Հովիկ Աբրահամյանը հորինո՞ւմ է

Հովիկ Աբրահամյանը հորինո՞ւմ է

Ֆրանսիացիներն ասում են. «Մարդն է զարդարում պաշտոնը»: Զարդարելն էլ հնարավոր է, բայց որ մարդը կարող է անվանարկել պաշտոնը` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դրա մարմնացյալ ապացույցն է:




Ընդամենը մեկ շաբաթ առաջ Աբրահամյանը կատարելապես անվանարկեց ինքն իրեն (դա՝ մի կողմ), նաեւ Հայաստանի կառավարությանը եւ ընդհանրապես երկիրը, երբ հրաժարվեց ՀՀ եզդի ազգաբնակչության ներկայացուցիչներին ընդունել եւ Իրաքում ծավալված եզդիների կոտորածների վերաբերյալ նրանց մտահոգություններն ու պահանջները լսել: Դա մի այնպիսի սխալ էր եւ տապալում, որ իրադրությունը փրկելու համար պաշտոնապես արձակուրդում գտնվող Սերժ Սարգսյանն ստիպված եղավ միջամտել: Էլ ԱԳՆ-ին հանձնարարեց խնդիրը միջազգային ատյաններում բարձրացնել, էլ իր խոսնակի անունից (թե՞ խոսնակը Սարգսյանի անունից) եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն տարածեցին, էլ ՀՀ կառավարության կողմից Իրաքի եզդիներին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալն ընդլայնեցին:




Միով բանիվ, Սարգսյանի միջամտությամբ, ըստ կարելվույն, Հովիկ Աբրահամյանի կատարյալ սայթաքումն ու ձախողումը փորձեցին կոծկել: Բայց դե… «Կարմիր կովը կաշին չի փոխում», կամ՝ «Կուզը գերեզմանում է ուղղվում»: Մեկ շաբաթ չանցած՝ Հովիկ Աբրահամյանը նոր արկած է մատուցում: Շուրջ հինգ ամիս ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող եւ գոնե հինգ օտարերկրյա պաշտոնակցի հանդիպել չկարողացող Աբրահամյանն այնպես է ոգեւորվել Վրաստանի վարչապետի այցից, որ այսօր սկսվող Իրաքլի Ղարիբաշվիլու այցի մասին երեկ հաղորդագրություն է տարածել, որը դժվար է ասել, թե քանի տողով է համընկնում նույն այցի մասին Ղարիբաշվիլու գրասենյակի տարածած հաղորդագրության հետ:




Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով օգոստոսի 21-22-ը Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Այցի շրջանակում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։
Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին կհետեւի ընդլայնված կազմով հանդիպումը:
Իրակլի Ղարիբաշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաեւ Մատենադարանում:
ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողներն օգոստոսի 21-ին, ժամը 15:30-ին հրավիրվում են ՀՀ կառավարության մամուլի կենտրոն, որտեղ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարությամբ»:
Ըստ Վրաստանի վարչապետի գրասենյակի՝ «Վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին օգոստոսի 21-22-ին կայցելի Հայաստան: Երկօրյա պաշտոնական այցը կսկսվի «Զվարթնոց» օդանավակայանում՝ պաշտոնական դիմավորման արարողությամբ:
Այցի ընթացքում ծրագրված է Իրաքլի Ղարիբաշվիլու հանդիպումն իր հայաստանցի պաշտոնակցի հետ, որին կհետեւի ընդլայնված հանդիպում Վրաստանի եւ Հայաստանի կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:




Հանդիպումից հետո Վրաստանի վարչապետը եւ Հայաստանի վարչապետը հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ:




Օրվա վերջում վարչապետը կհյուրընկալվի իր հայ պաշտոնակցի կողմից տրվող պաշտոնական ճաշկերույթում:




Այցի ընթացքում Վրաստանի կառավարության պատվիրակությունը կայցելի Երեւանի կոնյակի գործարան: Նրանք կդիտեն հնադարյան ձեռագրերի ցուցադրությունները Մատենադարան ինստիտուտում: Վրացական պատվիրակությունը Հայաստանից կվերադառնա օգոստոսի 22-ին: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԳ, էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարները, խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը, Ճգնաժամային կառավարման եւ սահմանային անվտանգության տնօրենը»:




Ակնհայտորեն, երկու հաղորդագրություններում ավելի շատ ծրագրերի տարբերություն է տեսանելի, քան ընդհանրություն, բայց ամենաէականը` Հովիկ Աբրահամյա՞նն է հորինում, թե Ղարիբաշվիլին հանդիպելու է Սերժ Սարգսյանին, թե՞ Ղարիբաշվիլին է դա այնքան անկարեւոր համարում, որ անտեսել է տարածված հաղորդագրությունում:




Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
[email protected]