Ադրբեջանը պետք է ուղղակի բանակցությունների նստի Ղարաբաղի հետ

Ադրբեջանը պետք է ուղղակի  բանակցությունների նստի Ղարաբաղի հետ

Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ



- Ի՞նչ կարող է անել կառավարությունը, որպեսզի Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պայմաններում հայկական սննդամթերքով հնարավորինս լցնի ՌԴ շուկայում գոյացած բացը:




- Կառավարությունը հավաքել է հիմնական արտադրողներին, ինչքան հասկացա, հրավիրել է բանկերի, որպեսզի վարկավորեն, եւ փորձում է ընդլայնել էքսպորտը դեպի Ռուսաստան:



Սա ճիշտ է: Սակայն կա մի բան, որ կառավարությունը չի կարողանում լուծել. ինչպե՞ս անել, որ արտահանողները շատ լինեն, ինչպե՞ս անել, որ արտահանման այս իմպուլսը հասնի գյուղացուն: Այս ընթացքում, իմ կարծիքով, կառավարությունը սխալ կանի, եթե, ենթադրենք, օգնի որեւէ մեկ ընկերությանը եւ հայտարարի, որ այդ ընկերությունը պատրաստ է ապահովել գյուղմթերքների ամբողջ էքսպորտը: Օրինակ, կան մի քանի ընկերություններ, որոնք մասնագիտացել են գյուղմթերքի արտահանման մեջ, եւ ես հույս ունեմ, որ կառավարությունը ոչ միայն կընդլայնի էքսպորտը դեպի Ռուսաստան, այլ նաեւ կընդլայնի ընկերությունների քանակը, որոնք անմիջականորեն հասնում են գյուղացուն:




- Այսինքն, բեռնափոխադրումների շուկա՞ն է պետք աշխուժացնել:




- Այո, մեկ ընկերություն չպետք է աշխատի արտահանման գործում: Եթե սա էլ անի կառավարությունը, ապա, ընդհանուր առմամբ, այս քաղաքականությունը ճիշտ է եւ արդյունքի կբերի: Իսկ եթե անընդհատ ուժեղացնի որեւէ մեկ ընկերությանը, այն հույսով, որ որեւէ մեկը կարտահանի, նա դրանով կիջեցնի գյուղատնտեսության մրցունակությունը:




- Բայց մի երկու խոշորների կողմից ճնշված բեռնափոխադրողները կարո՞ղ են արդյոք արագ, օպերատիվ կարգով ոտքի կանգնել:




- Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանում եւ նախկին կառավարությունը, եւ այս կառավարությունն առայժմ սիրում են խոշորի հետ աշխատել: Սիրում են տեսնել 10-20 տնտեսվարող, հրավիրել իրենց մոտ, խոսել, պայմանավորվել: Կառավարությունը դեռ չի սովորել հարկային, մաքսային քաղաքականությունը վարել այնպես, որպեսզի անուղղակիորեն եւ զանգվածաբար դա վերաբերի հազարավոր գյուղատնտեսական տնտեսությունների: Նույն աշխատաոճը գյուղնախարարությունում է: Այն, որ այսօր խրախուսում են, ռեսուրսներ են հատկացնում, ճիշտ է, բայց նաեւ մտածել է պետք, թե ինչպես անել, որ գյուղացիների մի զգալի հատվածին սովորեցնենք արտահանմանը:



- Մենք Ղարաբաղում ունենք սննդի ավելցուկ: Արտահանումը համակարգված չէ:Հնարավո՞ր է, որ այնտեղ էլ առաջխաղացում լինի:




- Մենք Ղարաբաղում մրգի, հատապտղի պահածոների արտադրության լավ փորձ ունենք, եւ արտահանման խնդիր չկա ձեթի, մի շարք գյուղատնտեսական մթերքների արտադրության գծով: Դուք գիտեք, որ այս տարի Ղարաբաղում ահավոր երաշտ էր՝ երբեւիցե չեղած: Այնուամենայնիվ, էլի ահագին բերք կա: Բայց Ղարաբաղի գյուղատնտեսությունն այսօր այնքան էլ մասնագիտացված չի պտղի ու մրգի արտադրության մեջ: Բացառություն է կազմում խաղողը:




- Բայց մսամթերքի ավելցուկ ունենք, չէ՞, այնտեղ:




