Իմ զենքն իմ ջիպն է, կամ` բարաթ ունե՞ք

Իմ զենքն իմ ջիպն է, կամ` բարաթ ունե՞ք


Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նեղվել է լրագրողի հարցից, թե ինչու են վարչապետն ու ԱԺ նախագահը բյուջեի փողերով իրենց համար այդքան թանկարժեք ավտոմեքենաներ առել, երբ Հայաստանում համատարած աղքատություն է: «Այնքան մանր բաների եք անդրադառնում: Դե լավ, թող ԱԺ նախագահն ու վարչապետը «Զապորոժեցով» ման գան»,- մուննաթ է եկել Բաղդասարյանը:
Ինչո՞ւ է մուննաթ գալիս Վահրամ Բաղդասարյանը, երբ ակնհայտ է, որ տվյալ դեպքում բյուջետային ծախսը ոչնչով արդարացված չէ, իսկ բյուջեից ծախսվող գումարները, ըստ ՀՀ օրենքի, պետք է հիմնավորված լինեն, եթե չասենք գաղափարապես, ապա գոնե փաստաթղթային մասով: Այո, հետաքրքիր է, թե այդ ինչ գրավոր հիմնավորում են բերել ՀՀ երկրորդ եւ երրորդ դեմքերն առ այն, որ ՀՀ բազմաչարչար հարկատուները պարտավոր են իրենց էլիտար հետույքները ման ածել նվազագույնը «Տոյոտա Լանդ Կրուզեր» ամենագնացով:




Ինքը` Գալուստ Սահակյանը, պնդում է, որ դա պետության ամրության համար է: Ավելի ծիծաղելի բան հնարավոր չէր ասել, հարգելի Գրիգորիչ: Եթե պետության ամրությունը լավ ջիպերով է որոշվում, եկեք 10 անգամ շատ ջիպ առնենք ու 10 անգամ ավելի ամուր երկիր կդառնանք: Էլ ինչո՞ւ ենք տնտեսությունից խոսում, օրենքից, իրավունքից, գազի գնից ու հոսանքի անկապ թանկացումներից: Եկեք 10 հատ ջիպ առնենք գյուղնախարարության համար ու գոնե 10 քայլով առաջ տանենք, ամրացնենք ոլորտը: Եվ, ընդհանրապես, Սերգո Կարապետյանը կդառնա տարածաշրջանի ամենագողական գյուղնախարարը: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե որքան ամուր կլինի մեր երկրի կրթության ոլորտը, եթե Աշոտյանը «Համմերով» շրջի եւ մեկնի սահմանամերձ գյուղերի գերժամանակակից կրթահամալիրներ:
Ահա, այսպիսի մանր բաներից ենք խոսում լրագրողներս, եւ Վահրամ Բաղդասարյանն էլ, փոխանակ ամաչի իր գործընկերների փոխարեն, մուննաթ է գալիս վրաներս` բա հո «Զապորոժեցով» ման չե՞ն գալու այդ մարդիկ:




Նախ` այդ մարդիկ, պարոն Բաղդասարյան, ոտքով չէին մնացել եւ մինչ այս էլ շքեղագույն մեքենաներով էին շրջում, եւ հետո, եթե խոսքը վերաբերում է բյուջետային փողերով ձեռք բերված «Զապորոժեցին», ապա նույնիսկ այդ դեպքում պետք է, նախեւառաջ, վաստակես այդ «Զապորոժեցը» նստելու եւ այն օգտագործելու իրավունքը: Իսկ վաստակե՞լ են Հովիկ Աբրահամյանն ու Գալուստ Սահակյանը հարյուր հազարանոց ավտոներով ման գալու իրավունքը, երբ նրանց օրոք ու նրանց աչքի առաջ է Հայաստանն այս օրն ընկել:
Եթե այս անհիմն ծախսերի միակ հիմնավորումն այն է, որ ՀՀ երկրորդ եւ երրորդ դեմքերը պետք է հզորության պատրանք ներշնչեն ազգին ու հանրապետության հյուրերին, ապա այդ նույն դեմքերն առնվազն պետք է հասկանան, որ դրսից փող ու օգնություն մուրող երկրի ղեկավարները, իրենց այդպիսի շքեղություններ թույլ տալով, դրսինների վրա ավելի շուտ մեծամիտ պարծենկոտի, քան խելացի ղեկավարի տպավորություն են թողնում:
Եթե Գալուստ Սահակյանին ջիպը պետք է սահմանային գյուղեր ու դիրքեր գնալու համար, ապա նա շատ ավելի մեծ հաջողությամբ կարող է դա անել УАЗ «Patriot» ամենագնացով` թե ամուր է «Տոյոտայից», թե քիչ է ծախսում, թե ավելի անցունակ է եւ թե դաշտային-մարտական պայմաններին հարմարեցված: Գինն էլ 4 անգամ էժան է «Տոյոտայից»: Էլ չենք ասում, թե այդ քայլն ինչպիսի մոգական ներգործություն կունենար ռուսների վրա, ովքեր որոշել են անցնել սեփական արտադրության ավտոմեքենաների եւ չոր վալյուտան դուրս չտալ` արտասահմանից ավելորդ շքեղություններ ներմուծելու համար։




Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, հավանաբար, որպեսզի Վրաստանն ավել ամուր լինի, բյուջեի փողերով իր համար մի քանի լավ կոստյում եւ մեկ կաշվե բաճկոն էր առել: Եվ հիմա Վրաստանի դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Սահակաշվիլու նկատմամբ, քանզի համարել է, որ նա անհրաժեշտ հիմնավորումներ չի ներկայացրել այդպիսի շռայլություններ անելու համար: Սահակաշվիլին ընդամենը կոստյում ու բաճկոն է գնել, հարգելի իշխանավորներ, իսկ դուք` հարյուր հազարանոց շքեղ ավտոմեքենաներ: Ունե՞ք բոլոր հիմքերը:
Գաղափարական հիմքերի մասին չէ խոսքը, դրանք, բնականաբար, չկան, այլ փաստաթղթային հիմնավորումների, որոնք այս խառը ժամանակներում, երբ չգիտենք, թե Սահակաշվիլու նման որտեղ եք լինելու վաղը, պակաս կարեւոր չեն:




Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
[email protected]