Ցմահների վերաբերյալ օրենսդրական փաթեթը դեռ հում է

Ցմահների վերաբերյալ օրենսդրական փաթեթը դեռ հում է

Ցմահ ազատազրկվածները եւ նրանց հարազատները, կալանավայրերում պատիժը կրող մյուս դատապարտյալները շունչները պահած սպասում են օրենսդրական փաթեթին, որը ներկայում մշակվում է արդարադատության նախարարությունում: Նրանք հույս ունեն, որ այս փաթեթը կվերացնի Քոչարյանի 2003 թ. օգոստոսի 1-ի ցմահների «ներման» հրամանագրի իրավական հետեւանքները, կլուծի շատ խնդիրներ՝ վաղաժամկետ ազատ արձակման ու պատժաչափերի վերանայման մեխանիզմների բացակայություն, ներման ինստիտուտի անգործություն, հասարակություն վերադառնալու մեխանիզմների անկատարություն եւ այլն: Դրանք տարիներ շարունակ ապարդյուն բարձրացվել են միջազգային կազմակերպությունների, կառավարության, նախագահների առաջ: Ինչ փոփոխություններ են նախատեսված ԱԺ ներկայացվելիք փաթեթում, եւ որքանով են դրանք լուծում ցմահ դատապարտվածների այս հիմնական հարցերը: Պարզաբանման համար դիմեցինք արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին:



Նա ասաց, որ փոփոխություններ են մտցվելու պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման իրավական կառուցակարգում, իսկ համապատասխան անկախ հանձնաժողովի գործունեության կարգի փոփոխման հնարավորությունը դեռ քննարկվում է: Սա նշանակում է, որ փաթեթը դեռեւս հում վիճակում է, քանի որ այդ հանձնաժողովի աշխատանքը եւ դրա իրավական հիմքերն ամենամեծ դժգոհություններն էին առաջացնում: Հիշեցնենք, սակայն, որ իր ասուլիսի ժամանակ արդարադատության նախարարն ասաց, որ փաթեթն արդեն մշակվել է: Ըստ Արման Թաթոյանի, փոխվելու են դատապարտյալի վարքագծի գնահատման ցուցանիշները, ավելի օբյեկտիվ ցուցիչներ են սահմանվելու: «Ընդ որում, խոսքը գնում է այնպիսի փոփոխությունների մասին, որոնք առկա իրավական կարգավորումների պայմաններում գործնականում կարող են ապահովել լիարժեք կիրառություն,- ասում է Արման Թաթոյանը,- ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվում է ցմահ ազատազրկվածների իրավունքների ընդլայնում, օրինակ՝ այցելությունների թվի ավելացում, վերջիններիս մյուս դատապարտյալներից անջատ պահելու արգելքի վերացում»: Նոր քրեական օրենսգրքի հայեցակարգում տեղ են գտել նաեւ հանցագործության համար պատիժ նշանակելու եւ այն կրող անձանց քրեական պատասխանատվությունից ու պատժից ազատելու ինստիտուտների կատարելագործմանն առնչվող հարցեր: «Օրինակ, առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսել «18-21 տարեկան երիտասարդ» հասկացությունը եւ նրանց քրեական պատասխանատվության ու պատժի առանձնահատկությունները կարգավորել առանձին գլխով: Արտասահմանյան մի շարք երկրների քրեական օրենսդրության վերլուծության հիման վրա պարզվել է, որ որոշ դեպքերում 18-21 տարեկան հասակում հանցանք կատարած անձանց նկատմամբ պետք է կիրառվեն անչափահասների քրեական պատասխանատվության եւ պատժի առանձնահատկությունները։ Իսկ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է այս ինստիտուտի այնպիսի կանոնակարգում, որը հնարավորություն կտա պատժից ազատելու պարագայում դրսեւորել անհատական մոտեցում»: Հիշեցնենք, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանն առաջարկել էր ուղղակի փոխել պատժի շեմը, այն տարածելով ոչ թե 18, այլ 21 տարեկանից բարձր երիտասարդների վրա: Փաստորեն, արդարադատության նախարարությունը Կարեն Անդրեասյանի առաջարկն ընդունել է մասնակի:



Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովների գործունեությանն առնչվող հարցերը նախատեսվում է առավել մանրամասն քննարկել վերջերս ՀՀ արդարադատության նախարարին առընթեր ստեղծված հասարակական խորհրդում:




Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
[email protected]