Վարչապետները չեն խոսել վիզային ռեժիմի մասին

Վարչապետները չեն խոսել վիզային ռեժիմի մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու այցը բարեկամական պրոտոկոլի ավանդույթների համաձայն է անցնում՝ երկու վարչապետների գրկախառնություն օդանավակայանում, պարտադիր, գրեթե ֆորմալ ուղեւորություն Ծիծեռնակաբերդ, երկկողմ հարաբերությունները եւ տնտեսական կապերը զարգացնելու հավաստիացումներ: Իսկ գլխավոր հավաստիացումն այն է, որ Հայաստանի եւ Վրաստանի 180 աստիճանով հակադիր ինտեգրացիոն կողմնորոշումը` այն, որ Վրաստանն ընտրել է ԵՄ-ի, իսկ Հայաստանը՝ Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհը, չի խանգարի վաղեմի բարեկամների ընկերությանը: Երկու վարչապետներն էլ գրեթե նույնն են ասել՝ որ տարբեր միավորներին անդամակցության հնարավորությունից Հայաստանն ու Վրաստանը պետք է կարողանան օգուտ ստանալ: Մինչդեռ Վրաստանի վարչապետի այցից մի քանի ժամ առաջ Վրաստանի Դարիալի կիրճում, Հայաստանը Ռուսաստանին կապող ճանապարհին սողանք եղավ: Այս տարի արդեն երկրորդ անգամ վնասվեց գազատարը, խաթարելով Հայաստանի գազամատակարարումը: Այս վթարն ինչ-որ չարաբաստիկ իմաստ հաղորդեց պաշտոնական հաղորդագրությունների լավատեսությանը, չնայած մամուլի համար արված իրենց հայտարարություններում վարչապետներն աշխատում էին միայն ուրախ բաներ ասել:



Իրակլի Ղարիբաշվիլին, որպես ապացույց զարգացող բարեկամության, շեշտեց, որ վերջին 6 ամիսների ընթացքում 42 տոկոսով ավելացել է առեւտրաշրջանառությունը մեր երկրների միջեւ: «Ցանկանում եմ նաեւ նշել, որ մենք համաձայնության ենք եկել, որ Հայաստանը եւ Վրաստանը համատեղ կկառուցեն կամուրջ: Այսօր իմացանք, որ կա հետաքրքիր նախաձեռնություն՝ կամուրջը կոչել Բարեկամության կամուրջ, եւ մենք հաճույքով համաձայնեցինք այդ առաջարկին»,- ասաց նա եւ խոստացավ 2-3 օրում վերացնել սողանքի հետեւանքները: Իսկ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ կամուրջը կկառուցվի Բագրատաշեն-Սադախլո անցակետում, ինչը կբարելավի տրանսպորտը, պատմեց լրագրողներին այն մասին, որ կողմերը պայմանավորվել են Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գիծ կառուցել 500 մեգավատ հզորությամբ, ինչը նախապես ծրագրվածից մեծ է, իսկ 2018 թվականին հզորությունը կհասնի 700 մեգավատի:




Բայց հարցերի հարցը հայ-վրացական բարձրաստիճան հանդիպման ժամանակ երկու երկրների միջեւ սեպտեմբերի 1-ից անցագրային ռեժիմ մտցնելն էր: Վրաստանը, գտնվելով ԵՄ անդամության ճանապարհին, պետք է նման ռեժիմ սահմանի ԵՄ երկիր չհանդիսացող երկրների հետ, իսկ սա ենթադրում է, որ Հայաստանից Վրաստան մեկնող քաղաքացիները կարող են այնտեղ մնալ տարեկան 180 օր ընդամենը: Այս ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում նրանք զրկված կլինեն Վրաստան մուտքի իրավունքից: Հայաստանի համար, որը չունի կապեր իր հարեւաններից երկուսի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եւ միակ բարեկամ-հարեւանն աշխարհի հետ բարդ հարաբերությունների մեջ գտնվող Իրանն է, Վրաստանի հետ բաց սահմանը կարեւոր է: Վարչապետների հանդիպման ժամանակ երեկ վիզային ռեժիմ մտցնելու վերաբերյալ խոսք չի եղել: Համենայնդեպս, որեւէ պաշտոնական տեղեկություն չկա: Մինչդեռ այցից առաջ Վրաստանի վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ նախատեսվում է նաեւ քննարկել այդ հարցը: Իսկ սա նշանակում է, որ եթե անգամ խոսակցություն եղել է, ոչ մի լավ բան դրա մասին վարչապետները չեն ունեցել ասելու: Հնարավո՞ր է, որ Վրաստանը չունի ԵՄ այս պահանջը չկատարելու տարբերակ:



 



Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը համարում է, որ մտահոգվելու առիթ չկա, եւ թե ԵՄ-ն, թե ՄՄ-ն այդ հարցին վերաբերվելու են պատշաճ նրբանկատությամբ: «Չեմ կարծում, որ այդ հարցն արագընթաց եղանակով կդրվի եւ կլուծվի»,- ասաց նա եւ հիշեց «Կոնկորդ» կենտրոնում կազմակերպված հանդիպումը Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլու հետ, որի ժամանակ վերջինս հայտարարել էր, որ որեւէ փոփոխություն Վրաստանը չի նախատեսում Հայաստանի հետ փոխհարաբերություններում որեւէ դժվարություն չի հարուցի եւ սահմանափակումներ չի դնի մեր բազմակողմանի տնտեսական, մարդկային, մշակութային, հոգեւոր կապերում: «Հայաստանը շարունակում է բավարարել եվրոպական համագործակցության ձեւաչափին: Ասոցացման համաձայնագրերը ԵՄ անդամակցություն չեն, այլ ձեւաչափերից մեկն են: Տարբեր ռեժիմներով երկրները համագործակցում են ԵՄ-ի հետ, այդ թվում նաեւ Հայաստանը, լինելով Արեւելաեվրոպական համագործակցության երկիր: Այնպես որ, պետք չէ մտածել, որ Հայաստանի եւ նրա հարեւանի միջեւ ԵՄ կողմից կարող է երկաթյա վարագույր դրվի, կապված նրա՝ ՄՄ-ին անդամակցելու քաղաքականության հետ»: Քաղաքագետը վստահ է, որ այս հարցերը երկարաժամկետ ճշգրտումների կարիք են ունենալու, եւ միանգամից կտրուկ սահմանափակումներ չեն կարող լինել, որովհետեւ «ոչ ոք շահագրգռված չի նոր բաժանարար գծեր քաշելու մեջ»:



 




Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
[email protected]