Պաշտոնական լրատվությունը լրագրողների պոչից է գնում
Օգոստոսի 6-ի մամուլի ասուլիսում Պնախարարը հայտարարեց, որ հայկական ստորաբաժանումները 20-ից ավելի դիվերսիաներ են կանխել, եւ որ, անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով, նախարարությունը չի կարող բացահայտել մարտական խնդիրները, որոնք իրականացնում է: Այս 20 դիվերսիաներից հանրությունը գիտի միայն այն դեպքերի մասին, որոնց ընթացքում մարդիկ են զոհվել: Դրանք մի քանիսն են: Առաջինը, թերեւս, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանն էր, որը զոհվեց հունվարի 19-ին, եւ որից հետո ՊՆ-ն խոսեց «հակառակորդի ագրեսիվության աճի» մասին: Քարվաճառ ներթափանցումների մասին դեպքերը պաշտոնական աղբյուրները ուշացած եւ խեղաթյուրված ներկայացրին, տարածվող տեղեկությունները ոչ մի կերպ չէին փարատում մամուլում սփռվող տագնապը Նոր Էրքեջի հովվի որդու անհետացման շուրջ: Հիշեցնենք, որ նա անհետացավ Ճումեն գյուղի տնակից:
Քարվաճառում խուճապ էր, գյուղացիները խոսում էին դեպքի մասին: Հուլիսի 5-ից սկսած՝ ԶԼՄ-ները գրում էին կորած երեխայի մասին: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հուլիսի 7-ին նույնիսկ հերքեց, որ դիվերսիոն հարձակման հետեւանքով գերեվարվել է հովվի տղան: Հուլիսի 10-ին միայն ԼՂՀ պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունից հայտնի դարձավ դիվերսիոն խմբի եւ դրա վնասազերծման մասին, եւ 5 օր անց միայն Պնախարար Օհանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, չբացառեց, որ տղայի անհետացումը կարող է կապված լինել Քարվաճառում չեզոքացված դիվերսանտների գործողությունների հետ, իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 16-ին, ԼՂՀ ոստիկանները հայտնեցին, որ Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների հարակից անտառում գտել են տղայի դիակը: Այսպես, կիսապատերազմական այս դրության հաստատվելու առաջին պահից ԶԼՄ-ներն անհամեմատ ավելի օպերատիվ եւ ճշգրիտ ինֆորմացիա էին տարածում, քան ՊՆ-ն, որը գործում էր ըստ իրավիճակի, հնարավորինս փակելով տեղեկատվությունը: Հուլիսի 11-ին «Նիվայի» մեջ զոհված Սարգիս Աբրահամյանի եւ վիրավորված, աչքը կորցրած Կարինե Դավթյանի մասին ՊՆ-ն պաշտոնապես հայտնեց մեկ օր անց, բայց այնպես, որ ոչ ոք ոչինչ չհասկացավ. նախարար Օհանյանն ասաց, որ փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա, եւ վիրավորվել է մեկ կին: Կարելի էր ենթադրել, թե նրանք դիմադրություն էին ցույց տվել, բայց, ինչպես պարզվեց հետագայում, ընդամենը պատահական զոհեր էին, ակամայից դիվերսանտների ճանապարհին հայտնված: Թե որքան էր վտանգավոր դիվերսանտների համար հայտնվել Քարվաճառի անտառներում, մենք իմացանք «ազիկների» տարածած տեսանյութից, որում նրանք խորոված էին ուտում հայկական ուժերի տնօրինության տակ գտնվող տարածքում:
Մինչ օրս ոչ մի պաշտոնական բացատրություն չի եղել առ այն, թե ինչպես հաջողվեց դիվերսիոն խմբին այդքան խորանալ մեր թիկունքում եւ իրեն անվտանգ զգալ մեր անտառներում: Խորովածի վերաբերյալ «Երկիր Մեդիային» տված հարցազրույցում ՊՆ խոսնակը ոչ խորովածի, ոչ այս մասին ոչինչ չասաց: Ընդամենը հավաստիացումներ լսվեցին մեր համապատասխան ստորաբաժանումների բարձր պատրաստվածության մասին եւ խրատներ լրագրողներին, որ «դիվերսիոն գործողությունը, ընդ որում՝ որոշակի խորության վրա, պարունակում է օպերատիվ որոշակի աշխատանք, եւ ձեռքը սեղանին խփել ու պահանջել, որ ինֆորմացիան անմիջապես հասնի, այնքան էլ տեղին չէ»: Ստացվում է, որ ձեռքը սեղանին խփողները լրագրողներն են, ոչ թե մարդիկ, այն գյուղերի բնակիչները, որտեղ գրանցվում են պատահարները: Հուլիսի վերջին օրերին Այգեձորի բնակիչ Վալերի Ճաղարյանի վիրավորվելու մասին նույնպես առաջինը գրեցին ԶԼՄ-ները: ՊՆ մամուլի խոսնակը, կրկին նրանց հետեւից շարժվելով, ստիպված էր հանգստացնել. «Այգեձորի շրջակայքում դիվերսիա չի եղել, եղել են կրակոցներ»:
Երեկ «Հրապարակը» տեղեկացրել էր, որ Վայոց Ձորի Սերս գյուղում տագնապ են հայտարարել եւ տեղի զորամասի բոլոր պայմանագրային զինծառայողներին հանձնարարել են փնտրել տարածք ներթափանցած դիվերսանտներին։ Մեր այս լուրը տեղատարափ հայհոյանքներ եւ պետական գաղտնիքների բացահայտման մեղադրանքների ալիք բարձրացրեց ՊՆ «ֆեյք» - ակտիվի կողմից, իսկ նախարարի խոսնակը մեզ ընդամենը փոխանցեց, որ ինքը տեղյակ չէ նման տագնապ հայտարարվելու մասին, եւ անգամ հոխորտաց՝ նույնիսկ եթե այդպիսի բան կա, ապա նման տեղեկություն պետք չէ հրապարակել: ՊՆ-ին հավատարիմ վիրտուալ մեկնաբաններից մեկն էլ գրել էր, թե պետք չէ տեղեկացնել, որ դիվերսանտներ կան, թե չէ նրանք կպատրաստվեն, կզգուշանան՝ իմանալով, որ իրենց փնտրում են: Հավանաբար, ճիշտը լռելն է, կեղծ տեղեկություններ տարածելը, մինչեւ որ բնակիչները, բանից անտեղյակ, մի նոր զոհ տան: Եվ սա կլինի «հայրենասիրական» հաղորդագրություններ տարածելու ճիշտ պահը:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
syuzan.simonyan@hraparak.am
Կարծիքներ