- Այո, բոլոր խոշոր տնտեսությունները եւ Ղարաբաղում, եւ Հայաստանում ունեն մսի եւ կաթի իրացման խնդիր: Ավելի ճիշտ՝ իրացում կա, բայց այնպիսի գնով, որը չի գերազանցում ինքնարժեքը: Եթե մի պահ պատկերացնում ենք, որ մենք կարող ենք դա տեղափոխել ռուսական շուկա, որտեղ այդ ամենը շատ ավելի թանկ արժե, ապա եւ Հայաստանի, եւ Ղարաբաղի կաթ եւ միս արդյունահանող ընկերությունները կհայտնվեն շահեկան վիճակում:




- Հայ-ռուսական տնտեսական կապերի ակտիվացումն այս փուլում կարո՞ղ է լարվածություն ստեղծել ԱՄՆ եւ եվրոպական երկրների հետ:




- Եկեք հասկանանք մի բան: Եթե Եվրոպայի, ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ սրվելու են, դա դրականորեն չի ազդելու Հայաստանի հետ հարաբերությունների վրա:



Բայց ի՞նչ կարող ես անել: Սա մի պրոբլեմ է, որի մեջ մենք հայտնվում ենք կամա թե ակամա եւ այդ պայմաններում ստիպված ենք լինելու աշխատել, բացատրել, պայքարել:




- Ղարաբաղի կառավարությունը տնտեսական կոոպերատիվներ է ստեղծել գյուղերում, եւ Դուք էլ ներկա եք եղել հիմնադրմանը: Այդ տնտեսությունները հիմա ի՞նչ վիճակում են:




- Լավ կլինի, որ հարցն ուղղեիք Ղարաբաղի կառավարությանը: Ինձ հայտնի է միայն, որ այնտեղ փայատիրական մի քանի ընկերություններ են ներկայում ձեւավորվում: Ես իրոք կարծում եմ, որ փայատիրական կամ, ավելի ճիշտ կլինի ասել, փոխօգնության կոոպերատիվները Հայաստանի եւ Ղարաբաղի գյուղատնտեսության ապագան են:




- Կառավարության 3 ամսվա աշխատանքի արդյունքն ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ:




- Ես ասել եմ, որ երեք ամիսը քիչ է: Կառավարության աշխատանքի վերաբերյալ մեր հստակ գնահատականը կհնչեցնենք հոկտեմբերի վերջին: Սպասելիքները շատ ավելի մեծ էին, կառավարությունն ինքն իրենից դժգոհելու տեղ ունի, բայց միայն հոկտեմբերի վերջին, երբ կտեսնենք, թե ԱԺ աշնանային նստաշրջանին խոստացված ռեֆորմներից ինչ օրենսդրական նախաձեռնություններ է ներկայացնում, միայն այդ ժամանակ հստակ գնահատական կունենանք:




- Դուք գնացել էիք Ղարաբաղ եւ ուսումնասիրություններ եք արել: Նախագահների հանդիպումից հետո էլ լարվածությունը շփման գծում թուլացել է: Բայց ի՞նչ է պետք անել, որ չնստենք ու սպասենք հերթական դիվերսիայի կամ նոր էսկալացիայի:




- Այո, Հայաստանը որոշակի տեղ ունի իրեն ցույց տալու, այն է՝ Ադրբեջանին հասկացնելու, որ ապագա պատերազմում, եթե Ադրբեջանը նման ծրագրեր ունենա, նա հաղթել չի կարող, որ դա հրթիռների պատերազմ է, եւ Ադրբեջանը Հայաստանից հանգիստ պատասխան կստանա: Ավելին, Ադրբեջանը չպետք է մոռանա, որ միմյանց ոչնչացնելու հարցում Հայաստանը կարող է անել բաներ, որ Ադրբեջանի համար անհասանելի են, համենայնդեպս, առաջիկա 20 տարիներին: Կուզենայի, որ այս ուղերձը, որը եղավ Հայաստանի կողմից, բանակի կողմից, Ադրբեջանը հասկանա եւ ուղղակի բանակցությունների նստի Ղարաբաղի հետ: Ավելի լավ է նա բանակցի Ղարաբաղի հետ եւ պարզի, թե ինչ է հնարավոր, որ տա, եւ ինչ է հնարավոր, որ ստանա, քան թե լինի արկածախնդրություն, որը երկու կողմերից էլ մարդկանց կյանք է խլում:




Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
[email protected]