Մանախին հեռացրին դատարանի դահլիճից
Արթուր Այվազյանին՝ Մանախին, 1 տարի է մնացել նստելու: Նա սպանության համար 14 տարվա ազատազրկման է դատապարտվել, բայց իրեն քաղբանտարկյալ է համարում եւ վիրավորվում է դատավորներից, որոնք իրեն այլ կերպ են դիմում: ՀՀ պատմության մեջ Մանախը կմնա պետական մարմիններ եւ ԶԼՄ-ներ ուղարկած բողոքների թվով:
Մի քանի անգամ նա դիմել է պատժի կրումից վաղաժամկետ ազատման պահանջով, բայց անընդհատ մերժվել է: Հուլիսի 1-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն հերթական անգամ մերժեց Արթուր Այվազյանին՝ համապատասխան միջնորդագիր ներկայացնել, եւ նա այս որոշման դեմ բողոք ներկայացրեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան: Երեկ դատարանն սկսեց քննել այն: Սովորաբար դատավորներն աշխատում են Մանախի բողոքները քննել նրա բացակայությամբ, քանի որ արդեն գիտեն՝ եթե Արթուր Այվազյանը դահլիճում է, ապա սկանդալն անխուսափելի է: Այս անգամ, որքան էլ զարմանալի է, նրա ներկայությունն ապահովել էին:
Բայց սկանդալը պայթեց նիստի առաջին իսկ րոպեներին, երբ դատավորը հարցրեց, թե արդյոք կա՞ դատավորի ինքնաբացարկի միջնորդություն: «Դուք կարո՞ղ եք հայտարարել, որ դուք ծանոթ եք իմ քրեական գործի նյութերին»,- հարցրեց Արթուր Այվազյանը: «Հաշվի առնելով, որ իրավաբանությունը մարդկային ողջախոհ տրամաբանության կիրառումն է». Այվազյանը 20 րոպե շարունակ բացատրում էր դատավորին, որ վերջինս չի կարող քննել իր բողոքը, քանի որ ծանոթ չէ իր անձնական գործին: Բանն այն է, որ Մանախի գործը 44 հատորից է բաղկացած եւ 12 հազար 564 էջից, իսկ դատավորին ՔԿՀ-ից ուղարկել են ընդամենը 6 հատոր: Դրանք վերաբերում են Այվազյանի ազատազրկման սկզբնական շրջանին միայն: Դատավորը մերժեց միջնորդությունը, սակայն հայտնեց, որ կպահանջի անձնական գործին կից հատորները: Նա խնդրեց, որ Արթուր Այվազյանը նստած լսի նիստը, բայց վերջինս ոչ մի կերպ չէր ուզում նստել: Դատավորն անհարգալից վերաբերմունքի համար նրան նախազգուշացում տվեց, իսկ Արթուր Այվազյանն ասաց, որ դատավոր Վարդանյանի դեմ բողոք կուղարկի արդարադատության խորհուրդ: Դատավորը Մանախին 2 ժամով դահլիճից հեռացնելու սանկցիա կիրառեց եւ հետաձգեց նիստը:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարծիքներ