Թեկուզ Լուսնին ինտեգրվեք

Թեկուզ Լուսնին ինտեգրվեք

Կարիք չկա առանձնապես դարդ անելու կամ ստրես ապրելու այն պատճառով, որ Հայաստանը մինչև սեպտեմբերի 3-ը գնում էր դեպի ԵՄ, իսկ սեպտեմբերի 3-ին փոխեց ուղղությունը և սկսեց գնալ դեպի ՄՄ: Միևնույն է, տեղ չէինք հասնելու ոչ մեկ և ոչ էլ մյուս դեպքում: Ստորագրեինք Ասոցացման պայմանագիրը թե չստորագրեինք, մեզ հա~ ասելու էին դեռ պատրաստ չեք, դեռ այս ու այս փոփոխությունները պետք է անեք, այս ու այս արժեքները պետք է ներմուծեք, դեռ պետք է մի լավ ինտեգրվեք ու նման բաներ: Ճիշտ նույնն էր լինելու, ինչ որ ՄՄ ճանապարհին է հիմա տեղի ունենում: Մեզ գովում են, խրախուսում, բայց ամեն անգամ մի պատճառ են գտնում հետաձգելու ԵՏՄ անդամակցությունը: Հիշեք միայն, թե քանի ամսաթիվ են նշել, ՀՀ-ի` ՄՄ-ին անդամակցությունը գլուխ բերելու համար: Չկա ու չկա, նաև պարզ չի, թե երբ է լինելու:



Հետևաբար, մեզ համար ի՞նչ տարբերություն` ԵՄ չենք կարողանում մտնե՞լ, թե՞ ԵՏՄ: Անիմաստ տեղը ազգը, երկու մասի բաժանված, եռում է ինքն իր ներսում, արևմտամետները` ռուսամետներին, ռուսամետները արևմտամետներին են բզկտում, բայց բոլորով կանգնած են նույն կետում` ոչ ԵՄ-ում և ոչ էլ ՄՄ-ում: Մեզ կողքից նայողն ի՞նչ կասի:



Լավ է գոնե, որ այս ամենին անտարբեր է ժողովուրդը: ժողովրդի խելքը կտրուկ է, իսկ կայացրած վճիռը կարճ: Ժողովրդի համար լրիվ միևնույն է, թե իր այս իշխանություններով որտեղ կլինի Հայաստանը` ԵՄ-ո՞ւմ, ՄՄ-ո՞ւմ, թե՞ Լուսնի վրա: ՀՀԿ-ն, իմա` ՀՀ իշխանությունը, ՀՀԿ է նույնիսկ Աֆրիկայում, և ժողովրդին հակառակը համոզելն անօգուտ է: Մանավանդ ՀՀ հասարակ քաղաքացուն, ով, ինչպես ասում են, ՀՀԿ-ի կաշին դաբաղխանից գիտի և այդ կուսակցությանը սեփական աչքերով է տեսել թե ԵՄ գնալիս, թե սեպտեմբերի 3-ին և թե սեպտեմբերի 3-ից հետո` ռուսական ստեպներում բուքսավատ անելիս:



Ժողովուրդը մի բան գիտի` իր իշխանությունները, մեծ տրամաչափի պաշտոնյաներից մինչև ռագատկի քարի չափ գզիրը, լափող են, և ժողովրդի համար տարբերությունը մեծ չէ` նրանք քաղաքակիրթ եվրոպացու նման դանակ-պատառաքաղով, անձեռոցիկը օձիգի մեջ խրա՞ծ կլափեն, թե՞ ասիացու նման` գետնին ծալապատիկ նստոտած, հսկա մսակտորները կուլ տալով: Նաև սա է պատճառը, որ ժողովուրդը մեծ հաշվով թքած ունի թե Բրյուսելի և թե Աստանայի վրա, թքած ունի թե եվրոպական և թե ասիական արժեքներ պրոպագանդող գործիչների լիրիկական զեղումների վրա:



Ուզում եմ անկեղծորեն խոստովանել. երբ մեծ փիլիսոփա Տիգրան Սարգսյանին փոխարինում էին դելավոյ Հովիկ Աբրահամյանով, ինձ մի պահ թվաց, որ տեղում կանգնած մնալուց ճահճացող Հայաստանը, խոսելուց բացի, կսկսի վերջապես որևէ կողմի վրա շարժվել: Բայց ավաղ, Հովիկ Աբրահամյանը ավելելի մեծ փիլիսոփա դուրս եկավ, քան իր նախորդը, իսկ իր ծրագիրը` ավելի ուտոպիստական, քան ժամանակի ուտոպիստ-սոցիալիստներինը:



Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը Հովիկ Աբրահամյանի ծրագրից մի բան էր միայն հասկացել, որ այսուհետ ավելի շատ հարկեր է մուծելու, իսկ թե ինչո՞ւ, Հովիկ Աբրահամյանը չէր մանրամասնել: Կարելի էր մտածել` աշխատավարձ են ուզում բարձրացնել, թոշակ, առողջապահությունն ու կրթությունը հասանելի դարձնել… Բայց ինչպե՞ս, երբ մինչև ժողովրդին հասնելը այդ ավելացված հարկերը հազար լափողի ձեռքով են անցնում: Եթե մեր բոլոր գործարարները նույնիսկ ամբողջովին էլ դուրս գան ստվերից,, միևնույն է, հայկական պետության այս տարբերակում հավաքագրվող գումարները ժողովրդին չեն հասնելու: Իսկ ժողովուրդը դա լավ է հասկանում և շատ հակիրճ է նրա դատավճիռը` թքած: Ժողովրդի համար, ասացեք խնդրեմ, ի՞նչ տարբերություն, նա աղքատ կլինի ստվերային տնտեսությա՞ն, թե 100 տոկոս հարկահանության պայմաններում:



Վիճակն, այո, անելանելի է: Եվ շատ դժվար է պատկերացնել, թե մի օր կկշտանան ու կասեն` ժողովուրդ, էլ տեղ չկա, էս մի կտորն էլ առ, դու կեր: Այնպես որ` պակազուխա է այս ամենը: Շրջաններն են ընկել, խոստումներ են տալիս, դիրքեր են գնում, տնտեսական հանցագործություններ են բացահայտում, տույժ-տուգանքներ են նվազեցնում… շուտով կսկսեն արդյունքների մասին զեկուցել: Քամի, կուտ… և ժողովրդի համար, արդարացիորեն, ոչ մի տարբերություն չկա` վարչապետը կովի պտուկների՞ց է խոսում, թե՞ գործարարներին օրենքի դաշտ բերելուց: Վերջնարդյունքը նույնն է` ինքն էլի էն աղքատն է ու էն աղքատը:



Ընդդիմություն: Մեր ամենացավոտ թեմաներից մեկն է 2008 թվականից այսկողմ: Մեր ընդդիմադիրներին թվում է, թե ժողովուրդն ավտոմատ կերպով պետք է դեմքով շրջվի դեպի իրենց, երբ արդեն ոչ մի հույս չի կապում իշխանության հետ: Չէ, բալամ, սխալվում եք: Դուք, ախր, այնքան տարատեսակ եք: Բացի այդ, իշխանությունը լավ էլ հոգ է տարել, որ մարդիկ նայեն ձեզ վրա ու ոչ մի գրավիչ բան չտեսնեն: Նույն պարարտ փորերը, նույն շքեղ ավտոմեքենաները, նույն Արևմուտք-Արևելք երկվությունը, նույն շատախոսությունն ու գործի բացակայությունը: Ինչքան ուզում եք` խոսքով քննադատեք իշխանություններին, միևնույն է, երբ վերջին հաշվով նաև դուք թքած ունեք թե ինչպես ու ինչքան են լափում իշխանությունները, երբ հաշտվում եք ընդդիմադիր կարգավիճակի հետ ու բավարարվում իշխանության տվածով, բան դուրս չի գա: Գեղեցիկ պետիցիաներ գրելը դեռ պայքար չի, չէ՞: Հովիկ Աբրահամյանը ողջ ամառը մեկ օր չի նստել, իսկ դո՞ւք ուր եք: Հասկանալի է` ծաղկավոր շորտիկ, լողափ, արմավենիներ, աղջիկներ… բա հետո՞… Ժողովրդի համար ի՞նչ տարբերություն` իր համար դժվար օրերին ծովափին ով ՙբալդետ՚ կլինի` իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը:



Եվ վերջում` մի շատ հատկանշական ցուցանիշ: Օրերս Ստավրոպոլի երկրամասաում մի ավտոբուս վթարի ենթարկվեց: Բոլոր ուղևորները տեղափոխվեցին հիվանդանոց: Փառք Աստծո, զոհեր չեղան: Ավտոբուսն ուղևորվում էր Վոլգոգրադ, իսկ ավտոբուսում բոլորը հայեր էին, որովհետև ավտոբուսը մեկնել էր Երևանից: Ինչո՞ւ էին Վոլգոգրադ գնում այդ հայերը, այն էլ ավտոբուսով: Չենք կարծում, թե Վոլգա գետում լողանալու կամ Մատուշկա-Վոլգայի ափերով զմայլվելու: Հավանաբար` արտագնա աշխատանքի էին մեկնում կամ մշտական բնակության` Ռուսաստան: Վերջին հաշվով մի կյանք են ապրում` ինչքա՞ն կարելի է թքած ունենալ և դառն ու դատարկ նստել: