Պետք է հայկական պոմիդորի համը գցել ռուսի բերանը

Պետք է հայկական պոմիդորի համը գցել ռուսի բերանը

Անցյալ շաբաթ Ռուսաստանն արգելել է ներմուծումներ կատարել այն երկրներից, որտեղ գործում են ԱՄՆ ճնշման տակ ընդունված հակառուսական սանկցիաները: Ռուսաստանյան սպառողն ստիպված է հրաժարվել իր սիրելի բելգիական շոկոլադից եւ «Վալիո» կաթնամթերքից, իսկ Կոկա-Կոլայի հումքի ահռելի խմբաքանակներ կանգնեցվում են սահմանի վրա: Արգելանքի տակ են ԵՄ երկրներից, ԱՄՆ-ից, Նորվեգիայից եւ Կանադայից ներմուծվող միսն ու մսամթերքը, ձկնեղենը, ծովային ողջ տեսականին, եվրոպական բազմազան պանրեղենն ու կաթնամթերքը, բանջարեղենը, միրգը, ընդեղենը, այն ամենը, առանց որոնց ռուսական սուպերմարկետները դժվար է պատկերացնել: Պատժամիջոցները որոշված է կիրառել առայժմ մեկ տարով: Եվրոպայի համար Ռուսաստանն իր մեծությամբ երկրորդ շուկան է, եւ եվրոպացիք միլիարդների կորուստներ են կանխատեսում ռուսական եւ արտասահմանյան ընկերությունների համար: Իսկ այդ միջոցին ՌԴ կառավարությունը բանակցություններ է սկսել Բրազիլիայի, Արգենտինայի, Չիլիի, Էկվադորի, Թուրքիայի հետ՝ սննդամթերք ներմուծելու մասին: Հնարավո՞ր է, որ ստեղծված իրավիճակը բարենպաստ լինի հայկական ընկերությունների համար: Հարցին պատասխանեց ՀՀ հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:




- Միանշանակ կզարգանա: Ասում են. «Не было бы части, да несчастье помогло»: Սա այն դեպքն է, երբ Ռուսաստանը պետք է այլ երկրներից վերցնի նախկինում Եվրոպայից բերվող ապրանքները: Այդ ցանկի մեջ է նաեւ Հայաստանը: Եթե մենք մինչեւ հիմա Ռուսաստան էինք արտահանում 334 մլն դոլարի ապրանքներ, սա անցյալ տարվա ցուցանիշն է, ապա այս իրադարձությունից հետո կարող ենք ավելացնել ծավալները: Հատկապես բանջարեղենի:




- Բայց մեր բանջարեղենը թանկ է եւ ռուսական շուկայում մրցունակ չէ: 



- Մեր բանջարեղենը՝ կարտոֆիլը կամ մյուս գյուղմթերքը ռուսական շուկայում այնքան էլ մրցունակ չէին, որովհետեւ Եվրոպան իր գյուղատնտեսությունը սուբսիդավորում է: Եվրամիության բյուջեի 40 տոկոսից ավելին գնում է գյուղմթերքի սուբսիդավորման վրա: Այդ պատճառով էլ նրանք էժան գյուղմթերք են ստանում, որը բերում են ռուսական շուկա: Եվրոպական գյուղմթերքը ռուսական շուկայում ռուսական արտադրանքից էլ մրցունակ էր, որովհետեւ Ռուսաստանը 1 հեկտարի վրա 400 ռուբլով էր նախատեսում գյուղացուն օգնել, իսկ Եվրոպան 300-400 եվրո գումար է դնում, այսինքն, 10 անգամ շատ էին աջակցում ֆերմերներին:




- Այդ դեպքում ռուսական տնտեսությունը եւս պետք է որ զարգանա:




- Այո: Ռուսաստանի համար ներքին շուկան տեղական արտադրանքով լցնելու լավ հնարավորություն է ստեղծվել: Նրանց գյուղատնտեսության համար սա վաղուց սպասված իրավիճակ էր: Նրանց մոտ եւ կոլխոզները կան, եւ սովխոզները, եւ կան ֆերմերներ: Պուտինն արդեն հայտարարել է՝ պաշտպանել տեղական ապրանք արտադրողին: Հիմա նա կսկսի էժան վարկեր տալ գյուղատնտեսությանը, ավելի տանելի պայմաններ ստեղծել գյուղացու համար: Հնարավոր է, որ նրանք միսը շատ չկարողանան արտադրել, բայց մթերքի մյուս տեսականու, բանջարեղենի արտադրանքը կզարգանա: Բացը կլրացվի նաեւ լատինաամերիկյան երկրներից: Բրազիլիան, Ուրուգվայը, Արգենտինան միս կներմուծեն, իսկ խոզով եւ թռչնամսով, կարծում եմ, Ռուսաստանը կկարողանա ինքն իրեն ապահովել:




- Իսկ Հայաստանը ո՞ր սննդատեսակների կարիքը կարող է լրացնել ռուսական շուկայում: 



- Այնտեղ լավ են գնում կեռասը, դեղձը, ծիրանը: Սեզոնին ծիրանի գինը մինչեւ 8-9 դոլար հասցնում են: Եթե Հայաստանը կարողանա վարունգ արտահանել, կարտոֆիլ, պարզ է, դրանք լավ կգնան ռուսական շուկայում: Ինչ էլ որ արտահանեն, բոլորը կծախվի:




- Պետությունն ի՞նչ պետք է անի, որ օգտվի ստեղծված իրավիճակից:




- Մերոնք պետք է ակտիվ լինեն, գյուղատնտեսությունը սուբսիդավորեն: Ինչ-որ բաներ սկսել է կառավարությունը: Խոսքը հողի հարկի, ջրի վարձի սուբսիդավորման մասին է: Պետք է մի քիչ էժան վարկեր տան: Մենք գյուղացիներին հիմա կարողանում ենք 14 տոկոսով վարկ տալ, 4 տոկոսն էլ պետությունը կոմպենսացնում է, դառնում է 10 տոկոս: Բայց սա էլ է թանկ: Պետք է ազատ տնտեսական գոտիներ ստեղծեն սահմանային գյուղերում, ինչն արդեն հայտարարել են: Դա էլ կնպաստի, որ ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցները, որոնք այնտեղ կայացել են, գան, իրենց գյուղերում արտադրություն դնեն ու իրենց հնարավորություններն օգտագործելով, տանեն իրացնեն ռուսական շուկայում: Այս քաղաքականությունը պետք է տանեն, եւ այս դեպքում մեր ապրանքների իրացման ծավալները կմեծանան:




- Ի՞նչ չափով։




- Կարծում եմ՝ եկող տարի կկարողանանք մի 30-40 մլն դոլարով ավելի ապրանքներ ռուսական շուկայում իրացնել:




- Բայց սանկցիաները երկար չեն տեւելու՝ մեկ տարի: Կհասցնե՞նք մտնել այնտեղ:




- Եթե Ռուսաստանը տեսնի, որ այս սանկցիաներն իր տնտեսությանն ավելի են օգուտ, կերկարացնի: Ինչի՞ն է պետք եվրոպական լավ փաթեթավորված, բայց անհամ բանջարեղենը: Կոնկրետ, ասենք, Բելգիայում կամ Հոլանդիայում աճեցրած պոմիդորը հո Հայաստանում աճեցրած պոմիդորի որակը չունի՞: Դրա համար, եթե սովորեցին մեր սննդատեսակներին, զգացին դրանց համը, մեզ կհաջողվի այս շուկան երկար պահել:




Սյուզան  ՍԻՄՈՆՅԱՆ
[email protected]