Հայաստանը չի կարող առանց Ղարաբաղի մաս կազմել ԵՏՄ-ին

Հայաստանը չի կարող առանց Ղարաբաղի մաս կազմել ԵՏՄ-ին

ՀՀ իշխանությունները մեկ կարևորագույն խնդիր ունեն լուծելու՝ թույլ չտալ, որ Հայաստանը մտնի ԵՏՄ առանց Ղարաբաղի: Կկարողանա՞ն լուծել այդ խնդիրը, ավելին՝ կկարողանա՞ն հասնել այն բանին, որ ԼՂՀ-ն Հայաստանի հետ միասին մաս կազմի Եվրասիական տնտեսական միությանը՝ փառք ու պատիվ իրենց: Այլ տարբերակ իշխանության ղեկին մնալու ՀՀ իշխանությունները պարզապես չունեն:



Սոչիի հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ԼՂՀ հարցը ԵՏՄ-ի հետ կապ չունի, և ԵՏՄ-ի ձևավորման, ինչպես նաև այդ կառույցին Հայաստանի անդամակցության գործընթացները որևէ կերպ պայմանավորված չեն ԼՂՀ հարցի կարգավորման հետ:



Լավրովը պատահական մարդ չէ, և լավ կլիներ, որ ՀՀ իշխանությունները գոնե ինչ-որ կերպ փորձեին մեկնաբանել նրա խոսքերը, թե այդ ինչ ֆոկուս է մտածել Ռուսաստանը, որ ԼՂՀ հարցը չկապվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ:



Հայաստանյան վերլուծաբաններն ավելի շատ հակված են մտածելու, որ Լավրովի հայտարարությունը բխում է Աստանայում քննարկված Ալիևի նամակի ոգուց, այսինքն՝ դեռ չեն ուզում զայրացնել Բաքվի իրենց գործընկերոջը և հենց այդ նպատակով են առայժմ հայտարարում, որ Ղարաբաղը կապ չունի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ: Եթե նույնիսկ այդպես է, և Ռուսաստանը շահարկում է ԼՂՀ խնդիրը Ադրբեջանին սիրաշահելու և նրան ԵՏՄ գրավելու նպատակով, ապա դա ևս ՀՀ իշխանությունների օգտին չի խոսում, քանզի ոչ ոք չգիտի, թե հետագայում ինչպես կվարվի Ռուսաստանը, եթե Ալիևն ուղղակի գին սահմանի ԵՏՄ մտնելու համար, դիցուք՝ Ղարաբաղը: Հայաստանը պարզապես իրավունք չունի ԼՂՀ ճակատագիրն ամբողջությամբ հանձնել երրորդ կողմի և կողքից դիտել, թե ինչ է տեղի ունենալու:



Վերջերս հաճախ է խոսվում հայ-ադրբեջանական շփման գծում խաղաղապահներ տեղակայելու անհրաժեշտության մասին: ՀՀ իշխանությունների՝ այս հարցի հետ կապված տեսակետը ևս պահված է յոթ կողպեքի հետևում: Ոչ ոք դեռ չի խոսել այն մասին, թե ինչ կարող է տալ մեզ խաղաղապահների տեղակայումը, կամ ինչից զրկել: Մեծ հարցական է նաև, թե շփման հատկապես ի՞նչ գիծ նկատի ունեն խաղաղապահներ տեղակայելու կողմնակիցները՝ Ռուսաստանը կամ Արևմուտքը, որ հավասարապես ակտիվ են արդեն: Եթե այդ ուժերը պետք է դասավորվեն ԼՂՀ դե ֆակտո սահմաններով, ապա՝ խնդրեմ, իսկ եթե մտադիր են ԼՂԻՄ-ը պաշտպանել կամ Լաչինի միջանցք ապահովել, ապա դա անթույլատրելի կողոպուտ կլինի և հայ ժողովրդի հանդեպ մեծագույն անարդարություն:



Նշված խնդիրները ՀՀ իշխանությունները պարտավոր են քննարկել սեփական ժողովրդի հետ, պարզաբանել, լուծումներ գտնել, որոնք աջակցություն կունենան հանրության շրջանում: Վերջին լարումները և համախմբումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մեր խնդիրներին մենք պետք է տեր կանգնենք և ոչ թե սպասենք, որ մեզ համար հարց լուծվի:



Մեծ հաշվով ՀՀ իշխանություններն ուրիշ-ուրիշ տարբերակներ չունեն էլ: ԼՂՀ հարցի ցանկացած ոչ հայանպաստ զարգացման պարագայում մահկանացուն կնքողներն իրենք են լինելու և ոչ թե Պուտինը, Նազարբաևը կամ մեկ ուրիշը: