Արտագաղթի պատճառով կրճատվում է մարզային բժիշկների աշխատավարձը

Արտագաղթի պատճառով կրճատվում է մարզային բժիշկների աշխատավարձը

Օգոստոսի 1-ին, իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հպարտորեն հայտարարեց, որ հուլիսի 1-ից բարձրացել են բժիշկների եւ բուժքույրերի աշխատավարձերը, իսկ Հ1-ի եթերում էլ վերջերս գլուխ էր գովում, որ բուժքույրերի աշխատավարձը 10 տոկոսով բարձրացել է: Բայց երբ բուժհաստատությունները հաշվարկներ կատարեցին, պարզվեց, որ աշխատավարձի բարձրացումն ուղղակի փուչիկ է, որը պայթեց հատկապեց մարզային պոլիկլինիկաներում եւ դժգոհության ալիք առաջացրեց ամբուլատոր աշխատողների, բուժքույրերի, ընտանեկան բժիշկների շրջանում: Աշխատանք կորցնելու վտանգի առաջ նրանցից քչերն են հանդգնում խոսել այս մասին, այն էլ լրագրողների հետ:




Երեկ մեզ հետ կապվեցին Կապանի բժշկական կենտրոնի աշխատակիցները եւ պատմեցին, որ ավելի քան 45 հազար բնակիչ սպասարկող այս հաստատությունում եւ հատկապես դրան կից գործող տարածքային պոլիկլինիկայում լարված իրավիճակ է: Բուժքույրերի եւ բժիշկների աշխատավարձը կրճատել են: Նախկին 48 հազարի փոխարեն մի քանի ամիս նրանք ստացել են 30 հազար: Պոլիկլինիկայի աշխատակիցները գանգատվում էին, որ տնօրենը` Սմբատ Օրբելյանը, որը, ի դեպ, առողջապահության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի հայրն է, ստիպում է բուժքույրերին նոր պայմանագրեր ստորագրել, որոնց մեջ իրենց աշխատավարձը նշվում է 30 հազարի չափ: Մարդիկ դժգոհում էին նաեւ տնօրենի կոպիտ պահվածքից, իրենց կենդանիների անուններ տալուց: «Մեզ ասում է՝ ոչխար, անասուն, դա բոլորը գիտեն»,- բողոքում էին կանայք, որոնք վստահ էին, որ նախարարը չգիտի, թե ինչ «օյին է բերում» տնօրենն իրենց գխին, եւ ցանկանում էին մեր միջոցով հայտնել այս ամենի մասին: «Ես ձեզ տղամարդու պես ասում եմ, չի եղել նման բան, եթե պետք է՝ երդվեմ, Ավետարան բերեմ: Չի համապատասխանում իրականությանը»,- հերքեց Սմբատ Օրբելյանը, որի հետ զրույցից այնքան տագնապալի վիճակ ուրվագծվեց, որ էթիկական խնդիրը երկրորդական թվաց: Սմբատ Օրբելյանը չժխտեց, որ իր աշխատակիցների աշխատավարձերը նվազել են, բացատրելով սա խաղի նոր կանոններով, այսինքն նրանով, որ փոխվել է ֆինանսավորման ձեւը՝ պայմանավորված սպասարկվող բնակչության թվի կրճատմամբ: «Դա իմ որոշումը չի,- բացատրեց Սմբատ Օրբելյանը,- պոլիկլինիկաների բուժանձնակազմը վարձատրվում է ըստ այն մարդկանց քանակի, ովքեր ընտրել են տվյալ բժշկին, այսինքն, ըստ հավաքագրված բնակչության թվի: Իսկ այդ բնակչությունը, ըստ վերջին հաշվարկների, նվազել է: 11 հազար մարդ է պակասել:



Մոտավորապես Սիսիանի չափ ազգաբնակչություն պակասել է մեզ մոտ: Առաջ մենք ֆինանսավորվում էինք անցած տարիներին հավաքագրված եւ կցագրված բնակչության քանակով: Մենք ունեինք մարդիկ, որոնք հավաքագրվել են, տվյալ բժիշկներին գրանցել էին իրենց մոտ որպես իրենց ընտանեկան բժիշկներ, մնացածը, ովքեր հավաքագրված չէին, մտածում էինք, որ օդում են: Մենք չենք կարողացել այս մարդկանց ներգրավել հավաքագրման մեջ, բայց կգա ժամանակ, նրանք կգան, եւ այդ հարցերը կլուծվեն, բայց պարզվում է, որ 11 հազար մարդ այլեւս չի ապրում այստեղ»: Ըստ Սմբատ Օրբելյանի, դեռ 2013 թվականից աշխատողներին զգուշացրել են, որ նրանք վարձատրվելու են միայն ըստ հավաքագրված մարդկանց թվի, եւ եթե չլինի մարդ, չի լինի փող: «Պայմանագրերի փոփոխման մասին տեղեկացված էին բոլորը, բազմիցս ասվել է, որ ձեր ազգաբնակչությունը, որը դուք հավաքագրել եք, այսքան է, այսքան գումար եք ստանալու: Կարելի էր գնալ ավելի կոշտ ճանապարհով, բռնել կրճատել մարդկանց: Բայց մենք այդպես չարեցինք»: Բայց չէ՞ որ նախարարն ասում էր, որ կբարձրանա աշխատավարձը: Փաստորեն, սո՞ւտ դուրս եկավ: «Ոչ, բոլոր տեղերում աշխատավարձ է բարձրացել: Եթե մենք ունենայինք այդ ազգաբնակչությունը, որն ունեինք նախկինում, կբարձրանար նաեւ մեզ մոտ: Եթե մեր բնակչության թվերը մնային, մենք կունենայինք լրացուցիչ 110 մլն ֆինանսավորում: Մեր նախահաշվի մեջ 80-82 տոկոսը աշխատավարձն է, եւ դա կլիներ տարեկան 80 մլն աշխատավարձ: Այդ աշխատավարձը չկա այլեւս: Ամսական 7 մլն դրամ կորել է, այդ մարդիկ չկան»:




Մենք վստահ ենք, որ նույն երեւույթը կա նաեւ մյուս մարզերում: Տեղեկություններ ունենք, որ դժգոհության ալիք է բարձրանում նաեւ Գեղարքունիքի մարզի պոլիկլինիկաներում, որոնց աշխատակիցները եւս ցածր աշխատավարձեր են ստացել:




Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
[email protected]



Լուսանկարում՝ ձախ կողմից Սմբատ Օրբելյանն է։