Վատ է, երբ խոսնակը բութ տեսակից է

Վատ է, երբ խոսնակը բութ տեսակից է

Որպես քաղաքականության հետ շփվող անձնավորություն` միշտ մի անբացատրելի ցավ եմ ապրում, երբ որեւէ քաղաքական ուժ, մանավանդ այնպիսին, որի հետ ժողովուրդը որոշակի հույսեր է կապում, չի դիմանում քաղաքական լարումներին եւ, ի վերջո, տուրք է տալիս պատեհապաշտությանն ու աստիճանաբար կամ կտրուկ հրաժարվում այն գաղափարներից ու ծրագրերից, որոնք տվյալ քաղաքական ուժի հանդեպ ժողովրդի վստահության ու հավատի հիմքն են հանդիսացել:




ՕԵԿ-ն ինձ համար բացառություն չէ, եւ ես, ի՞նչ մեղքս թաքցնեմ, ցավ եմ ապրում այդ քաղաքական ուժի համար ու երբեմն էլ այդ ցավն արտահայտում իմ հրապարակումներում, ինչը, հավատացնում եմ, բավականին դժվար է անել, եթե հաշվի առնենք, որ այսօրվա ընթերցողի աչքում «ՕԵԿ», «ԱԽՔ», «Արթուր Բաղդասարյան» արտահայտությունները մի-մի փուշ են դարձել, ու նա (ընթերցողը) ինձ մեղադրում է` այդ երեւույթների մասին դեռ գրելո՞ւ եք…




Առիթն օգտագործելով` կցանկանայի մեկ անգամ եւս ընդգծել, որ հարգանքի արժանի մարդիկ ՕԵԿ-ում քիչ չեն, եւ նրանց հետ զրույցներում բազմիցս եմ համոզվել, որ դեռ կարելի է փրկել այս կուսակցությունը՝ թե քաղաքական դաշտի ներկապնակը չաղքատացնելու եւ թե նրա անհատների դրական որակները երկրի շահին ծառայեցնելու նպատակով:
Բայց, ՕԵԿ-ից ներողություն խնդրելով, այսօր ուզում եմ խոստովանել` սիրելի ՕԵԿ-ականներ, ես ոչինչ անել չեմ կարող ձեզ համար, երբ ձեր խոսնակն այսքան բութ է եւ չի տարբերում քաղաքական բանավեճի առաջարկը բամբասանքից: Հանկարծ հիմա էլ չմտածի՞, թե իրեն եմ պատասխանում: Ոսպի հատիկի չափ ուղեղով ձեր այդ տղան, ասեմ, ինքնասիրահարվածության լուրջ դոզա ունի, եւ ոչ մեկի, այդ թվում նաեւ ձեր, շահերից չի բխում նրա հետագա մեծամտացումը: Դա հղի է անկանխատեսելի հետեւանքներով, ինչպես ասում են:




Ինչեւէ:




Ես գրել էի, որ ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանի նվերն է հրաշալի քառյակին, այսինքն թեմա եմ առաջարկել` ՕԵԿ-ին տարածքի, գարաժի տեղի վեճերից քաղաքական դաշտ բերելու, այդ դաշտում նրա հետ բանավիճելու համար, բայց ՕԵԿ խոսնակը, ով, ինչպես ասացի՝ բութ է, ի պատասխան, անձնական վիրավորանքներ է գրառել իր ֆեյսբուքյան տնամերձում, որոնք հաջորդ պահին արդեն հայտնվել են զանազան hartak.am-ներում եւ iravunk.com-երում:
Վիրավորանքները՝ մի կողմ (սա հասունության հետ կապված հարց է), բայց նա ինձ այսպիսի բան է հրամայում` գրիչդ հեռու տար ՕԵԿ-ից: Պատասխանեմ` լսում եմ, ձերդ անգերազանցելի բութ, եթե կարծում ես, որ ինձ որեւէ բան հրամայելու իրավունք ունես:
Ազատ ժամերին, հասկացրեք, խնդրում եմ, ձեր խոսնակին, որ ընդունված է միայն հանգուցյալների մասին ասել լավը կամ` ոչինչ: Հակառակ պարագայում, եթե ՕԵԿ-ը տեր չկանգնի իր խոսնակի խելքին, դեռ շատ բան կկորցնի, այդ թվում նաեւ այն հատուկենտ թերթերը, լրագրողներին եւ վերլուծաբաններին, որ դեռ ինչ-որ կերպ անդրադառնում են կուսակցությանը:




Որպեսզի վերն ասվածը մերկապարանոց չհնչի, ասեմ, որ իմ հրապարակումների հետ կապված՝ առիթներ ունեցել եմ անձամբ զրուցել ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ (ԱԺ իր աշխատասենյակում եւ հեռախոսով): Ասեմ` հրաշալի զրուցակից է: Չի թողնում խոսես: Այդուհանդերձ ինձ, կարծես, հաջողվեց տիկին Բիշարյանին համոզել, որ ՕԵԿ-ի մասին գրում եմ ոչ թե պատվերով, ավելին` ոչ թե որեւէ քաղաքական ուժի դրդմամբ, այլ իմ ընկալումներից ելնելով, որպես սովորական հայաստանցի, որ անտարբեր չէ իր շուրջ տեղի ունեցող դեպքերին: Ճիշտ, թե սխալ` այլ հարց է: Ճիշտն ու սխալը կարելի է որոշել իրար հետ աշխատելով ու համագործակցելով, մանավանդ որ դրա փորձն էլ ունենք: Բայց երբ մի դուրսպրծուկ ամեն ինչ փչացնում է, արդեն չգիտես ինչ անել կամ ինչ մտածել` արդյոք ՕԵԿ-ի վերին հարկի հետ կապված ամեն ինչ նորմա՞լ է:




Առջեւում քաղաքական աշունն է: Դատելով ամեն ինչից` բավականին թեժ է լինելու, Սերժ Սարգսյանի բոլոր աշունների նման: Ես չգիտեմ` արժե՞, որ այդ աշնանը ՕԵԿ-ը ներկայանա որպես ավտոմեքենայի «զապաս» անիվ: Ժամանակը չէ՞ մտածելու ընդդիմադիր կուսակցության ծրագիր ունենալու մասին, թե՞ մտադիր են, ինչպես իրենց խոսնակն է արտահայտվել` «անընդհատ կրկնվող, ժանգոտած ու բթացած, ոտքի տակի փալասի նման արդեն վաղուց քայքայված ու PR ազդեցությունը կորցրած» արգումենտներով մտնել պայքարի թատերաբեմ:




Ավարտելով` ուզում եմ նաեւ հավատացնել ՕԵԿ-ին, որ վաղուց արդեն առանձնապես շատ էլ չեն վճարում ՕԵԿ-ին քննադատող հոդվածներ գրելու համար: Եվ, առհասարակ, քննադատական խոսքն իր երբեմնի արժեքը չունի: Ցավոք, այն մեզանում այսօր ընկալվում է որպես գաղջ մթնոլորտ ստեղծելու գործիք: Օրերս մի դիտարկում փորձեցի կատարել, եւ ահա թե ինչ պարզվեց. Կոնչիտայի մասին երկտեղանի լուրերի ռեյտինգը մի քանի անգամ գերազանցում է հայաստանյան մոտ 80 քաղաքական ուժերի ռեյտինգը միասին վերցրած: Թույլ տվեք ասել, որ սա նորմալ չէ եւ արդյունք է գաղջությունը քննադատությունից չտարբերելու:




Հարգանքներով առ ՕԵԿ գործընկերներս`



 Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