Արցախի թեմի առաջնորդը սեփականաշնորհել է սարկավագատունը և վաճառել

Արցախի թեմի առաջնորդը սեփականաշնորհել է սարկավագատունը և վաճառել

Այս պատմությունն արտառոց է Ղարաբաղի համար: Հնազանդությունն իշխանությանը Արցախի բնակիչների գենետիկ հատկությունն է: Նրանք հազվադեպ են բողոքում իշխանավորների դեմ, լսող են, հնազանդ: Երեւանցի հյուրերին, որոնք զարմանում են, տեսնելով ղարաբաղցիների մեծամասնության թշվառ, անապահով եւ հլու հնազանդ վիճակը, բացատրում են մեկ նախադասությամբ. «Մենք պատերազմ տեսած ժողովուրդ ենք»: Եվ սպիտակ ագռավ է դառնում նա, ով ըմբոստանում է այս համընդհանուր լռության մեջ:



Սիփան Պետրոսյան: Ծնունդով Շուշիից: 2008 թվականին մեկնել է Իսրայել՝ Երուսաղեմի աստվածաբանական ճեմարան, եւ վերադարձել է 2011 թվականին: Շուշիում համախմբել է մի քանի երիտասարդների եւ հիմնել «Եկեղեցասեր երիտասարդների միությունը»: Ուզում էր հասարակության եւ եկեղեցու միջեւ ներդաշնակ հարաբերություններ ստեղծել, բարձրացնել մարդկանց խնդիրները պետական մարմիններում, բայց շատ արագ բախվեց պատի:



Ամեն ինչ սկսվեց եւ ավարտվեց բազմազավակ Դիանայի տան պատմությունից



ԼՂՀ շինարարության նախարարությունը կառավարության բնակարանաշինության ծրագրով նրա համար տուն էր կառուցել: Բայց 8-րդ երեխայի ՝ Արարատի օրորոցին ջուր էր կաթում առաստաղից, իսկ տղաներից երրորդը՝ Անդրեյ անունով, որը թեքվանդոյի միջազգային մրցաշարում առաջին տեղն էր գրավել, այս տարի չկարողացավ մասնակցել, քանի որ խոնավ պայմանների պատճառով ոտքի հիվանդություն էր ստացել: Տանը չկային կոյուղի եւ օդափոխության համակարգ: Պատերին բորբոսի հաստ շերտ էր: «Մենք բողոքեցինք կառավարություն: Շինարարության նախարարություն գնացած բողոքին պատասխանեց Պարգեւ սրբազան Մարտիրոսյանը: Նա ասաց, որ եկեղեցին՝ իրեն հարող կառույցներով, չի կարող ընդհարումներ ունենալ կառավարական մարմինների հետ»,- պատմում է Սիփան Պետրոսյանը: Սա «եկեղեցասերների» վերջը եղավ: Արցախի թեմը հրաժարվեց այս կառույցից: Բայց Սիփանը շարունակեց իր «քաղաքական» գործունեությունը: Նա փորձեց ստորագրահավաք կազմակերպել ջրամատակարարումից դժգոհ շուշեցիների շրջանում, բայց բնակիչները չստորագրեցին դիմումի տակ՝ ասելով, որ երեխաներ ունեն, որ իրենք կարող են կեղտոտ ջուր խմել, միայն թե երեխաներին չնեղացնեն:



Սրբազանը Սիփանին իր տունն էր վաճառում՝ 20 հազար դոլարով



«Արցախի համահայկական հիմնադրամն զբաղվում է բնակարանաշինության ծրագրով: Այս պատրվակով բանկային ծառայություն է մատուցում ժողովրդին,- պատմում է Սիփանը,- վերցնելով Շուշիի ավերակ բազմահարկ շենքերը՝ վերանորոգում են եւ շուկայականից բարձր գնով վաճառում ժողովրդին: Նաեւ կա հիպոթեք կոչվածը, այսինքն, բնակչությունը հնարավորություն ունի հիպոթեքով գնել, 15-20 տարվա ընթացքում փակել այս գումարը, սակայն սա նրանց համար է, ովքեր ունեն 200-250 հազար դրամ աշխատավարձ, իսկ Արցախում միջին աշխատավարձը, փաստացի, 50-60 հազար է»: Սիփան Պետրոսյանը պատմեց, որ ինքը եւս, լինելով երիտասարդ ընտանիքի հայր, փորձել է օգտվել այս ծրագրից, սակայն կառավարությունից պատասխանել են, որ ազատ բնակարաններ չկան: Ըստ Սիփան Պետրոսյանի, Արցախի թեմի առաջնորդը՝ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, իրեն առաջարկել է 20 հազար դոլարով գնել իր բնակարանը, որը մի ժամանակ եկեղեցու սարկավագատունն էր, եւ որը սրբազանը սեփականաշնորհել էր: «Դա 4 ամիս առաջ էր: Իր տներից մեկը, որը եկեղեցուց ներքեւ է, վաճառեց Տեր Անդրեաս քահանային, իսկ վերեւինը ինձ վրա փորձեց վաճառել: Ասեցի, որ չունեմ այդ գումարը, առաջարկեց, որ հիպոթեքով վերցնեմ: Ասեցի, որ ես 41 հազար աշխատավարձ եմ ստանում եկեղեցուց, ինչպե՞ս գնեմ: Ասեց, որ ինքը կապեր ունի եւ կօգնի ինձ: Այսպես, «Արցախբանկ»-ի տնօրենի միջոցով՝ Կամո Ներսիսյանի, որը հանդիսանում է նրա ընկերը, միջնորդեց, եւ նա գրեց ինձ 280 հազար դրամ աշխատավարձ, որպեսզի ես կարողանամ գնել իրեն պատկանող բնակարանը: Ես պետք է եկեղեցու աշխատավարձով եւ ծեսերից եկող գումարներից վճարեի 55 հազար դրամ՝ ամիսը: Թղթաբանությունն արեցինք, բայց ես չունեի 6 հազար դոլար կանխավճարը, որը պետք է տայի «Արցախբանկ»-ին»,- վերհիշում է Սիփան Պետրոսյանը: Նա առաջարկել է 14 հազարով գնել Սրբազանի տունը, որը մի ժամանակ պատկանում էր եկեղեցուն եւ կոչվում էր սարկավագատուն, բայց Սրբազանը մերժել է. «Ասեց, որ սա արդեն ցածր գին է, եւ ես կարող եմ մեկ ուրիշի վրա վաճառել եւ շատ ավելի թանկ գնով»:



Սպասարկուին վռնդեցին եկեղեցուց



Սիփան Պետրոսյանը դիմել է կառավարություն, սակայն այնտեղից էլ է մերժում ստացել եւ պատճառաբանություն, որ բնակարաններ այլեւս չկան: Տաքացած երիտասարդը մի հարց է տվել բնակվարչության պետ Աշոտ Միրզոյանին եւ վարչապետի մամուլի պատասխանատու Դավիթ Բաբայանին: «Ասել եմ, որ մարդիկ Արցախից արտագաղթում են, հայությունը թքելու է ձեր արած գործերի վրա: Ո՞ւմ եք կառավարելու, երբ դատարկվի Արցախը»: Դավիթ Բաբայանը, ըստ նրա, տեղեկացել է, թե որտեղ է ապրում Սիփանը: Նույն օրը Պարգեւ Սրբազանի հրամանով նա ազատվել է աշխատանքից: Սիփանը վստահ է, որ սա ճնշում է իր նկատմամբ, եւ որ իրեն ազատել են կառավարության աշխատակազմի պահանջով. «Քահանայի, Տեր Անդրեասի միջոցով նա ինձ փոխանցեց՝ կամ պետք է ներողություն խնդրեմ կառավարության աշխատակիցներից, կամ ինձ հեռացնում է գործից»:



Պարգեւ Սրբազան. «Նրա մայրը բաժանված է»



Մեր խնդրանքով Արցախի թեմի առաջնորդը պարզաբանեց, որ Սիփան Պետրոսյանին ծառայությունից ազատել է պատարագներից բացակայելու պատճառով: «Նա հաճախ պատարագներից բացակայում է: 3 անգամ չի եկել պատարագների: Եկա տեսա, որ պատարագի կեսն է, դեռ չի եկել Սիփանը: Ես էլ նրան ասեցի, որ դուրս գա գործից»,- ասաց Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Ըստ նրա, եկեղեցու նախկին սպասարկուի բնակարանի հարցը կապ չունի նրա ծառայության հետ: «Ասում է՝ պետությունն ինչո՞ւ չի ինձ բնակարանով ապահովում, չգիտեմ ինչ, կարծես թե պետությունը պարտավոր է բոլորին բնակարանով ապահովել: Ստից-մտից խոսում է, էլի»,- ասաց Սրբազանը: Նրա հետագա խոսքը գրառել ենք առանց սրբագրումների:



- Սրբազան, ճի՞շտ է, որ Դուք նախկին սարկավագատունը, որն այժմ Ձեր տունն է, ուզում էիք վաճառել Ձեր սպասարկուին:



- Ինքն ինչ ուզում է խոսի, մենք իրեն դիսցիպլինայի համար ենք հանել:



- Բայց նման գործարք եղե՞լ է, թե՞ չէ:



- Սյուզաննա, ի՞նչ կապ ունի վաճառքի գործարքը: Մենք իրեն ասեցինք՝ կարաս գնաս, բանկ դիմես, տարածք վերցնես: Ասեց՝ ես չեմ կարա տոկոսները մուծեմ… Մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի: Ինքն իր համար ինչ հորինում է, ինձ չի հետաքրքրում:



- Իսկ Եկեղեցասեր երիտասարդների միությունն ինչո՞ւ եք կազմալուծել:



- Ինչո՞ւ եք Դուք էդքան միամիտ: Ի՞նչ ա կազմալուծվել, ի՞նչ է խոսում, մենք ունենք Երիտասարդական միություն, Սամվել սարկավագը ղեկավարում է: Իսկ նրանք մեկ-մեկ գալիս էին իրենց խնդիրներով, հանդիպում էին, դա է եղել: Եթե նրանք ծրագրեր ունեին, թող անեին: Մի քանի անգամ եկել խոսել են, գնացել են: Ոչ մի ծրագիր էլ չեն արել: Մենք մեր դահլիճն իրենց տրամադրել ենք, ոչինչ չեն արել: Էս՝ մեկ, երկրորդը՝ իրանց ընտանիքը, մայրն ա բաժանված, երեք էլ տղա ունի, չորսին էլ ես պահում եմ մինչեւ հիմա: Թեմն էլ, անձամբ ես էլ, միջոցներ ենք տրամադրել այդ ընտանիքին: Երեքին էլ պահել ենք, երեքին էլ կրթության ենք ուղարկել, եւ տենց մարդը ամենաանպարտաճանաչն ա:



ՀԳ. Սրբազանն ամեն դեպքում բարոյական էր ու աստվածավախ եւ չկարողացավ հերքել տեղեկությունն իր տան վաճառքի մասին, ասել՝ սուտ է, ես չեմ սեփականաշնորհել սարկավագատունը, չեմ փորձել այն վաճառել իմ սպասավորին:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ



[email protected]