Կորանք, եթե, ինչպես Աբրահամյանն է ասում, «Բազեն» է մեր ապագան

Կորանք, եթե, ինչպես Աբրահամյանն է ասում, «Բազեն» է մեր ապագան

Երբ ուշադիր նայենք Ծաղկաձորում «Բազեին» այցելած պաշտոնյաների ցանկին, կարելի կլինի հասկանալ, որ պաշտոնյաների այդ խումբը պատահական չի հավաքվել իրար գլխի: Հովիկ Աբրահամյան, Տարոն Մարգարյան, Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան… Այսքանն արդեն բավական է վերհիշելու համար մի տհաճ պատմություն` կապված այդ խմբում իր նշանակությամբ թերեւս երկրորդ պաշտոնյայի` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գիտական գործունեության արշալույսի հետ:



Հիշո՞ւմ եք` Տնտեսագիտական համալսարան, տոնական տրամադրություն, թեզի պաշտպանության նախապատրաստություններ, երեկոյան խնջույքի սպասում… Տեսնես որտեղի՞ց ծլեցին այդ լրագրողները, ովքեր մժեղի նման հավաքվել էին գիտության այդ կաճառում, ասես հատուկ հրավերով` պաշտպանվողի ոտքի տակ ձու դնելու իրենց անսքող չարամտությամբ… Եվ պահի վեհությանը հարիր տրամադրությամբ շնչող կրթօջախը միանգամից վերածվեց հայրենական գիտության ու խոսքի ազատության հակամարտության գոտու:




Ինչպիսի դեմքեր տեսանք մենք այդ օրը… քաջարի երիտասարդների ինչպիսի բանակ` իր գիտական համեստ նվաճումներով հայտնի այս հաստատությունում: Աստված իմ, որքան վարժ էին այդ ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը լրագրողներին քաշքշելու, հայհոյելու, մեղադրելու, նրանց աշխատանքը հիմնովին խոչընդոտելու մեջ: Արդյունքում տեղի ունեցավ գիտական թեզի փակ-գաղտնի պաշտպանություն` նոնսենս գիտության զարգացման պատմության մեջ:




Գանք մեր այսօրվա բուն ասելիքին, այլապես այդ օրվա հիշողությունների վերապատմումը մեզ կարող է շեղել նյութից, ինչը ցանկալի չէ մի քանի առումով: Ասենք միայն, որ Ծաղկաձոր` «Բազեի» հավաքատեղի այցելած պաշտոնյաներից յուրաքանչյուրը վերոնշյալ համալսարանի եւ նրա ուսանողության հետ յուրովի կապերի մեջ է, իսկ Ծաղկաձորում, բնականաբար, ուսանողների եւ երիտասարդների այն տեսակն է հավաքվել, որ հարմար պահին` լինի դիսերտացիայի պաշտպանություն, թե ընտրություն, փողոցում հասարակական շարժման ակտիվիստների հետ հաշվեհարդար, թե մի ուրիշ բան, որ չի համընկնում իշխող վերնախավի շահերին, պատրաստ է նետվել մարտի ու կրծքով պաշտպանել այդ շահերը: Ասենք նաեւ, որ այդ երիտասարդությանն էլ իշխանավորներն են կրծքով պաշտպանում, արդարացնում նրա պահվածքները` դաստիարակում «դուք էս կյանքում պրոբլեմ չունեք» նշանաբանով: Թվարկված պաշտոնյաները բոլորն անխտիր պաշտպանել են Տնտեսագիտական համալսարանի ՀՀԿ-ական ուսանողության արգահատելի պահվածքը, եւ դա անհերքելի փաստ է: Դու ինձ` ես քեզ: Ահա, այսպիսի առեւտուր:




Հովիկ Աբրահամյանը, Ծաղկաձորում կարեւորելով այսպիսի հավաքների դերն ու նշանակությունը հայրենասեր (իշխանասեր) երիտասարդության կյանքում, ընդգծելով, որ նրանք այս հավաքներում կարեւոր եռամիասնություն են խորհրդանշում (երեւի նկատի ունի դրոշի երեք գույնը), հայտարարում է, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է: Բայց մինչեւ ապագային անցնելը, հարգելի Արգամիչ, եկ մի հատ հասկանանք, թե ում ձեռքում է մեր ներկան, ու մեզ այդ ինչպիսի՞ ապագա է սպասվում, որ այդքան համարձակ տալիս եք կյանքում միայն պաշտոնյայի աթոռ երազող ձեր երես առած երիտասարդության ձեռքը: Ես, իհարկե, ներողություն եմ խնդրում այն բազեականներից, ովքեր պատահականության կամ արդարության սկզբունքով են հայտնվել այստեղ (թերեւս միայն սփյուռքահայեր), սակայն ինչպե՞ս կարելի է երկրի ու ազգի ապագա վստահել մի մասսայի, որ առանց ծպտուն հանելու, անգամ դասերի հաշվին, Կարեն Ավագյանի հետեւից, փուչիկներն առած, վազում է ՀՀԿ-ական միջոցառումների, ինչպե՞ս ապագա վստահես Արմեն Աշոտյանի գծած կրթամակարդակն անգամ չապահովող մի բիոմասսայի, որի համար ուսանողության տարիները ոչ այլ ինչ են, եթե ոչ ՀՀԿ երիտթեւին ասոցացվելու ժամանակաշրջան, ինչպե՞ս ապագա վստահես խուժանին, որ Տարոն Մարգարյանի դիսերտացիայի պաշտպանությունը վերածեց բազարի, եւ, վերջապես, ինչպե՞ս ապագա վստահես մի երիտասարդության, որին, ինչպես իր հորդաներին, պաշտպանում է երկրի վարչապետը, ով առնվազն պարտավոր էր իր հովանու ներքո գտնվող բուհից ցուցադրաբար վռնդել մի քանիսին, ովքեր աչքի էին ընկել Տարոն Մարգարյանի համար դոշ տալիս:



Ոնց էլ իրար գտել ու միասին Ծաղկաձոր են գնացել` Հովիկ Աբրահամյան, Տարոն Մարգարյան, Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան… պակաս մարդ չկա, կարծում եմ: Բայց ամենասարսափելին այն չէ, որ երկու էշի գարի ջոկել չկարողացող այս Ներկաներն են մեզ ղեկավարում, այլ այն, որ վաղը, այսինքն` Ապագայում, նրանց երեխաներն են մեր երեխաներին ղեկավարելու: Եվ միամտություն է մտածելը, որ Ծաղկաձորում արծվաճտերին առատ կորմ բաժանելը բնապահպանական խնդիր է միայն հետապնդում:




Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
[email protected]