Հայրիկյան, բայց դու դեպք ես

Հայրիկյան, բայց դու դեպք ես

Հենց նոր լուր է ստացվել, որ Պարույր Հայրիկյանը, ում քաղաքական գործունեության 50-ամյակն է լրանում (ֆանտաստիկա), այնուամենայնիվ հացադուլ է անելու և հատկապես սեպտեմբերի 8-ին: Ինչու հատկապես սեպտեմբերի 8-ին՝ ոչ ոք չգիտի, ինչպես ոչ ոք չգիտի նաև, թե ինչու ոչ օգոստոսի 28-ին:



Կարճ ասած՝ փորձեցինք ինքնուրույն գլխի ընկնել, թե ինչու սեպտեմբերի 8-ին: Հանկարծ պարզեցինք, որ սեպտեմբերի այդ օրերին Հայաստանում է լինելու ոչ այլ ոք, քան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Հետևաբար, չի բացառվում, որ, ինչպես Պուտինի գալով, Մեդվեդևի գալու կապակցությամբ ևս փողոցում մի քիչ շատ մարդ լինի: Կատարյալ մասովկա է մեզ սպասում՝ փողոցում լիքը մարդ, ու նախագահականի դիմաց հացադուլի նստած 50-ամյա ստաժով քաղաքական գործիչ, որ երկրի նախագահի հրաժարականն է պահանջում՝ ԵՄ-ին մերժելու և ՄՄ գնալու համար: Եվ այդ ամենը Մեդվեդևի աչքի առաջ:



Պարոն Հայրիկյան, եթե սխալվում ենք արձագանքեք, ուղղեք մեզ, քանզի մի փոքր դժվարանում ենք հասկանալ՝ հիմա այդ հացադուլը հանուն Սերժ Սարգսյանի՞ է, թե՞ ընդդեմ Սերժ Սարգսյանի:



Չգիտեմ, այդտեղ ԱԻՄ-ում ինչպես եք մտածում, բայց ձեր կուսակցության կուլիսներից այսկողմ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու եք մեկ հայտարարում հացադուլ անելու մասին, մեկ՝ չանելու ու մեկ էլ՝ այնուամենայնիվ անելու: Արդյոք, այս ամառվա շոգին ինչ-որ բա՞ն է Հայաստանում այդքան արագ փոխվում, որին այդպես օպերատիվ արձագանքում եք:



Եվ էլի մի հարց՝ վաղը չե՞ք պատրաստվում, արդյոք, դուրս գալ փողոց և ողջունել Վրաստանի վարչապետին՝ մի մարդու, ով իր ձեռքով է ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, որից հրաժարվել է Սերժ Սարգսյանը, ում հրաժարականը, դատելով ամեն ինչից, պահանջում եք: Կարծես, վատ միտք չէ, հը՞…