Վրաստանը տարածաշրջանում վարում է թրքամետ քաղաքականություն
Վրաստանի 31 տարեկան վարչապետ, այդ երկրի փաստացի առաջնորդ Իրակլի Ղարիբաշվիլու այցի երկու օրերին էլ կողմերը խոսում էին հարեւան երկրների բարիդրացիական հարաբերությունների զարգացման մասին: Բայց բարեկամ երկրների միջեւ անցագրային ռեժիմ մտցնելու Վրաստանի կառավարության մտադրության մասին զրույցը դուրս մնաց օրակարգից, հակառակ սպասվածի: Այս հարցը մեծ աղմուկի տեղիք տվեց, հատկապես վիրահայության շրջանում: Քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը, որն ուսումնասիրել է այն, կարծում է, որ տագնապելու կարիք չկա:
- 2014 թվականի սեպտեմբերի 1-ից Վրաստանում արտասահմանյան բոլոր քաղաքացիներից պահանջվելու է անցագիր, վիզա ստանալ: Ի՞նչ սահմանափակումների մասին է խոսքը:
- Ինչքան տեղյակ եմ, անցագրային ռեժիմով սահմանափակվելու է Հայաստանի քաղաքացիների Վրաստանում մնալու ժամկետը: Այն լինելու է տարեկան 180 օր: 3 ամսով մտնում ես, դուրս ես գալիս եւ էլի 3 ամսով կարող ես մտնել: Դրանից հետո պետք է տարին փոխվի, նոր իրավունք ստանաս կրկին մուտք գործելու Վրաստան:
- Վիզային ռեժիմը վերաբերելու է նաեւ այլ երկրների քաղաքացիների: Ուզում եմ հասկանալ, թե դա ինչ բացասական դեր կարող է ունենալ մեր քաղաքացիների համար:
- Եթե խնդիրը վերաբերում է զուտ Վրաստանում գտնվելու ժամկետներին, ապա ես խնդիր չեմ տեսնում ՀՀ քաղաքացիների համար: Չեմ կարծում, որ նրանք 180 օրից ավելի տարեկան մնում են Վրաստանում: Իսկ երկքաղաքացիություն ունեցող անձինք, այսինքն՝ Վրաստանի եւ Հայաստանի անձնագիր ունեցողները, ինչքանով որ ես տեղյակ եմ, առաջնահերթ ստանում են Վրաստանի քաղաքացիություն, այնուհետեւ, որպես երկրորդ քաղաքացիություն, ստանում են ՀՀ քաղաքացիությունը: Առաջնահերթ նրանց համար համարվում է Վրաստանի քաղաքացիությունը: Այս պարագայում սահմանափակումները չեն տարածվելու երկքաղաքացիություն ունեցող վիրահայերի վրա: Բայց կարող են լինել վրաստանաբնակ հայեր, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն եւ հրաժարվել են Վրաստանի քաղաքացիությունից: Նրանց համար գուցեեւ խնդիր առաջանա, թեեւ սրանք եզակի դեպքեր են լինելու, եւ մեծ հաշվով որեւէ վտանգ այս տիպի ռեժիմ մտցնելու՝ ես չեմ տեսնում: Բայց եթե այն ուղեկցվի ինչ-որ մուծումներով, այլ սահմանափակումներով, այստեղ կարող է խնդիր առաջանալ: Այն դեպքում, երբ որ քո ապրանքաշրջանառության 70 տոկոսից ավելին կատարվում է Վրաստանի տարածքով, ցամաքային ուղեւորափոխադրումները կրկին անցնում են Վրաստանի ճանապարհով, սա կարող է իրոք խնդրահարույց լինել:
- Հնարավո՞ր է, որ ԵՄ-ն պահանջի, որ Հայաստանի նկատմամբ խստացվի ռեժիմը: Եվ Վրաստանի վարչապետի հետ ոչինչ չկարողացան պայմանավորվել հենց այս պատճառով:
- Կարծում եմ՝ չի կարելի բացառել, որ ապրանքաշրջանառության հետ կապված, որոշակի խնդիրներ առաջանան, որովհետեւ իրար հակասող, իրար հետ մրցակցող տնտեսական գոտիներում են գտնվում Հայաստանն ու Վրաստանը: Հետեւաբար, եւ ԵՄ կողմից տրամաբանական կլինի նման սահմանափակումների կիրառումը: Նաեւ ՀՀ-ն, որպես Մաքսային միության պոտենցիալ անդամ, ինքն էլ, ասենք, բարձրացնելու է Վրաստանից ներկրվող ապրանքների տոկոսադրույքները:
- Այսինքն, մե՞նք էլ խաղալու տեղեր ունենք:
- Չեմ կարծում, որովհետեւ մեր տնտեսական կախվածությունը Վրաստանից մի քանի անգամ ավելի է, քան նրանց կախվածությունը Հայաստանից, որը չնչին չափերի է: Խնդիրը քաղաքական լուծում է պահանջում, իսկ այն, որքան էլ պարադոքսալ է, հիմնված է տնտեսական բաղադրիչների վրա: Վրաստանը տարածաշրջանում վարում է խիստ ընդգծված թրքամետ եւ ադրբեջանամետ քաղաքականություն: Պաշտպանության նախարարների վերջին հանդիպումը Նախիջեւանում դրա վառ վկայությունն էր: Ընդհանուր առումով, նրա քաղաքականությունն ամենեւին էլ չի բխում Հայաստանի շահերից:
- Ինչո՞վ մենք կարող ենք զսպել Վրաստանին:
- Միմիայն տնտեսական ինտերվենցիա անելով Վրաստան, որի համար պետք է հնարավորություն ունենանք, տնտեսություն ունենանք, բայց ոչ տնտեսություն ունենք, ոչ էլ հնարավորություն, քանի որ ՀՀ իշխանությունների համառ ջանքերով մեր տնտեսությունը վերածվել է ավերակների: Եվ այս ավերակների պայմաններում մտածել, որ կարող ենք տնտեսական ինտերվենցիա կազմակերպել Վրաստան՝ միամտություն է:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարծիքներ