Փաստաբանները կռիվ են տալիս դատախազության ավանդական պահվածքի դեմ

Փաստաբանները կռիվ են տալիս դատախազության ավանդական պահվածքի դեմ

Աղբյուրի բացահայտման աննախադեպ դատաքննությունը քրեական վերաքննիչ դատարանում իսկական պայքարի է վերածվում: Երեկ նույնիսկ դատարանի աթոռների համար տղայական կռիվ գնաց ԶԼՄ-ների եւ դատախազության ներկայացուցիչների միջեւ: Դատախազ Պետրոսյանը գրավել էր 4 մարդու համար նախատեսված նստարանը:



ԶԼՄ-ների 4 ներկայացուցիչները ստիպված կլինեին իրարից հեռու նստել, ուստի պահանջեցին, որ նա ազատի իրենց տեղը: «Ձեզ համար ինչ-որ ինքնահաստատման խնդիր է մեր տեղը զբաղեցնելը»,- ասաց փաստաբան Եգորյանը, իսկ դատախազ Պետրոսյանը պահանջեց ապացույցներ ներկայացնել, որ դա իրենց տեղն է, եւ որ կտեղափոխվի միայն դատավորի պահանջով, սակայն, ի վերջո, զիջեց: Այսպես, մարտական տրամադրությամբ սկսվեց նիստը:




Դատախազ Հ. Պետրոսյանը, որը հսկում է Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի եւ ըմբիշ, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջեւ տեղի ունեցած բախման փաստով նախաքննությունը, արդեն երկրորդ անգամ առանց պահանջվող փաստաթղթերի է ներկայանում դատարան: Անցյալ անգամ նա ոչ անձնագիր ուներ, ոչ լիազորագիր, եւ դատավոր Եվա Դարբինյանն ստիպված էր հետաձգել նիստը: Անհասկանալի էր, թե ինչպես էին առհասարակ թույլատրել Պետրոսյանի մուտքը դատարան: Այս անգամ էլ դատախազը ներկայացրեց անձը հաստատող փաստաթուղթ, սակայն չուներ լիազորագիր: Դատավոր Եվա Դարբինյանը դեմ չէր սկսել քննությունը, սակայն ԶԼՄ-ների պաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Տիգրան Եգորյանն առարկեցին, պահանջելով, որ կիրառվի օրենքի բառն ու տառը: Նիստի մնացած մասը կողմերը միմյանց քրեական դատավարության նորմերն էին բացատրում: Մոտավորապես այսկերպ: Դատախազ. «Լիազորագիր ներկայացնելու պահանջն իրավաչափ չէ, օրենսգրքում չկա կետ, որով դատարանը պահանջի դատախազից լիազորագիր ներկայացնել»:



«Հրապարակի» պաշտպան Արտակ Զեյնալյան. «Մեզ բացատրությունը չբավարարեց: Դատարան ներկայանալու համար մենք ներկայացրել ենք լիազորագիր: Միայն այն փաստը, որ մենք այստեղ ներկայացել ենք, դեռ չի նշանակում, որ մենք լիազորություն ունենք հանդես գալու «Հրապարակ» օրաթերթի կամ «Իլուրի» անունից»: Դատավոր Դարբինյան՝ կողմին. «Քրեական գործի հարուցումն իրականացվել է Պետրոսյանի կողմից, որոշումն ինքն է կայացրել, դա ձեզ չի՞ ասում այն մասին, որ դատավարական հսկողությունն ինքն է իրականացնում այս գործով»:



Զեյնալյան՝ դատավորին. «Դատարանը պետք է պարզի դատավարությանը մասնակցող անձանց ինքնությունն ու լիազորությունը: Դուք տեսե՞լ եք հրամանը, որտեղ գրված է, որ ինքն այս գործով իրականացնում է լիազորություն: Ի՞նչ գիտեք, որ դա այդպես է»: «Իլուրի» պաշտպան Տիգրան Եգորյան. «Միգուցե գլխավոր դատախազը չարաշահում է թույլ տվել եւ լիազորությունների չարաշահում»: Դատախազ Պետրոսյան՝ դատավորին, Եգորյանի մասին (այստեղ նա փայլուն հնարավորություն ստացավ «դոշ ծեծելու» շեֆի համար՝ Ս. Ս.). «Թող նա ձեւակերպումներում կոռեկտ լինի, գլխավոր դատախազի վերաբերյալ ոչ կոռեկտ արտահայտություններ է անում»: Եվա Դարբինյան՝ դատախազին. «Դատախազն ո՞վ է, որ չկասկածեն, երբ հանրապետության նախագահն է իր լիազորությունները չարաշահել հարեւան Վրաստանում»: Եվա Դարբինյան, որն առանց այդ էլ վատառողջ էր եւ Քրդատի շուրջ այս վեճից ակնհայտ նյարդայնացած. «Կողմը վստահ չի, որ Դուք այն անձն եք, ով իրավունք ունի դատավարական հսկողություն իրականացնել: Ձեր բացատրությունը դատարանին բավարարում է, կողմին՝ ոչ: Զենքերի հավասարության խնդիր կա»: Նա բավարարեց ԶԼՄ-ների պահանջը, նիստը հետաձգեց մինչեւ սեպտեմբերի 9-ը, ժամը 11:00: Նաեւ խոստացավ, որ հարցումով կպահանջի Գլխավոր դատախազությունից՝ «հստակեցնելու պարոն Պետրոսյանի լիազորությունները»:




Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
[email protected]