան տակ: Այդ տեսլականով նախատեսվում է նաեւ երկու կողմերի փախստականների վերադարձ իրենց բնակության վայրեր: Հետաքրքիր է իմանալ` այդ ինչպե՞ս է Ուորլիքը պատրաստվում վերադարձնել Ադրբեջանի 500 հազար հայությանը: Գուցե այնպես, ինչպես կարողացան Արեւմտյան Հայաստան վերադարձնել աշխարհի տարբեր ծագերում ապաստան գտած միլիոնավոր հայերի՞ն:




Սոչիում ամրագրվեց նաեւ, որ Ղարաբաղի հարցի հետագա խաղաղ կարգավորումը պետք է ընթանա Մինսկի խմբի ձեւաչափով: Ընդ որում՝ այդ մասին խոսեց նաեւ Պուտինը: Կարծում ենք` այս հանգամանքը նույնպես ոգեւորիչ է Ուորլիքի համար, եւ նա չի թաքցրել դա: Բայց, ոգեւորվելուն զուգահեռ, պետք է նաեւ կամք ցուցաբերել եւ վերանայել Հայաստանի համար անընդունելի ամերիկյան տեսլականը, որը ոչ թե կարգավորման ծրագիր է, այլ պատերազմում հաղթած, իր հայրենիքն ազատագրած կողմին խաղաղ ճանապարհով պարտություն պարտադրելու ձգտում:
Պարզապես Ուորլիքը հետայսու պետք է մի քիչ ավելի խելոք բան մտածի եւ այլեւս երբեք չկրկնի այն, ինչ Թուրքիան ու Ադրբեջանն են թելադրում: Այդ դեպքում, ի՞նչ իմանաս, գուցե Սարգսյան-Ալիեւ մի ոգեւորիչ հանդիպում էլ Վաշինգտոնում կազմակերպվի:




Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
[email protected]